Մոմո Կապոր «Մահը ցավոտ չէ»

23/04/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Եվրոպայի աշխարհագրական քարտեզի վրա Սերբական Կրաինայի սահմանները նշված են կրակագծով: Այդ գիծը դիվանագետներին ժողովեց կլոր սեղանի շուրջ Ժնեւում: Երբ քարտեզը հանում են, պատի վրա մնում են Կրաինայի այրված ուրվագծերը: Կրակագիծը կենաց ու մահվան գիծն է: Գտնվելով այնտեղ, մարդը ստանում է իր կյանքի ամենակարեւոր դասը` ինչպես հաղթահարել մահվան վախը: Մի անգամ ես անցնում էի տանկի մոտով, որի վրա գրված էր` ՄԱՀԸ ՉԻ ՑԱՎՈՒՄ: Ասում են, որ մահվանից մի ակնթարթ առաջ մեն միակ վայրկյանի ընթացքում մարդու գլխում անցնում է ողջ իր կյանքը: Այդ իդեալական վեպը, որը յուրաքանչյուրը պահում է իր մտքում, բայց ոչ ոք չի կարող գրել: Կրակագծի վրա մարդիկ լռում են, իսկ բառերը հազվագյուտ են ու թանկ: «Մի վախեցիր գնդակի սուլոցից, չես լսի այն, որը քեզ է դիպչելու…»:

Լավ դաստիարակված երկիրը

Կրաինան լավ դաստիարակված երկիր է: Այստեղ ապրում է Եվրոպայի ամենաքաղաքավարի ժողովուրդը: Կորդունում, Բանիայում, Լիցում կամ Կնինից ոչ հեռու ձեզ յուրաքանչյուրը ավանդաբար կողջունի, կասի՝ «բարի օր», եւ կհարցնի, թե ինչպես եք ապրում:

Դրանում պարզ զգացվում է տարբերությունը Բելգրադից, որտեղ գնում ես վերելակով մուտքի հարեւանների հետ, կանգնում ես անհասկանալի լռության եւ անհամբերությամբ, նախանձով կամ անտարբերությամբ լի հայացքների առջեւ: Եթե դա քաղաքակրթության գինն է, ապա ես ընդմիշտ կմնամ նախնադարյան մարդ:

Փոշոտ գյուղամիջյան ճանապարհով քայլում է հրացանն ուսած մի ծերուկ: Նա իր հետ տանում է կանոնավորապես փաթաթած բրեզենտե վրանը, գյուղական մախաղը եւ կացնիկը, որպեսզի ճյուղեր կտրի` վրանի, եւ վառելափայտ` խարույկի համար: Նա գնում է առաջին գիծ, որովհետեւ արդեն հնձել է խոտը իր չքավորի դաշտից:

Աստված ձեզ պահապան, ո՞նց են գործերը, մարդիկ:

Այդ «ոնց են գործերը» միայն սովորական քաղաքավարություն չէ: Նրան իսկապես հետաքրքրում է, թե ինչպես են ապրում մարդիկ, որոնց նա հանդիպում է լեռներով ու թշնամությամբ սահմանազատված ոչ մեծ աշխարհում: Նա քանդում է քիսան եւ առաջարկում է մեզ հյուրասիրվել տնական կանաչավուն թութունից: «Քենթի» տուփը գրպանումս՝ ես ինձ մեղավոր եմ զգում:

– Իսկ ձեր գործերը Ո՞նց են,- հարցնում ենք նրան, իսկ նա փաթաթում է ծխախոտն ու պատասխանում`

– Կամաց-կամաց…

Այդ «կամաց-կամացը» իր մեջ պատմության հորձանուտի մեջ նետված կենդանի էակի ինչ-որ լռիկ համեստություն է բովանդակում, նրանում թաքչած է նաեւ աչքով տալու, ամբարտավանության, պարծենկոտության վախը, որը կարող է չարիք բերել: «Կամաց-կամաց»:

– Ո՞նց են գործերը,- հարցնում է պատռված վարտիքով տասներկուամյա բոկոտն տղեկը: Նա ինը երեխաներից մեկն է միայնակ այրու, ով ապրում էր Ունա գետի ափի բակի վերնամասի փայտաշեն կառույցում: Տղան լուրջ է եւ քաղաքավարի, որովհետեւ փոխարինում է մահացած հորը, հանդիսավոր սեղմում է յուրաքանչյուրիս ձեռքը դատարկ արեւախանձ խոտերով, լքված դաշտում:

– Ո՞նց են գործերը,- հարցնում է կյանքից չարչրկված զինվորը եւ ձեռքը մեկնում է գնդապետ Վոյնիչին: Նրանք համերկրացիներ են, ծնունդով միեւնույն գյուղից: Այստեղ ընդհանրապես ոչ ոք ոչ մեկին պատիվ չի տալիս: Պատերազմի երկու տարվա ընթացքում ես ոչ մի անգամ զորաշար չեմ տեսել: «երկու-երկու շարված, քայլով մարշ». այստեղ անհայտ հրաման է: Եվ ինչպե՞ս մի տողանի մեջ կանգնեցնես զոհված որդիներին փոխարինելու եկած ծերունիներին եւ անմորուս պատանիներին: Այս բանակը իր ստեղծման օրից հիրավի ժողովրդական է` մի քիչ հայդուկներ, մի քիչ բարեկամներ: Այն ձեւական բանակային կարգուկանոնը, առանց որի, ինչպես կարծում են, բանակը չի կարող գոյություն ունենալ, այստեղ չկա: Բայց հենց կրակոց է հնչում, բոլորը մեկի պես տեղում են: Եվ նրանք բոլորը հագնված են տարբեր կերպ` ոմանք հին բանակի հին վերնաշապիկներով են, ոմանք՝ Կիկաշի ռազմաավարային կոմբինեզոններով, ոմանք՝ քողարկող համազգեստով: Գլխներին ինչ ասես կարելի է տեսնել` սերբական շայկաչներից եւ բերետներից ու կեպիներից, ականջակալավոր գլխարկներից՝ մինչեւ օդաչվի գլխարկները… Կոշիկներն էլ տարբեր են` մեկի հագին սապոգներ են, մյուսի` օպանկաներ, կարելի է տեսնել եւ՛ ամերիկյան քուղերով կոշիկներ, եւ՛, իհարկե, տարատեսակ չքավորական բաներից մինչեւ «Ռիբոկ» սպորտային ֆիրմայի թենիսիստների եւ վազորդների համար նախատեսված կոշիկները: «Երբ դեմ եմ առնում միատեսակ հագնված զինվորների, տեղնուտեղը կրակ եմ բացում»,- պատմում է սեւ մայկայով սպան,- «Էդ հաստատ մերոնք չեն»…

– Ո՞նց են գործերը,- հարցնում է կնիկմարդ Դանիցա Օբրադովիչը արեւմտյան ուղղափառ աշխարհի ամենավերին բարձունքում՝ Դիվոսելո գյուղում` Գոսպիչից ոչ շատ հեռու: Նա նստած է քողարկված տերեւների ետեւում՝ «Բրաունինգ» ծանր թնդանոթով, եւ անօգ ձեռքերն է տարուբերում՝ ներում հայցելով, որ ջրից բացի ոչնչով չի կարող հյուրասիրել: Կնիկմարդ Դանիցան թոշակի գնացած յոթանասունամյա խոհարարուհի է, պենսնեով, որ պառավներն են կրում, ռազմական վերնաշապիկով, բայց հողաթափերով, որ կոչում են տնային կոշիկներ: Հենց ինքն է համագյուղացիներին սովորեցրել կրակել ականանետից եւ թնդանոթից: Պառվուկը տեղավորվել է բարձունքում, որտեղից պարզ գծագրվում են հակառակորդի դիրքերը, պաշտպանվող սերբերի դիրքերի վտանգավոր բաց թեւերը, որտեղ հաճախ են ներթափանցում խիտ թփուտներում թաքնված դիվերսիոն խմբերը: Համարյա ամեն շաբաթ նա երկու-երեք մարտընկերներ է կորցնում: Այդ գեղեցիկ կանաչ երկրից մահվան հոտ է փչում: Մարդու մեջ այն զգացողությունն է ծնվում, թե իրեն բոլոր կողմերից նայում են մարդասպանի աչքերը, եւ, որ նա ընդհանրապես չի կարող ինքն իրեն պաշտպանել: Դանիցայի ջոկատի տղամարդիկ երկշաբաթյա մորուս են աճեցրել, նրանք զրուցում են՝ մատը ավտոմատի ձգանին դրած: Ես ուր ասես չեմ եղել, բայց ինձ թվում է, որ իմ կյանքում ոչ մի տեղ ես այդքան մոտ չեմ եղել մահվանը, որքան Դիվոսելոյի այս բարձրադիր դիրքում, իսկ չէ՞ որ այս վայրը (ինչպիսի հեգնանք) կոչվում է Մեծ երկիր:

– Մեզ ինչ-որ օգնություն հասցրեք, ով պատահի,- մշտապես մեզ խնդրում է պառվուկը, ում շատ ավելի հեշտ է պատկերացնել սալօջախի կողքին, քան` «Բրաունինգի»: -Ուղարկեք կամավորների, բանակ, դե, թեկուզ մեկնումեկին: Մենք այստեղ երկար չենք ձգի…

Վազանցելով կրակահերթի տակ գտնվող տարածությունը, հարցնում եմ այնտեղի մարդկանցից մեկին, թե նա ինչ է մտածում հակառակորդների մասին, ովքեր գտնվում են մարգագետնի եւ անտառակի մյուս կողմում.

– Է՜հ… ինչպիսին կարող են նրանք լինել… Նույնքան դժբախտ են, որքան մենք այստեղ… Չքավորներ են, ախպերս, բայց, ինչպես եւ մենք, այստեղ են ծնվել ու ամեն մի քարը գիտեն…

Քսան օր անցավ այդ հանդիպումից հետո: Դիվոսելոն հողին հավասարեցրին, գյուղի բոլոր պաշտպաններին սպանեցին: Տասնվեց ժամ տեւող երկարատեւ հրետանային նախապատրաստումից հետո խորվաթական բանակը պատերազմի համաշխարհային շների եւ վարձկան զինվորների առաջնորդությամբ մտավ Դիվոսելո եւ ոչնչացրեց ամենայն կենդանի բան: Ավելի ուշ ժամանած ՄԱԿ-ի զինվորականները ոչ մի կենդանի բան չկարողացան գտնել` ոչ շուն, ոչ կատու, ոչ իսկ ոչխար:

Կնիկմարդ Դանիցան մորթվել էր հենց իր թնդանոթի ետեւում, որի բոլոր գնդակները պարպել էր: Ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես են բարեհամբույր տեսքով փոքրիկ գիրուկ պառվուկի վրա թփերի տակից հարձակվում սեւազգեստ դանակավոր լեգեոներները: Այդ դրվագը հետապնդում է ինձ: Գուցե ես ամեն ի՞նչ չեմ արել, ինչ կարող էի: Գուցե պետք էր կանգնել բելգրադյան հրապարակների կենտրոնում եւ ողջ ուժով գոռալ, օգնություն խնդրել կնիկմարդ Դանիցայի ու նրա մարդկանց համար: Բելգրադյան շուկաներում ես նրա տարիքի կանանց եմ տեսնում, ովքեր ձմեռվա համար պղպեղ գնելիս բողոքում են գնից. նրանք նույն քայլքն ունեն, ոտքերի վրա ընդգծվում են նույն երակները, ձեռքերի վրա նույն պեպեններն են, ակնոցի նրբին շրջանակը… Դանիցան ձմեռվա համար ինչ-որ բան պատրաստելու արտոնությունը չուներ` թնդանոթի ետեւում նստած, երբեմն` ականանետի, նա պաշտպանում էր ոսկե աշնան բերքառատությունը բելգրադյան շուկաներում, եւ գնորդներին, ովքեր մտածում են, որ պղպեղի գնի բարձրացման պատճառով՝ աշխարհի վերջն եկել է:

Խորվաթիան տոնեց իր զինվորների հաղթանակը ավազակների, խռովարարների եւ սերբ ահաբեկիչների դեմ, մարտի մասնակիցները շքանշաններ ստացան: Նվագախմբերը մարշեր էին կատարում: Գեղեցկուհի հեռուստավարողները ժպիտը շուրթերին պատմում էին խորվաթների վերջին սխրագործության մասին: Մեդակ գյուղ են բերվել մարդկանց մերկ մարմինները. կոկորդները կտրած են, գլուխները երկու կես են արած… Շատ մարմիններ այրված են: Խորվաթների հանրությանը ոչ ոք չբացատրեց, որ «Ավազակների, խռովարարների եւ ահաբեկիչների» պարագլուխը մի բարեհամբույր պառվուկ էր, ով պաշտպանում էր իր տունը, կատվին եւ հավին: Պաշտպանվողի հագուստը այրած էր, նա այնքան աղքատ էր, որ ոչ ոք նրա վրա ուշք չէր դարձրել: ՄԱԿ-ի զինվորականները ոչ մի անձնական իր չգտան: Վատ էին նայել: Ծառի ստվերում, որի տակ մի ժամանակ կանգնած էր «Բրաունինգը», սմքած խոտերի մեջ մնացել էր կնիկմարդ Դանիցայի ակնոցը (պլյուս երեքուկես), ձախ ապակին ջարդված էր: Այդ ջարդված ակնոցում, ապակու մանր կտորներում բազմապատկվում է երկինքը, որը ամեն ինչ տեսնում է եւ ամեն բան հիշում:

Վանական ընթրիքի պահին

Միայն պատերազմի ժամանակ` համընդհանուր չքավորության եւ սովի օրերին, մի արդեն վաղուց մոռացված սովորույթ` ուտելուց առաջ երախտագետ աղոթքն առ Աստված, դարձյալ իմաստ եւ նշանակալիություն է ձեռք բերում: Կրկի Սուրբ Միխայիլի վանքում վանահայր Բենեդիկտը մեղեդային բարիտոնով արտաբերում է այդ աղոթքը, ճիշտ այնպես, ինչպես այն կարդում էին 1350 թվականին, երբ այդ սուրբ պատերը կանգնեցրել էին: Ընթրիքը պահքային է, վանական` մի պտղունց ձիթապտուղ եւ մի ափսե չորբա:

Դոլմաթիայի եպիսկոպոսը, վեհապետ Լոնգինը, գանգրահեր եւ մորուսավոր մարմնեղ մի երիտասարդ, օրհնում է սնունդը: Ընթրողների մեջ է եւ Իգոր Միխայլովիչ Ստրելցինն Ուրալից, վաղեմի հրետանավորն ու նկարիչը, որ վանքից վանք է ճամփորդում, աղոթելով սերբ ժողովրդի փրկության համար: Ինչպես եւ հին ժամանակներում, վաղնջական ժամանակների դյուցազունների նման, վանքը զինվորական ջոկատ է պահում: Թշնամին այստեղից ընդամենը երկու կիլոմետրի վրա գրավել է բարձունքները եւ, այդուհանդերձ, այստեղ շատ ու շատ ուխտավորներ են գալիս, եւ նրանցից յուրաքանչյուրը, հինավուրց սովորույթի համաձայն, այստեղ ապաստան եւ կեր է գտնում:

Ուտելու ժամանակ խոսելն ընդունված չէ` երիտասարդ մոնթը կարդում է սրբոց եւ նահատակաց վարքը: Խոսակցությունը սկսվում է միայն այնժամ, երբ վեհապետը խաչակնքվում եւ երախտագիտություն է հայտնում: Նրա կուրծքը զարդարում է առանձնահատուկ ոսկե խաչը, աստիճանի նշանը՝ լաջվարդ գույնի ծիածանաքարերով: Այդ թանկարժեք քարը հանել են ավստրալիական Ադելաիդա քաղաքի մոտի հանքից: Վեհապետը մի քանի տարի անցկացրել է Ավստրալիայում, մոխրավուն ավստրալիական անապատի ընդերքում հիմնելով եկեղեցի, որը նման էր վաղ քրիստոնեական կատակոմբների` այսպես եկեղեցին թե թեկուզ մի ինչ-որ մետր, մոտ է մայր-Սերբիային: Այդ անապատի ընդերքում փորված աղոթարանը բորենիներով եւ կենգուրուներով շրջապատված` հեռավոր մայրցամաքի հրաշքներից մեկն է (հեռավոր ինչի՞ց): Այն սարքել եւ զարդարել էին սերբերը` ծիածանաքար որոնողները, ընդ որում, գտնելով այդ թանկարժեք քարի հանքերակը: Վեհապետը զարմանում է, որ ես գլխիվայր եմ շրջում Ավստրալիայից բերված լուսանկարները, որոնք նա ինձ է ցույց տալիս: Իսկ ես պարզապես միշտ հավատացել եմ, որ երկրի այն կողմերի մարդիկ գլխիվայր են քայլում: Երկրի զանգվածեղ կաղնեսեղանը վանական ատրիումի կամարների ներքո` իսկական ճաշասեղան է, դրա շուրջ զրուցում են կյանքից, կրոնից, պատմությունից եւ արվեստից, եկող գաղթականները պատմում են իրենց գլխին եկած փորձանքների մասին, ինչպես խոստովանանքի ժամանակ: Իգոր Միխայլովիչ Ստրելցինը կարդում է Պուշկինի «Բորիս Գոդունովի» վանական Պիմենի նախերգը.

Եվս մեկ, վերջին մի ասք-
Եվ ավարտված է տարեգրությունն իմ,
Կատարված է պարտքը, կտակված Աստծուց
Ինձ մեղավորիս…

Այստեղ ուզածդ մարդու խոսքն ու փորձն ընդունում են պատշաճ ուշադրությամբ, ինչպես նոր թանկարժեք ձեռագիրը՝ վանական գրադարան: Այս քարե շինության մեջ թուրքերի դեմ ապստամբությունների ծրագրեր էին կազմում, պահում էին հարամբաշիներին, դավադրություններ էին հյուսում, հնամենի գրքեր էին կարդում, թաքցնում էին աքսորյալներին, թաքչում էին ճանապարհներից եւ հետաքրքրասեր աչքերից հեռու: Տեղակայված լինելով բնությամբ ստեղծված գոգափոսում, շրջապատված օձագալար Կրկ գետով, Սուրբ Միխայիլի վանքը մշտապես եղել է վտարյալների ապաստանը, աստվածավախների, դժբախտների, աշխարհիկ կյանքին ներգրավվելու անունակների կացարանը:

Այս սրբավայրն ասես հողին տիրելու իրավունքի քարե հրովարտակ լինի, սա անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Կրաինայի սերբերը հասել էին ոգեղենության բարձրագույն աստիճանին դեռեւս 14-րդ դարում: Եվ սերբերին, չնայած նրանց գլխին եկած դժբախտություններին եւ հիվանդություններին, հաջողվել էր պահպանել մոմի թույլ լույսը սուրբ Աստվածածնի սրբապատկերի առջեւ, ով իր ձեռքերի վրա կրում է Քրիստոսին, որ փաղաքշական հայացքով ներում է մեր մեղքերը:

Վերջին կես դարը Խորվաթիան, հեքիաթի չար խորթ մոր պես, թաքցնում էր Կրաինան աշխարհի աչքից, թաղելով այն մոխրով եւ խանձահոտով: Քչերը գիտեին, որ այնտեղ այդքան սերբեր են ապրում… Իսկ նրանք ողջ այդ ժամանակ ապրում էին ասես արգելակացարանում: Խճուղու մի քանի կիլոմետրից հետո, ծովից դեպ լեռները ուղիները վերածվում են գյուղամիջյան ճանապարհների եւ այծերի արահետների` անտառի թավուտներում: Սերբերն ասես գաղտնի ապրեին, շշուկով խոսում էին խարույկի մոտ, մինչեւ որ համբերության բաժակը լցվեց, եւ ճանապարհներին հայտնվեցին տապալված ծառերը, իսկ Կրաինայի բնակիչները դուրս եկան հինավուրց անտառներից՝ որպես ազատ մարդիկ: Վերջապես արթնացած Կրաինան հագավ իր նախապապերի արյունոտ հագուստը:

Պատարագի ժամանակ Ստրելցինը ծնկի է գալիս սրբապատկերների առաջ մինչեւ սեւ հատակը, գլուխ է տալիս՝ ճակատը խփելով սալաքարերին, եւ խաչակնքվում է ըստ հին ռուսական սովորույթի` լայնաբաց ու պաթետիկ:

Սա պատերազմ է ուղղափառության դեմ, որը, մնացյալ բոլոր պատճառներից զատ, վարվում է նաեւ այն բանի համար, որպեսզի վերացնի ապացույցները, որ այստեղ մի ժամանակ ապրել եւ գոյություն է ունեցել սերբ ժողովուրդը: Խորվաթների զորքերի «Ռավնի Կոտարի` Բարեկենդանը» ռազմական գործողության ժամանակ՝ 1993 թվականին, թալանվեցին եւ քանդվեցին Ստոյան Յանկովիչի աշտարակն ու նրա տունը, որտեղ ծնվել էր Իվան Գալեբայի գարնան» հեղինակը` Վլադան Դեսնիցան, սարդարի ժառանգը: Թնդանոթային կրակահերթի տակ ընկավ Կրուպա վանքը, որտեղ արդեն քանի ամիս է՝ տեղաշորից չի ելնում ծեր վանահայրը` Պավել Կոզլիցան, նա ջանում է ապաստանել գաղթականների բազմությունները Հարավային Դալմացիայից: Այդ վանքը գնդակոծում էին մեծ տրամաչափի ականանետերով, բայց Աստված ուղղվեց այդ արկերը դեպի ճանապարհամերձ բլուրը, որը քաղաք Կիստանյայի վերեւից էր գալիս: Վեհապետ Լոնգինը, ով քշվել էր իր նստավայրից Շիբենիկում, ընտրեց Կրկը, որպես ապաստան պատերազմի օրոք:

Մարդիկ, ովքեր գալիս են այստեղ, իրենց հետ ոչինչ չունեն՝ մաշված եւ փոշեթաթախ կոշիկներից եւ մանր-մունր անձնական իրերից բացի: Վանականներն էլ ոչինչ չունեն, բայց նրանք սակավ վանական բարիքով` տտպահամ գինով, սեւ հացով, հին գրքերով եւ պաղ աղբյուրի ջրով հյուրասիրում են յուրաքանչյուրին, ով պատիվ է անում իր այցելությամբ: Սեղանի շուրջ, որի սալօջախը մաշվել է բազում հյուրերի ափերից եւ արմունկներից, այսպիսով, հավաքվել էին մարդկային հնագույն զբաղմունքների ներկայացուցիչները` քահանան, զինվորը, հողագործը եւ արվեստի ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ նկարիչը:

Այս համեստ Աստծո ժողովուրդը տանջվում է այն հարցով, թե արդյո՞ք Ամերիկան կհարձակվի սերբերի վրա, ինչպես սպառնում էր Միացյալ Նահանգների պրեզիդենտը: Այդ հարցում ինչ-որ թաքնված համառություն կա եւ համառ մարդու գաղտնի հույսը: Այդպիսի զորավոր ու հուժկու հակառակորդի դեմ մենք դեռ երբեք ուժերս չենք չափել:

Ով գիտե, թե ինչու ես հիշեցի իմ հին ընկեր Ջոն Ջոնսոնին, ում բոլորը կոչում են Ջի Ջեյ: Նա Նյու Յորքի Էյ-ԲԻ-Սի հեռուստաալիքի հաղորդավարն էր, Հարլեմի սեւ աստղը: Մտածեցի, արդյո՞ք նա մեկնաբանում է յոթժամյա թողարկման ժամանակ, արդյո՞ք արտահայտվում է սերբական դիրքերի ռմբակոծման օգտին: Գիտի՞ արդյոք, որ ես այստեղ եմ, վանականների եւ զինվորների մեջ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ նա այստեղ գար Աստծուն աղոթելու, որպեսզի Աստված նրան ազատի անիմաստ շրջապտույտից, որում սկզբում փող ես վաստակում, իսկ հետո ծախսում: Երեկոյան պատարագին մոմ վառեմ ծերուկ Ջի Ջեյի համար:

Իգոր Միխայլովիչ Ստրելցինը հարցնում է, թե ինչու են խորվաթներն ուզում մեզ ոչնչացնել: Վանականը համարում է, որ դա այն պատճառով է, որ նրանց խիղճը տանջում է: Արդեն երկու անգամ է, իրենց պատմության մեջ նրանք մեղանչում են քրիստոնեության առաջ, սարսափելի հանցագործություններ են գործել մեր դեմ, իսկ մենք նրանց ներել ենք: Ուրեմն պետք է վերացնել համր վկաներին: Վկաները, ոչ միայն կենդանի մարդիկ են, այլեւ գերեզմանները, եկեղեցիները, վանքերը… Եվ ավերում եւ հողով են ծածկում միայն մի պատճառով:

Երկու սերբական հանրապետությունների միջով իր ճամփորդությունների ընթացքում, պատմում է նկարիչը, նա ժամերով անցնում էր լքված ու ավերված տների մոտով: Հետաքրքիր է, որ անվնաս էին մնացել միայն ծխնելույզները, ասես օջախների վերացած ջերմության հուշարձաններ: Տները բոլոր կողմերից ավերված են: Ինչի՞ համար: Մայորը նրան բացատրում է, որ ատելությունը մեծ ուժի տեր է, նա սարսափելի է հանց հորդող ջուրը եւ ավերում է ամեն բան, ինչ կանգնած է նրա ճանապարհին: Այդ պատճառով ժողովուրդը հավատում է, որ նա, ում տունն ավերված է, երբեք չի վերադառնա այդ տեղը: Ոչնչացման բնազդը օգուտի գիտակցումից զորեղ է: Ստրելցինը դա չի հասկանում: Եթե թշնամիները գրավել են սերբական տները, ինչո՞ւ են գաղթականները տառապում մարզապալատներում եւ այլ կացարաններում: Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե նրանք բնավորվեին հակառակորդի թողած տներում եւ հող մշակեին:

Գյուղացին այնքան մեծ ձեռքեր ունի, որ տպավորություն է ստեղծվում, թե նա չգիտի, թե դրանց հետ ինչ անի, եւ ասում է ռուսին, որ սերբերին փոքրուց սովորեցնում են, թե վատ է ուրիշի տանը բնավորվելը: Դա բարիք չի բերում: Եթե դրա համար չի վճարի նա, ով մտել է օտար տուն, ապա դրա համար անպայման պատասխան կտան նրա երեխաներն ու թոռները:

Այս գյուղացին ոտքով երկար ճամփա է կտրել դեպի վանք, որպեսզի իր տղայի համար մոմ վառի: Մինչեւ փոխանակումը տղան երեք ամիս անցկացրել է խորվաթների գերիների համար նախատեսված ճամբարում: Ասում է, որ ավելի լավ է ողջ դուրս չգար: Այն օրից, ինչ վերադարձել է, նրա աչքերում կյանք չկա: Նրա հոգին սպանել են: Չի ուտում, չի խմում եւ ինչ-որ տեղ առաջ է նայում, իսկ երբեմն ամբողջ մարմնով սկսում է դողալ. պատմում է հայրը: Մայրն ու քույրը նրանից չեն հեռանում, ոչ մի վայրկյան նրան մենակ չեն թողնում: Արդեն չորս անգամ փորձել է ինքնասպան լինել: Ոնց որ թե խոսելու ունակությունը կորցրել է: Գյուղացին նրա տղայի հետ եղած որոշ մարդկանցից լսել է, թե ինչեր են այնտեղ նրանց հետ արել, բայց նրանք շատ չեն պատմում: Նրանց ստիպում էին հանվել եւ խոտերի մեջ արածել, կովերի պես բառաչել կամ շների պես հաչել: Նրանց ստիպում էին միմյանց հետ կենակցել… Դրանք մարդիկ չեն: Ինչ-որ մեկը նրան խորհուրդ էր տվել գալ այս վանքը, ասելով, որ միայն Կրկի Աստվածամայրը կարող է օգնել, ահա այդ պատճառով էլ եկել էր այստեղ` մոմ վառելու եւ աղոթելու: Ով գիտե, հարազատ գյուղը վերադառնալով, արդյո՞ք ողջ կգտնի միակ որդուն:

Վանականը հարցնում է սպային, թե որ զորքերում է նա ծառայել: Սպան պատմում է, որ եղել է ալպյան զորամասերում եւ երկար նահանջել է հյուսիսի նախկին բանակի հետ, մինչեւ որ այլեւս չուզեց փախչել եւ զոհվել, եւ մնաց այստեղ, Կրաինայում, ուր ծնվել է, ուր գտնվում են դեռեւս նախորդ պատերազմում այրված նրա տան քարերը: Նրա դուստրերը կիսով չափ սլովենուհի են, եւ կինն էլ սլովենուհի է, եւ չուզեցին իր հետ գնալ: Նա ցույց է տալիս նրանց լուսանկարները, որ պահում է դրամապանակում: Նրանք բացիկներից նազանքով ժպտում են նրան:

Ստրելցինը նրան հարցնում է, արդյո՞ք նա իր ալպյան փորձը ուսուցանել է զինվորներին, որ հիմա մարտնչում են Վելեբիտում: Ի՞նչ փորձ: Օրինակ, ինչպես պարանով լեռ մագլցել: Ի՞նչ. «ինձ ճոպանների մասին մի հիշեցրու,- պատասխանում է սպան,- Պարանների մասին ոչ մի խոսք: Քանի դեռ իմ ժողովրդի վզին թոկ է գցած»:

Մատներով դիպչում եմ վանքի պատի մեջ փորված հռոմեական խորունկ հարթաքանդակին, նրա վրայով բարձրանում է խաղողի որթը` երկարավուն թաղարի միջից: Ջանում է հասկանալ, թե ինչն է մեր հիմքում, որտեղից ենք ծագել, եւ ընդհանրապես` որքան հին ժողովուրդ ենք մենք… Երրորդ դարի հռոմեական Բուրնում քաղաքի անհայտ քարտաշից այս երեկոյի կիսախավարից բաժանում է ընդամենը մի ակնթարթ: Իգոր Միխայլովիչ Ստրելցինը, ասես իմ մտքերը կարդալով, լսելի արտաբերում է Պուշկինի տողերը.

Թող որ գիտնան ուղղափառաց ժառանգորդները
Հարազատ երկրի անցած ճակատագիրը,
Թող որ հիշատակեն իրենց մեծ արքաներին
իրենց գործոց, փառքի եւ բարիքի համար`
Իսկ մեղքերի եւ մութ գործերի համար
Փրկչին խոնարհաբար թող աղերսեն:

Մոտակա ճահճից, որը հեթանոսական ժամանակներից, ինչպես ասում են, լեցուն էր չար ոգիներով, ինչ-որ ձեւով վանքի բակ էր սողոսկել մի փոքրիկ կանաչ գորտ: Վանականները նրան Կատալինա կոչեցին: Գիշերը անտանելի հեղձուկ է, օդը լեցուն է հնձած խոտի եւ խնկի կեցած բույրով: Վանականներն ատրիումում Կատալինային են փնտրում, որպեսզի նրան պահեն մամռապատ պատից բխող աղբյուրի ջրի տակ: Չէ՞ գորտն էլ Աստծո արարած է: Ինչո՞ւ տանջվի: Վերջապես մոնթերից մեկը գտնում է նրան: Նա ցույց է տալիս ինձ ափի մեջ պահած օդից եւ թրթռացող լողաթաղանթից ստեղծված այդ փոքրիկ արարածը: Մոտեցնում եմ նրան շուրթերիս եւ համենայն դեպս համբուրում եմ: Սա հրաշքների գիշեր է: Ո՞վ գիտե, գուցե գորտը արքայադուստրի վերածվի:

Գնդապետը

Երբ սկսեցին մարտերը իր հայրենի եզերքում՝ բարձր լեռներում, վաթսունամյա պաշտոնաթող գնդապետը՝ որսի մոլի սիրահարը, ասաց կնոջը, որ նա հավաքի իր թիկնապայուսակը:

– Որսի՞ ես պատրաստվում,- հարցրեց կինը:

– Ոչ: Պատերազմի,- պատասխանեց նա եւ յուղեց որսորդական հրացանի փակաղակը:

– Ե՞րբ կվերադառնաս:

– Երբ ավարտվի:

Այդպես նա լքեց Նոր Բելգրադի իր բարձրահարկը, կայանատեղին եւ նստարանները սմքած եւ տրորված խոտերով սիզամարգի կողքին, ուր նրա հասակակիցները, իր նման պաշտոնաթող սպաները, օր ու գիշեր հին կրծոտած քարերով ճատրակում էին: Մի խոսքով, նա դուրս պրծավ իր տաղտկալի կյանքից, ասես դեն նետեց հնամաշ զինվորական թիկնոցը, եւ այսքան տարիներից հետո դարձյալ լիաթոք շնչեց Հերցեգովինայի սուր օդը: Եկավ վերջերս հիմնած ռազմական զորամիավորումը եւ սկսեց ռազմական գործ ուսուցանել խայտաբղետ գյուղական բանակին:

Սկզբում նրան, ինչպես եւ մնացած հին սպաներին, քամահրաբար «կոմունյակա» էին կոչում, բայց նրա ղեկավարությամբ մի քանի հաջող գրոհներից հետո, որոնցում նա գլուխը կրակի տակ էր դնում եւ անվեհեր էր, գնդապետին հարգեցին: Պատերազմի կեսին, այն ժամանակ, երբ նա մարդկանց սովորեցնում էր՝ ինչպես խրամատներ փորել, նա Հերցեգովինայի փոքրիկ քաղաքներից մեկում ապրող հարազատներից շտապ հաղորդագրություն ստացավ, որ զառամյալ հայրը բոլորովին վատ է։ «Արի, որքան հնարավոր է շուտ»,- խնդրում էին նրան քույրերը: Նա արագ ժողվեց իրերն ու երկու օրով լքեց ճակատը:

Նրա քույրերը, երկու տարեց կանայք, արդեն տատիկներ (դե, ինքն էլ արդեն վաղուց պապ էր), ապրում էին իրենց ընտանիքներով, իսկ նրանց հայրը՝ ութսունամյա ծերուկը, մենակ էր մնացել տոհմական տանը: Նրանք ամեն օր նրան նախաճաշ ու ընթրիք էին բերում, լվացքն անում եւ արդուկում էին, եւ, իհարկե, դեռեւս վախենում էին, որովհետեւ այդ կողմերի ծերուկները սարթ են, եւ պապը դեռ կարող էր նրանց ձեռնափայտով դաղել, եթե նրան ինչ-որ բան դուր չգար:

Գնդապետը մտածում էր, որ ծերուկին մեռնելը դեռ վաղ է, եւ նվերներ էր գնում` չայրված սուրճ, ռաֆինադ-շաքար, ծխախոտ եւ օղի: Ինչպես պարզվեց, ամեն բան մեռնելուց վատ էր: Արտասվելով, քույրերը նրան պատմեցին խայտառակությունը, որի մասին բամբասում էր ողջ քաղաքը: Պապը, որ արդեն քառորդ դար ամուրի էր, նկատվել էր գիշերը, երբ պատուհանից մտնում էր մի հիսունհինգ տարեկան պատվարժան կնոջ մոտ: Քույրերը, խեղճերը, անգամ տանից ելնել չէին կարողանում: Եվ նրանք այլ բան չհորինեցին, քան գնդապետին կանչելը, որը պետք է նրա հետ խոսեր՝ ինչպես տղամարդը տղամարդու հետ:

Դու միայն պատկերացրու: Իսկ չէ՞ որ նա արդեն ութսունվեց տարեկան է: Եվ ի՞նչ էր պատահել… Մի գիշեր, երբ պապը մագլցում էր այրու տուն, նա բոբիկացավ եւ կոշիկները, սովորականի պես, թողեց շեմին, իսկ ճարտարամիտ խուլիգանները երկու կոշիկը կապեցին քուղերից եւ ինչ-որ ձեւով կախել էին էլեկտրական լարերից: Քաղաքում բոլորը գիտեն պապի «դահուկները», նա միակն է այստեղ, որ հիսունյոթ համարն է հագնում:

Գնաց գնդապետը ծեր հոր մոտ, նվերները հանձնեց: Նրանք օղի խմեցին, զրուցեցին, մի-մի հատ ծխեցին: Նրա վերադարձից հետո քույրերը հարցրին, թե նա պապին ինչ խորհուրդ տվեց:

– Որ հաջորդ անգամ չբոբիկանա,- պատասխանեց գնդապետն ու վերադարձավ ճակատ:

Կեռասենին

Բենկովիցայի ճանապարհին տանկերի եւ զրահամեքենաների փոշոտ սյունաշարով մի փոքրիկ մեքենա է ընթանում: Ղեկին բարալիկ ոլորած բեղերով եւ մինչեւ ծոծրակը քշտած գդակով մի ծերուկ է: Բաց թափքից պտղատու ծառի տնկի է, պարկի մեջ փաթաթած, որպեսզի ճամփին չմրսի: Դա ջահել կեռասենի է: Մարդը տանում է այն պատերազմի միջով, որ տնկի իր այգում: Բոլորը զարմացած նրա վրա են նայում, իսկ ես այդ կեռասենու մեջ տեսնում եմ պատերազմի վերջը: Առնվազն հինգ տարի է պետք, որ ջահել կեռասենին իր առաջին պտուղները տա: Պետք է այն ջրել, սրսկել, շուրջբոլորը փորել… Եթե բախտը բանի, ապա ռումբերը, հրդեհները, տանկի թրթուրները կշրջանցեն նրան: Բալկանների քարտեզի վերափոխումը եւ նոր պետությունների ստեղծումը: Այս մարդը, որ տանում է կեռասենին, խենթուխելառ հույս ունի, եւ ես մինչեւ գետին խոնարհվում եմ նրա առաջ:

Եթե կա մի բան, որ կարող է ազատել մեզ այս փորձանքից, որի մեջ մենք ընկել ենք, ապա մեզ դուրս կհանի հենց այս ջահել կեռասենին, որի կուտերով հինգ տարի անց մենք կթքենք մահվան վրա: