Մինչ Հայաստանում հատկապես իշխանական շրջանակներն ակտիվորեն քննարկում են հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը` դա ներկայացնելով որպես «դարակազմիկ» քայլ, վերջին օրերին բավական ինտենսիվ իրադարձություններ են տեղի ունենում՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Օրինակ` անցած շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Չի կարող լինել ԼՂ կարգավիճակի միակողմանի լուծում: Ադրբեջանը չի տեսնում եւ չի մասնակցի գործընթացներին, որոնք ենթադրում են ԼՂ-ի` Ադրբեջանից իրավաբանական անջատում: Մենք հասկանում ենք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ունենալու կարեւորությունը հայկական կողմի համար: Այստեղ խնդիր չենք տեսնում: Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են այնպես լուծվել, որ անհանգստություն չառաջանա ո՛չ նրանց մոտ, ովքեր այսօր ապրում են ԼՂ-ում, ո՛չ էլ ադրբեջանցիների մոտ, ովքեր վերադառնալու են ԼՂ` հիմնախնդրի կարգավորումից հետո»: Նա նաեւ ավելացրել է, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: Սա հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ թերեւս առաջին այսքան կոնկրետ հայտարարությունն է Ադրբեջանի կողմից: Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված Ալիեւի «հասկացող լինելուց» կարելի է միայն ենթադրել, թե նա հայկական կողմի ինչ զիջումների դիմաց է նման «մեծահոգություն» դրսեւորում: Ընդ որում, Ալիեւը նման հայտարարություն է անում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո:
«Պաշտոնական Բաքուն չի բացառում, որ մոտ ժամանակներս ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կարող է կնքվել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթուղթ,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի վարչակազմի Միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը` շեշտելով,- Ադրբեջանի նախագահի այցը Ռուսաստան, այնտեղ հաջող բանակցությունների անցկացումը, ԼՂ հակամարտության հետ կապված բազմակողմանի զրույցը կրկին թույլ են տալիս լավատեսորեն տրամադրվել այս խնդրին: Մեծ հավանականություն կա, որ այս տարի զգալի տեղաշարժեր կգրանցվեն»: Եթե այս հայտարարությունները ձեւակերպենք ավելի պարզ լեզվով, ապա, դժբախտաբար, կստացվի հետեւյալը. Մեդվեդեւը Ալիեւին խոստացել է «ամեն ինչ անել», որ Հայաստանը ստորագրի «ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթուղթը»: Ընդ որում, ընդամենը 2 օր հետո` ապրիլի 23-ին, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ վաղը Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա: