Վերջերս լիբանանահայ երգիչ Գեւորգ Հաճյանը առաջին անգամ կատարեց մի երգ, որի բառերը գրել էր լիտվացի բանաստեղծ Էդվարդաս Մեժելայտիսը: Դեռ 1980թ. բանաստեղծի «Քարե գինի» բանաստեղծությունների ժողովածուի մեջ կար մի բանաստեղծություն, որը նա նվիրել էր Երեւանին: Հայասեր բանաստեղծն այն վերնագրել էր` «Իմ Երեւան»: Այնուհետեւ բանաստեղծին սկսեց գրավել Նարեկացու «Մատյան ողբերգությունը», որը նա համեմատում էր Բախի խորալների հետ: Իսկ «Լա մինորը», որը բանաստեղծն անվանում է ապրիլի 24 (Ապրիլի 24… Ես քո անունն եմ դրել Լա մինոր), ծնվեց հենց Ծիծեռնակաբերդում:
Այս մասին նաեւ ասվում է երգի տեքստում` «Հուշարձանի մոտ հոգուս սպիտակ վարդերն եմ բացել»: Սա, ինչպեսեւ նրա «Քարե գինին», թարգմանել է Վահագն Դավթյանը: Եվ շատ կարճ ժամանակամիջոցում` ընդամենը երեք օրվա ընթացքում, Դանիել Երաժիշտը գրեց երաժշտությունը: «Այսօր օրախնդիր է հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս իմաստով մտավորականներն ու արվեստագետները բացառապես առաջ են, քանի որ նրանք ընդունում են ցեղասպանությունն առանց դիվանագիտական խաղերի»,- մեզ հետ զրույցում նշեց Դանիել Երաժիշտը եւ ավելացրեց, որ երգը գրելուց հետո արդեն ակնհայտ էր, որ այն պետք է կատարեր Գեւորգ Հաճյանը: Դանիել երաժշտի բնորոշմամբ` Գեւորգ Հաճյանը հայոց ճակատագրի երգիչ է: «Իմ նախնիներն էլ զոհ գնացին ապրիլի 24-ին: Պատկերացնո՞ւմ եք, երբ 1.5 միլիոն մարդ հավաքվի, ի՞նչ պետք է ըլլա»,- ասում է լիբանանահայ երգիչը: Նա արդեն 4 տարի բնակվում է Երեւանում: Հայաստանում տիրող բարքերը երգչին շատ են մտահոգում: Գեւորգ Հաճյանն արդեն նկատել է, որ հայ աղջիկներին արված լավագույն հաճոյախոսությունը նրան օտարերկրացուն նմանեցնելն է: «Այսօր համաշխարհայնացմանը կուլ կերթանք: Եթե 12 քաղաքացու կանգնեցնես իրար կողքի, ապա կտեսնես, որ բոլորն իրար նման են»,- նշում է երգիչ Գեւորգ Հաճյանը: Ըստ նրա` Հայաստանում առաջացած օտարամոլության պատճառը քիչ տեղեկացված լինելն է: Երբ ինչ-որ մեկը, լսելով իսպանացու մասին, անմիջապես պատկերացնում է պարեր, ցլամարտ, մինչդեռ մենք, երգչի համոզմամբ, մոռանում ենք, որ դրանք իսպանացու ազգայինն են: Երգիչը ցավով է նկատում, որ մենք շատ անգամ մոռանում ենք մեր ազգային արժեքների մասին: «Հայաստանում կա ազգային հեռուստատեսություն, ռադիո, բայց այստեղ ճիշտ կլինի, որ այդ «ազգային» բառը հանեն: Եթե հանեն, կապացուցվի իրենց սերիալներով, շոու-բիզնեսով, տեսահոլովակներով, որտեղ ոչ մի ազգային բան չկա»,- ասում է երգիչը` նորից վերադառնալով «Լա մինորին», որտեղ լիտվացի բանաստեղծն անկեղծորեն զգում է հայոց վիշտը ու այն անվանում «Լա մինոր», որն, ի դեպ, Դանիել Երաժշտի կողմից վարանվանվել է «Ապրիլի 24»: