«Շենք սարքելուց առաջ նախ պետք է անտառ տնկենք»

23/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Այսպես է մտածում ամերիկացի ճարտարապետ Մայքլ Կարապետյանը (Michael Carapetian), ով մեր մոլորակի տարբեր անկյուններում իր հեղինակային հետքն է թողել: Նրա նախագծերով օդակայան, շենքեր, թանգարաններ, առանձնատներ են կառուցվել: Նա ակնածանքով է մոտենում Հելսինկիում, Օսակայի, Վենետիկի ու Լոս Անջելեսի համար նախագծած իր կառույցների լանդշաֆտին: Եվ բնությանը նույն խնամքով ու պատասխանատվությամբ վերաբերվելու անհրաժեշտության մասին է ահազանգում Երեւանում:

Այս օրերին Երեւանում անցկացվող Ճարտարապետների համահայկական համաժողովը լի է գեղեցիկ ճառերով ու իդեալիստական ցանկություններով: Եվ որպեսզի բարձր հովանու տակ իրագործվող եւ 200-ից ավելի հայազգի ճարտարապետների համախմբած համաժողովը զուտ դեկլարատիվ հանդիպում չմնա, հարկ է իրապես նոր հայացք նետել մեզ շրջապատող միջավայրին: Այլ հողի վրա կայացած ու այլ մշակույթի եւ ավանդույթների կրող մարդիկ կարող են մեզ օգնել թարմացնելու համար մեր հայացքը, որը վաղուց արդեն փոշոտել ու կարծրացել է: Եվ շատ դեպքերում հենց Հայաստանի միջավայրից դուրս ձեւավորված մարդիկ կարող են «բացել» մեր աչքերն ու Երեւանի փրկության նախագիծ իրագործել: Համենայնդեպս, հայազգի ճարտարապետ Մայքլ Կարապետյանն այն մասնագետներից է, ով կարող է համաժողովի «Հայկական ճարտարապետությունը եւ 21-րդ դարը» խորագիրը լոզունգից կոնկրետ աշխատանքի վերածել:

– Պարոն Կարապետյան, արդյոք այս համաժողովը կկարողանա՞ դառնալ գործնական հարթակ, թե՞ պաշտոնական ու գեղեցիկ ճառերով կավարտվի:

– Երբ ճարտարապետ Նարեկ Սարգսյանից այս համաժողովին մասնակցելու առաջարկը ստացա, ասացի, որ պիտի գամ ոչ թե ճառեր լսելու, այլ` խոսակցություն վարելու նպատակով: Ես ճառերի պետք չունեմ: Բայց մինչ այսօր մենք միայն ելույթներ ենք լսում ու ոչ մի լուրջ խոսակցություն չի եղել: Եթե կոնկրետ բանավեճեր լինեն, շատ լավ կլինի, իսկ եթե` ոչ, կարծում եմ՝ համաժողովն օգուտ չի տա: Ես շատ եմ պրոֆեսիոնալ բանավեճեր սկսել:

– Ազգային ոճ հասկացությունը ճարտարապետության մեջ ինչպե՞ս է դրսեւորվում:

– Ազգային ոճը շատ անհասկանալի բան է: Հիմա ազգային են համարվում Թամանյանի կամարաձեւ լուծումները: Բայց մենք մոռանում ենք, որ Թամանյանը պարզապես ուսումնասիրել է կամարն ու կամարի որոշ մոտիվները գործածել է իր կառույցներում: Մեկ անգամ դա շատ հաջող փորձ եղավ, բայց հո չե՞նք կարող այդ լուծումներն անընդհատ շարունակել: Հայաստանում ազգային մոտեցում է համարվում նոր եկեղեցիների կառուցումը: Եվ ես վստահ եմ, որ ժողովուրդը հիմա նոր եկեղեցիների կարիքը չունի, ժողովուրդը կոմֆորտ է փնտրում: Ինձ միշտ հետաքրքրել են այն կառույցները, որոնք ժողովուրդը ինքն է սարքում: Ասենք, վերցնում է սովետական բլոկներն ու փորձում է հարմարեցնել իր կենցաղին, իր ցանկություններին: Այդ կառույցները շատ հետաքրքիր մտորումների առիթ են տալիս: Նայեք փակ պատշգամբներին ու կտեսնեք, թե որն է ազգային ճարտարապետությունը:

– Դուք նախագիծ եք առաջարկում Երեւանի փոքր կենտրոնում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցու շրջակայքը վերափոխելու համար: Ձեր նախագիծը հավակնոտ ու բարձրահարկ կառույցներ չի նախատեսում: Սակայն կա մեկ այլ նախագիծ, որի ծավալն ու մասշտաբը կարող են ուղղակի կործանել Երեւանի արտաքին տեսքը: Ու կարծես թե հենց այդ նախագիծն է ընդունվելու, թեեւ այն չի կարելի, մեղմ ասած, լավ նախագիծ համարել:

– Սուրբ Կաթողիկեն երկար տարիներ թաքնված է եղել շենքերի արանքում, իսկ հիմա բացվել է ու «մերկ» է մնացել: Այդ եկեղեցին խորհրդավոր օբյեկտ է, որը պաշտպանության կարիք ունի: Իսկ Հայաստանի ճարտարապետներն առաջարկում են դրա ետեւում ավելի մեծ եկեղեցի կառուցել, նաեւ հսկա մի շինություն ձգել, որտեղ հանդիպման սրահներ, գրադարաններ կլինեն ու կտեղակայվի կաթողիկոսի գրասենյակը: Փոքր եկեղեցին պատճենահանվելու է ու հինգ անգամ ավելի մեծ չափ ստանալով` կանգնեցվելու է Կաթողիկեի կողքին: Իսկ դա ճարտարապետական խնդիր չէ, դա դեկորացիա է դառնում: Արհեստական մեծացում է, եւ ոչ ավելին:

– Նաեւ չափազանց ծանրաբեռնում է փողոցը, հազիվ մի բաց հատված է հայտնվել, որը կարելի է ազատ պահել նոր շենքերից: Վստահ եմ, որ երեւանցիները` ծանոթանալով կողք կողքի երկու եկեղեցի ունենալու գաղափարի հետ, իրենց դժգոհությունը կարտահայտեն: Դուք այդ խնդիրների մասին խոսելո՞ւ եք համաժողովի ընթացքում:

– Ես երեկ ասում էի, որ այս պրոյեկտը պետք է կանգ առնի, ու ժողովուրդն իմանա, թե ինչ է նախատեսվում կառուցել: Պետք է ճիշտ ու պրոֆեսիոնալ խոսակցություններ սկսվեն ու նոր նախագծի մրցույթ հայտարարվի: Եվ չի կարելի հսկա մի նոր եկեղեցի կառուցել, որի անունը Սուրբ Աննա է լինելու: Դա միգուցե 18-րդ դարի լուծում կարող է լինել, բայց դա հաստատ 21-րդ դարի մտածողություն չէ, քանի որ մենք տեսադաշտից հանում ենք գեղեցիկ պատմական հուշարձանը, ծածկում ենք այն մեծ եկեղեցիով: Ախր դա Դիսնեյլենդ կդառնա: Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորող Հրայր Հովնանյանին ես ասել եմ, որ դա սխալ որոշում է, զրուցել եմ նաեւ կաթողիկոսի հետ: Բոլորովին չեմ ուզում կոնֆրոնտացիայի մեջ մտնել հայ ճարտարապետների հետ, բայց գիտեմ մի բան. Կաթողիկե եկեղեցին պաշտպանության կարիք ունի:

– Իսկ ինչպե՞ս այն կարելի է պաշտպանել:

– Ծառերով ու թեթեւ կառույցներով: Եթե եկեղեցին սուրբ օբյեկտ է, պետք է որոշակի ուրվագծել եկեղեցու տարածքը, իսկ կողքը ազատ գոտի թողնել, նստատեղերով այգի կառուցել: Ես ասացի Հրայր Հովնանյանին, որ եթե ուզում է օգնել եկեղեցուն, ապա կարող է ամեն կիրակի Երեւան հրավիրել Գեղարդի երգչախումբը, որը մեր հրաշալի պատարագը կկատարի: Վերջիվերջո, եթե ուզում ենք մեր քրիստոնյա լինելն ընդգծել, բնավ հարկավոր չէ եկեղեցի սարքել: Երաժշտությունն ինքնին արդեն սրբության փոխանցողն է: Իսկ ծառն ու խոտը ուղղակի օդի պես անհրաժեշտ են Երեւանին: Ես իմ նախագիծը ստեղծելով, որոշել էի եկեղեցու տարածքը ծալվող կտուրով պատել, որի վրա արեւի էներգիայի կլանիչներ կտեղադրվեն, որպեսզի հնարավոր լինի ծառերը ձմռանը պահել ու տաքացնել: Կարող ենք այնքան էներգիա ակումուլյացնել, որ մինչեւ անգամ եկեղեցու կողքի շենքերին էլ հերիք կանի: Կարծում եմ, որ նույնիսկ, եթե չեն ուզում իմ նախագիծն ընդունել, ապա կարող են մի քանի տարի այն թեթեւ շինարարական հնարքներով ցույց տալ, որպեսզի մարդիկ սովորեն քաղաքի մեջ ծառերի արանքում գտնվող եկեղեցու միջավայրին: Ու համոզվեն նաեւ, որ արեւի էներգիան կարող է շատ պիտանի լինել:

– Մենք շատ ժամանակ ու միջոցներ ենք կորցրել, ու բավականին տձեւացրել ենք մեր քաղաքը: Երեւանի դիմագիծը կստացվի՞ փրկել։

– Իհարկե, հենց հիմա էլ կարելի է միջամտել քաղաքաշինությանը:

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ վրա է հարկավոր հիմա ուշադրություն դարձնել: Եվ ի՞նչ պրոյեկտներ եք այստեղ իրականացնելու:

– Ես շատ հետաքրքրված չեմ Հայաստանի շինարարությամբ, հետաքրքրված եմ լանդշաֆտով: Արդեն շատ շինարարություն է արվել եւ հիմա էլ արվում է, բայց Երեւանում չի զարգանում լանդշաֆտային ճարտարապետությունը: Ծառերի մի մասն արդեն կորցրել ենք, մյուս մասը մեր աչքի առջեւ է կորչում: Ծառ տնկելը պետք է համակարգված լինի ու քաղաքի կոնտեքստում դրվի: Երեւանն անարխիկ կերպով է զարգանում, ով ինչ ուզում` սարքում է: Կամ ուժով են սարքում, կամ էլ` անօրինական ձեւով, համակարգ չկա: Բարեբախտաբար, դեռ մնացել են ծառերը, որոնք սովետական ժամանակների փիլիսոփայությունն են կրում: Սովետը ամեն տեղ միլիոնավոր հսկա ծառեր էր տնկում: Երեւանի իմ առաջին հիշողությունն, օրինակ, հենց հաստաբուն կանաչ ծառերն են եղել: Եվ հիմա ուզում եմ իմ կանաչապատման նախագիծն այստեղ իրականացնել: Արդեն խոսել եմ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ:

– Ձեզ լիարժեք ինքնուրույնություն տրվելո՞ւ է: Հակառակ դեպքում` տխուր պատկեր կստացվի:

– Յուրաքանչյուր գործում պետք է ընդամենը մեկ տեսանկյուն լինի: Եթե Թամանյանը չունենար իր սեփական տեսանկյունը, ոչինչ ստեղծել չէր կարողանա, դեմոկրատիկ որոշումները միայն կխանգարեին իրեն: Տարբեր կոմիտեների տեսանկյունները երբեք իրատեսական չեն լինում, ուժ ունենում է միայն անհատական հայացքը: Շատ ուժեղ հայացքի ու կամքի տեր մարդ է եղել նաեւ Մարկ Գրիգորյանը, ով զբոսայգիների տարբեր նախագծեր է արել: Ու թեեւ ես Մարկ Գրիգորյանի պես նեոկլասիցիստ չեմ, բայց ուզում եմ նրա գործի վրա հիմնվել: Եվ համոզված եմ, որ քաղաքը փրկելու միակ ձեւը ծանր լանդշաֆտ ստեղծելն է: Փոքր ծառերը Երեւանը չեն փրկի: Հյուսիսային պողոտան, օրինակ, ոչ մի ծառ չունի: Արդեն մի նախագիծ եմ արել, որտեղ ընդգրկել եմ այն ծառատեսակները, որոնք համ հովանոցի դեր կարող են կատարել, համ էլ աշնանը գեղեցիկ գունային ֆոն կստեղծեն: Եվ, իհարկե, պետք է մտածել նաեւ ձմռանը այդ պողոտան զբոսանքի համար պիտանի դարձնելու մասին, քանի որ քարե հատակը սարսափելի սառցապատվում է: Եվ նորից պետք է հիշել արեւի էներգիայի մասին, որը կարող է ուղղվել քարը ջերմացնելու համար: Իսկ դա շատ հեշտ գործ է: Հասկանում եմ, որ մարդիկ հիմա շատ են քննադատում Հյուսիսային պողոտայի արտաքին տեսքը, բայց պետք է ընդունենք, որ այդ տարածքն այլեւս փոխել չենք կարող: Այն փաստ է դարձել, իսկ մենք կարող ենք միայն լավացնել այն:

– Սովորաբար բոլոր կառույցները կենտրոնանում են Երեւանի կենտրոնում: Իսկ ինչո՞ւ դատարկ ու ամայի մի վայրում չի ստեղծվում ամբողջովին նոր մի հատված:

– Կարծում եմ, դրան էլ կհասնի հերթը: Կհասկանանք, որ ճարտարապետությունը ոչ միշտ է շենքից սկսվում, հաճախ այն սկսվում է ճիշտ տեղում ճիշտ ծառ տնկելուց: Մանավանդ հիմա, ճգնաժամի պայմաններում, պետք է հենց ծառերից սկսենք: Ես հիմա աշխատելու եմ նման նախագծով բնակավայր եւ պարտեզներ ստեղծել: Մի տարածք կա Աշտարակ տանող ճանապարհի վրա, որտեղ միայն էլեկտրական սյուներ են, ժայռեր, շինությունների ֆունդամենտներ ու ուրիշ ոչինչ: Այդ տարածքում պիտի նոր մի վայր կառուցեմ: Եվ առաջին քայլս լինելու է այն, որ սյուները փակելու եմ ծառերով, 4 շարքով 150 բարդիներ ենք տնկելու: Իսկ ժայռի հատվածը ամբողջովին ծածկելու ենք հայկական բույսերով: Եվ հետո պետք է պտղատու ծառեր տնկենք, եւ միայն դրանից հետո տներ կսարքենք:

– Այսինքն` տունը կառուցվելու է ծառերի շո՞ւրջը, եւ ո՞չ հակառակը:

– Այո, եւ տները պիտի գյուղական տներ լինեն: Ես մի լավ խորհրդատու ունեմ, որն ապրում է Գառնի գյուղում: Դա մի երիտասարդ կին է, ով ինքն է իր տունը կառուցել ու շատ հետաքրքիր ու ճիշտ հաշվարկներ է արել իր տան ամեն մի հատվածի համար: Հայաստանում ջուրը ու էներգիան կուտակելու ու գործածելու պետք ունենք, հարկավոր է օգտագործել ձյունն ու անձրեւը, այդպես են անում գյուղական տներում: Եվ մենք էլ այնպես կանենք մեր դիզայնը, որ ջուրն ու արեւի էներգիան շրջապտույտի մեջ դրվեն: Տունը այգու մեջ կառուցելուց հետո, անպայման պետք է մտածել փոքր գյուղատնտեսական շուկաներ բացելու մասին: Տեսնում ենք, որ ճանապարհի եզրերում միրգ ու բանջարեղեն է վաճառվում: Այդ ամենը կարող է փոքր մարկետներում վաճառվել, այդպես ավելի մաքուր ու օգտավետ կլինի: Նաեւ` փոքր բիզնես կդառնա ապրողների համար: Երբ զրոյից ես բնակավայր կառուցում՝ պիտի հաշվի առնես մարդկային ռիտուալները ու նոր որակի ժամանցի հնարավորություն տաս:

– Հիմա Հայաստանում ֆերմերների շուկաները իրենց տեղը զիջում են սուպերմարկետներին:

– Գիտեմ, իսկ Ամերիկայում հիմա «Ֆերմերների շուկաներ» մեծ ցանց կա: Եվրոպայում էլ է այդպես: Եվ այդ շուկաները հայկական հողի վրա պիտի շատ լավ աշխատեն: Եվ շենք կառուցելուց առաջ, նախեւառաջ, պիտի էներգիա ստանանք, անտառ տնկենք ու շուկա կառուցենք։

նկ 1. Եթե ընդունվի այս նախագիծը, ապա Սայաթ-Նովա ու Աբովյան փողոցների խաչմերուկում վեր կհառնի Սուրբ Կաթողիկեի 5 անգամ մեծացրած հրեշ-կրկնօրինակը, որը ոչ միայն կծանրաբեռնի Երեւանի կենտրոնը, այլեւ` կրկին կիմաստազրկի խորհրդային տարիների բոհով անցած ու այսօրվա հավակնոտ ծրագրերի զոհ դարձող փոքր ու գեղեցիկ Սուրբ Կաթողիկեն: Եկեղեցին ուղղակի կուլ կգնա` այդպես էլ չփայլելով անկախ Հայաստանում:

 

նկ2. Ֆլորենցիայում հանրությանը ցույց տալու համար վերանորոգվող եկեղեցու վերջնական տեսքը` մի քանի տարի շարունակ եկեղեցու պատին լուսային էֆեկտներով ուրվագծել են սպասվելիք նախագիծը: Եվ ֆլորենտացիները իրենք են որոշել` ինչպիսի տեսք պիտի ստանա եկեղեցին: Իսկ Սուրբ Կաթողիկեի շուրջ սպասվող կառուցապատման մասին երեւանցիները անտեղյակ են։