Երկնիշ անկումների ժամանակը

21/04/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն ըստ բնության բոլոր գրված եւ չգրված օրենքների եւ հանրապետության փայլուն ուղեղների՝ պետք է շրջանցեր Հայաստանը, կամաց-կամաց ավելի սուր երանգներ է ստանում։ Այնքան սուր, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում մեղմել տխուր պատկերը։

Տնտեսական անկման առաջին «պաշտոնական վկայությունը» եղավ այս տարվա հունվարին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) արձանագրեց ՀՆԱ-ի 0.7%-անոց նվազում։ Հունվար-փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածի ցուցանիշն ավելի տխուր էր՝ 3.7%-անոց անկում։ Իսկ ԱՎԾ-ի կողմից երեկ հրապարակված տվյալները արդեն ռեկորդային անկում են արձանագրում. 2009թ. հունվար-մարտ ամիսների ՀՆԱ-ն կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ի 93.9%-ը։ Այսինքն՝ տնտեսական անկումը կազմել է 6.1%, չնայած մարտ ամսին փետրվարի նկատմամբ տնտեսությունն աճել է 22.1%-ով։ Այսինքն` այս տեմպերով շարունակվելու դեպքում բացառված չէ, որ ոչ հեռավոր ապագայում Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը կրկին երկնիշ ցուցանիշներ արձանագրի` բացասական ուղղությամբ: Հիշեցնենք, որ 2008թ. հունվար-մարտին՝ 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության աճի պաշտոնական ցուցանիշը կազմել էր 8.8%։

Անկում է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում։ Ամենաբարվոք (հարաբերականորեն) ցուցանիշն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, որտեղ անկումը կազմել է ընդամենը 0.7%։ Մյուս ոլորտներում վիճակը շատ ավելի լուրջ է. արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ առանց էներգետիկայի, նվազել է 9.1%-ով, իսկ էներգետիկան ներառյալ՝ 9.5%-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.1%-ով։ Ամենալուրջը, սակայն, շինարարության ոլորտն է, որը տարիներ շարունակ ապահովում էր Հայաստանի ՀՆԱ-ի աճի երկնիշ ցուցանիշը։ Նախորդ տարվա հունվար-մարտին շինարարության ծավալներն աճել էին 22.5%-ով։ Իսկ այս տարի գրեթե նույն չափով (ավելի կոնկրետ՝ 21.9%-ով) անկում է արձանագրվել։ Հայաստանի տնտեսության համար սա իրոք աղետալի ցուցանիշ է։ «Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության զարգացման կարեւորագույն շարժիչներից մեկը շինարարությունն է, եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներն առաջին հերթին իրենց վրա զգացին հենց մեր կառուցապատողները, որովհետեւ օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ նվազեցին շինարարության ոլորտում, եւ դա բացասաբար անդրադարձավ համախառն ներքին արդյունքի մեր ցուցանիշների վրա»,- կառավարության նախավերջին նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անկեղծանալով, որ Հայաստանի տնտեսությունը, կամ ավելի ճիշտ՝ տնտեսական ցուցանիշները, կախված են էլիտար շենքերի շինարարությունից։

Կառավարությունում այնքան մտահոգված են շինարարությամբ, որ որոշում է կայացվել կառուցապատողներին մինչեւ 20 միլիարդ դրամ պետական երաշխիքներ տալ՝ բանկերից վարկեր ստանալու համար։ Որպեսզի ավարտին հասցնեն կիսատ մնացած շինությունները։ Իսկ թե հետո ում պետք է վաճառեն պատրաստի բնակարանները եւ ինչպես պետք է մարեն վերցված վարկերը՝ հայտնի չէ։ Կարեւորն այն է, որ բանկերը պետության «դաբրոյով» մոտ 20 միլիարդ դրամ կտան կառուցապատողներին, որոնք որոշ չափով ակտիվություն կմտցնեն այս ոլորտում, եւ միգուցե հաջորդ ամիսների ցուցանիշները փոքր-ինչ ավելի մխիթարական կլինեն։ Հանուն արդարության՝ նշենք, որ կառուցապատողներին ցույց տրվող օգնությունը միայն խոշոր բիզնեսին օգնել չի նշանակում, քանի որ աշխատանքների շարունակումը թույլ կտա խուսափել գործազուրկների թվի շեշտակի աճից։ Թեեւ ակնհայտ է, որ դա խնդրի լուծման մակերեսային եւ կարճաժամկետ ազդեցություն ունեցող ճանապարհ է:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով, գործազուրկների թիվը 2009թ. առաջին 3 ամիսների ընթացքում աճել է 4000-ով. եթե 2008-ի վերջին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում էր 74 հազար 700 մարդ, ապա մարտին գործազուրկների թիվը հասել է 78 հազար 700-ի։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա դրա ծավալները 2009թ. հունվար-մարտ ամիսներին նվազել են 27.7%-ով՝ կազմելով 781.9 միլիոն դոլար։ Ինչպես եւ նախորդ ամիսներին, առավել զգալի է արտահանման ծավալների գրեթե կրկնակի անգամ անկումը՝ 47.3%-ով։ Ներմուծման ծավալները նվազել են 22.2%-ով՝ կազմելով 658 միլիոն դոլար։