Էլի հիշել են երեք ճակատի մասին

21/04/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Թուրքիան է փակել սահմանը, Թուրքիան էլ պետք է այն բացի»,- այս ստանդարտ ձեւակերպումը երեկ հրավիրված ասուլիսում հերթական անգամ կրկնեց դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը` հավելելով, որ հայ-թուրքական սահմանի բացման կամ կարգավորման քայլերի դիմաց Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումն անընդունելի է:

Ըստ նրա, քանի որ Հայաստանը միաժամանակ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի ու եվրոպական երկրների հետ, նշանակում է, որ խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի մեջ է: «Եթե մենք կարողանում ենք հարաբերություններ հաստատել նման երկրների հետ, ապա խնդիրը ոչ թե մեր, այլ թուրքական կողմի մեջ է»,- վստահ է Ա. Նռանյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանն այսօր բացառիկ, ունիկալ երկիր է, բայց մենք դա մինչեւ վերջ չենք հասկանում: Հայաստանը, պատգամավորի ասելով, ազդեցության բազմաթիվ լծակներ ունի իր հարեւանների վրա ազդելու համար, բայց դրանք կամ գիտակցված չեն, կամ արդյունավետ չեն օգտագործվում: «Ադրբեջանի առումով, դա ԼՂ հարցն է, իսկ պոտենցիալում նաեւ` Նախիջեւանի: Մենք ունենք լծակ Վրաստանի վրա` ի դեմս Ջավախքի, շատ կարեւոր ենք Իրանի համար որպես քրիստոնյա աշխարհ եւ Եվրոպա ելքի դարպաս, եւ ունենք հզոր լծակ Թուրքիայի վրա` ի դեմս ցեղասպանության խնդրի: Սակայն մենք այս լծակները չենք օգտագործում, եւ արդյո՞ք մենք գիտակցում ենք մեր առավելությունները»,- հռետորական հարց հնչեցրեց դաշնակցականը: Դեմ ըլլալով կողմ ըլլալու տրամաբանությամբ` Ա. Նռանյանը նշեց, որ թեեւ Հայաստանը տնտեսապես ավելի շատ կտուժի սահմանի բացումից հետո, բայց Դաշնակցությունը դեմ չէ սահմանի բացմանը: Ա. Նռանյանը նաեւ կարծում է, որ որոշ գործարարներ սահմանների բացումով կտուժեն, ոմանք էլ կշահեն: «Եթե սահմանների բացումը վնասելու է տնտեսության այս կամ այն ճյուղին, ապա դա չի նշանակում, որ սահմանները պետք է լինեն փակ»,- հայտարարեց Ա. Նռանյանը: Բայց, ըստ նրա, ընդհանուր առմամբ մենք կարող ենք շահել, եթե համապատասխան դասեր քաղենք հենց Թուրքիայից, որը հովանավորչական քաղաքականություն է վարում: Օրինակ, ըստ նրա, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելով` Հայաստանը որդեգրել է ազատական տնտեսություն, ինչի արդյունքում մի ամբողջ ապրանքացանկի ներկրման համար սահմանված է առավելագույնը 15 տոկոսի չափով մաքսատուրք: Մինչդեռ Թուրքիան, նույնպես ԱՀԿ անդամ լինելով, ապրանքացանկի միայն 50 տոկոսի մասով ունի սահմանափակում, իսկ մնացած ապրանքների համար Թուրքիայում գործում է 1000 կամ նույնիսկ 2000 տոկոս մաքսատուրք: «Օրինակ, գինու վրա Թուրքիան կիրառում է 400 տոկոս մաքսատուրք: Հայաստանի Հանրապետությունը նման հնարավորություններ չունի, քանի որ մեր հարեւանները բավական խիստ են եւ ավելի լիբերալ, քան Թուրքիան: Թուրքիայի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը թույլ տվեց զարգացնել ազգային տնտեսությունը, ինչի արդյունքում այն բավական մեծ թռիչք կատարեց»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակեց դաշնակցականը: Նրա ասելով՝ Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքները համաշխարհային շուկայում ավելի մրցունակ են, քան հայկական մթերքները, ուստի պետք է այս խնդիրը լրջորեն ուսումնասիրելուց հետո Դաշնակցությունը եզրակացություններ ներկայացնի կառավարությանը: Եվ, ընդհանրապես, սահմանի բացման հետեւանքով առաջացող ենթադրվող տնտեսական բոլոր դժվարություններին դիմագրավելու համար ՀՅԴ-ն պատրաստվում է կառավարությանը ներկայացնել գործողությունների փաթեթ: Սրա վերաբերյալ Ա. Նռանյանն ասաց, որ ՀՅԴ Բյուրոյի աշխատանքային խումբն արդեն ավարտել է Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունների համեմատական առավելությունների մասին ուսումնասիրությունները: Մի դրական բան սահմանների բացման մեջ դաշնակցականն այնուամենայնիվ տեսնում է: Դա այն է, որ ըստ Ա. Նռանյանի՝ սահմանի բացումը մեզ համար գուցե դաս լինի ազգային տնտեսությունը եւ հայրենական ապրանքները խթանող քաղաքականություն իրականացնելու առումով, ինչպես դա անում է Թուրքիան: Խոսելով նաեւ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին` Ա. Նռանյանը դա իրատեսական համարեց: «Մենք եւ իրանական կողմը բավական գործնական ենք վերաբերվում հայ-իրանական երկաթուղու կառուցման խնդրին»,- նշեց պատգամավորը: