Հակասություններ չե՞ն լինի

21/04/2009

«Երեւանի մասին օրենքի» հիմնական հեղինակներից մեկը` իրավաբան Հրայր Թովմասյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Երեւանի ավագանու ընտրություններում հաղթի ընդդիմությունը, ապա իշխանությունը չի կարողանա խոչընդոտել ընդդիմադիր քաղաքապետի գործունեությանը` նաեւ ֆինանսավորելու առումով` առնվազն առաջիկա 3 տարիների ընթացքում, քանի որ այդ հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ:

Մյուս կողմից, ըստ Հ. Թովմասյանի, ընդդիմադիր քաղաքապետով եւ գործող իշխանությամբ Հայաստանը կարող է առանց ցնցումների հասնել մինչեւ 3-4 տարի հետո նախատեսված հաջորդ ընտրություններին: Ուշագրավ է, որ Հ. Թովմասյանը, շեշտելով կառավարման խորհրդարանական մոդելի առավելությունները, շատ է կարեւորել այն հանգամանքը, որ պառլամենտական մոդելում, ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերի, գործադիր եւ օրենսդիր մարմինների միջեւ հակասությունները գրեթե բացառվում են, իսկ առաջանալու դեպքում` հեշտությամբ լուծվում են: Հ. Թովմասյանը կարծում է, որ նման հակասություններ չեն կարող առաջանալ Երեւանի ընդդիմադիր քաղաքապետի եւ գործող իշխանության միջեւ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունն ու ֆունկցիաները նման չեն իշխանության թեւերից որեւէ մեկի գործառույթներին: Հ. Թովմասյանը նաեւ շեշտել է, որ բազմաթիվ երկրներում եղել են իրավիճակներ, երբ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմությունը, եւ այդ վիճակը երկար ժամանակ պահպանվել է: