Հակաբեղմնավորիչների ժամանակակից մեթոդներ

23/04/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Հակաբեղմնավորման բարիերային մեթոդ

Հակաբեղմնավորման բարիերային մեթոդը համարվում է ամենատարածվածն ու հայտնին: Վերջին 20 տարվա ընթացքում ի հայտ եկած նոր մեթոդները ստվերում են թողել բարիերային մեթոդը: Չնայած բարդությունները, հակացուցումներն ու սեռավարակները, որ առաջ են գալիս ժամանակակից հակաբեղմնավորիչների (կոնտրացեպտիվ) գործածության արդյունքում, ստիպում են ավելի կատարելագործել հակաբեղմնավորման բարիերային մեթոդը:

Առանձնացնում են բարիերային կոնտրացեպտիվների կանանց եւ տղամարդկանց բարիերային միջոցներ: Այս միջոցի առավելությունն այն է, որ գործածությունն ու ազդեցությունը տեղային է եւ համակարգային փոփոխությունների պատճառ չի հանդիսանում, իսկ սրանց կողմնակի էֆեկտներն էլ ավելի քիչ են: Այս միջոցը գրեթե հակացուցումներ չունի, բացառությամբ ալերգիաների: Դրանց գործածությունը թույլատրելի է կրծքով կերակրելու ժամանակ, քանի որ այն չի ազդում ոչ կաթի քանակի եւ ոչ էլ որակի վրա: Այն նաեւ ցուցված է գործածել, երբ հակացուցումներ կան օրալ կոնտրացեպտիվների վերաբերյալ:

Հակաբեղմնավորիչ միջոցներից է հեշտոցային դիաֆրագման: Իհարկե, այս միջոցի գործածությունը պետք է լինի բժշկի խորհրդով, իսկ առավելությունը դիաֆրագմայի բազմանգամյա գործածության մեջ է: Հակացուցումների մասին պետք է անպայման տեղեկանալ մասնագետից, իսկ որպես կողմնակի ազդեցություն՝ կարող են ի հայտ գալ միզուղիների բորբոքումներ:

Մի քանի երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում լայն տարածում ունի հեշտոցային սպունգ տեսակի հակաբեղմնավորիչ միջոցը, որը տեղադրվում է արգանդի վզիկի վրա: Այն կարելի է տեղադրել սեռական ակտից 1 օր առաջ եւ թողնել մոտ 30 ժամ:

Պահպանակը գոյություն ունեցող միակ միջոցն է, որ օգտագործվում է տղամարդկանց կողմից: Պահպանակի ապահովությունը կազմում է 80 տոկոս: Այս միջոցի կողմնակի ազդեցությունների հետեւանքը կարող է լինել սեռական ցանկության նվազում պարտնյորների` զուգընկերների մոտ, հնարավոր է ալերգիա` լատեքսային ռետինից, եւ այլն: Սակայն մի կողմից էլ՝ վերջինիս գործածությունը դժվարություն չի ստեղծում:

Հակաբեղմնավորիչների քիմիական միջոցներ` սպերմիցիդներ: Սպերմիցիդների ազդեցության մեխանիզմը կայանում է սերմնահեղուկի ինակտիվացիայի եւ արգանդ ներթափանցելուն արգելք հանդիսանալու մեջ: Դրանք, կարելի է ասել, վայրկյանների ընթացքում կործանարար ազդեցություն են ունենում սպերմատոզոիդների վրա: Սպերմացիդները արտադրվում են քսուքների, գելերի, փրփուրային աէրոզոլների, հալող մոմիկների եւ հաբերի տեսքով:

Գոյություն ունի կոնտրացեպցիայի կենսաբանական մեթոդ` ռիթմային կամ օրացուցային: Այս դեպքում պետք է անպայման պահել դաշտանային ցիկլի օրացույց, նշել ամենակարճ ու ամենաերկար դաշտանային ցիկլի օրերը եւ հետեւել օվուլացիոն օրերին, եւ ըստ այդմ էլ սեռական կյանք վարել:

Շատ են հորմոնային հակաբեղմնավորիչները: Դրանք, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից` ունեն նաեւ բուժական նշանակություն, հետեւաբար՝ միայն մասնագետը կարող է որոշել, թե դրանցից որն է ձեզ համապատասխանում: Կա դեղամիջոցների հատուկ խումբ, որ նախատեսվում է միայն հետծննդյան շրջանի համար:

Կիրառվում են նաեւ հակաբեղմնավորիչների ներարգանդային միջոց` պարույրներ, որոնց վստահության ժամկետի համար պետք է խորհրդակցել տեղադրող բժշկի հետ: Իհարկե, այս դեպքում պետք է բացառել վարակիչ-բորբոքային երեւույթները, նորագոյացությունները, արգանդի վզիկի ախտահարումները:

Շատ կանայք, որպես հակաբեղմնավորիչ, օգտագործում են կենցաղային նյութեր` բորաթթու, կերակրի քացախ, կիտրոնաթթու: Սա անթույլատրելի է, որովհետեւ հետեւանքները կարող են անդառնալի լինել:

Ժամանակի ընթացքում հակաբեղմնավորիչները հանգեցնում են ձվարանների եւ արգանդի գործառույթների խանգարման, աստիճանաբար անդրադառնալով նաեւ այլ գեղձերի աշխատանքի վրա: Այսինքն՝ ցանկացած եղանակի երկարատեւ կիրառումը կարող է այդ երեւույթներն ավելի խորացնել: Հետեւաբար, դրանց ընտրությունը պետք է կատարի բժիշկը: Մեր կանանց շրջանում բավականին մեծ թիվ են կազմում հորմոնալ խանգարումներ, նորագոյացություններ, վարակիչ ու բորբոքային խնդիրներ ունեցողները: Այս հանգամանքը պարտադրում է հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարել մանրամասն հետազոտություններից հետո` սեփական օրգանիզմը չվնասելու համար: Եվ վերջապես, հակաբեղմնավորիչների կիրառումը սեփական օրգանիզմի բնական ռիթմի յուրահատուկ խաթարում է, ուստի դա պետք է անել խելացի ու հետեւողական:

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հակաբիոտիկներն օրգանիզմի վրա

Հակաբիոտիկները բնական եւ կիսասինթետիկ նյութեր են, որոնք վերացնում են միկրոօրգանիզմներն ու կանխում դրանց բազմացման հնարավորությունը: Դրանք ուղղված են վերացնելու ախտածին օրգանիզմները: Հակաբիոտիկներն ընդունակ են վերացնելու միայն բջջային օրգանիզմներ` սնկեր, բակտերիաներ, իսկ վիրուսների դեմ, որ իրենցից ներկայացնում են բջջի մի մաս` պարզապես անզոր են: Հակաբիոտիկները կարող են քայքայել բակտերիայի բջիջների պատերը եւ արգելափակել դրանք վերականգնող ֆերմենտները, կարող են կանգնեցնել բջիջում տեղի ունեցող կենսաբանական պրոցեսները, քայքայել բակտերիաների մեմբրանային թաղանթը: Հակաբիոտիկներն ազդում են ընտրողաբար եւ, որքան մեծ է ընտրելու հնարավորությունը, այնքան քիչ է ընդհանուր օրգանիզմի վրա ազդեցությունը, այսինքն՝ այն ունի կոնկրետ ուղղվածություն: Ըստ ազդեցության չափի ու տեսակի` գոյություն ունեն հակաբիոտիկների շատ խմբեր: Սակայն դրանց ազդեցության վտանգը կախված է ոչ միայն դրանց քիմիական հատկություններից, այլ նաեւ հիվանդի առողջական վիճակից:

Հակաբիոտիկների օգտագործումը ռիսկային է համարվում, օրինակ` հղիների համար: Մի կողմից՝ հղի կինը շատ զգայուն է քիմիական նյութերի հանդեպ, մյուս կողմից` հակաբիոտիկները բացասական ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա` առաջ բերելով բնածին արատներ: Դրանք վտանգավոր են հատկապես հղիության առաջին երեք ամիսների ընթացքում: Մասնագետները որոշ խմբի հակաբիոտիկներ խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրում են օգտագործել: Կրծքով կերակրելու դեպքում եւս նման դեղամիջոցների օգտագործումը հակացուցված է, քանի որ կաթի միջոցով այն անցնում է երեխային:

Հակաբիոտիկներն ուժեղ ազդեցություն են ունենում հատկապես երեխաների օրգանիզմի վրա, ինչի պատճառով անհրաժեշտության դեպքում նշանակվում են միայն պենիցիլային, ցեֆալոսպորինների ու մակրոլիդների խմբի դեղեր:

Հակաբիոտիկների ազդեցությունից կարող են խորանալ երիկամների ու լյարդի քրոնիկական հիվանդությունները, ինչի պատճառով նման դեղեր չեն նշանակվում քրոնիկական պիելոնեֆրիտի, հեպատիտի, երիկամային անբավարարության դեպքում: Նման դեպքերում նշանակվում են նորից պենիցիլային ու ցեֆալոսպորինների խմբի դեղեր: Հաճախ որոշ հակաբիոտիկների հանդեպ օրգանիզմը կարող է դրսեւորել ալերգիա: Այս մասին բուժող բժիշկն անպայման պետք է տեղյակ լինի:

Հակաբիոտիկի կողմնակի ազդեցությունից խուսափելու համար պետք է ճշտորեն հետեւել բժշկի նշանակումներին եւ ոչ մի դեպքում չօգտագործել չափաքանակից ավելի: Վատ ինքնազգացողության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Երբեք առանց բժշկի խորհրդի չի կարելի հակաբիոտիկը համատեղել այլ դեղամիջոցի հետ: Եվ անպայման պետք է օգտագործել պրոբիոտիկներ` դիսբակտերիոզից խուսափելու համար: