«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեղադրում է անօրինական գործունեություն ծավալելու մեջ: «Կառավարությունը նախորդ շաբաթ իր նիստում հավանություն է տվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Արդարադատության նախարարի նախաձեռնությանը: Ըստ դրա` «Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ» հետեւյալ հիմնավորումներով՝ «…կուսակցությունները մինչեւ ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) միջոցով շրջանցում են ընտրական օրենսգրքով սահմանված արգելքը: Մեր կարծիքով, նման երեւույթներն անընդունելի են, եթե նույնիսկ դրանք իրականացվում են բարեգործության անվան տակ: Նման խնդիրներին անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանն իր 10.06.07թ. ՍԴՈ 703 որոշմամբ»: «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբը համարում է, որ կոալիցիոն կուսակցություններից մեկը իրականացնում է ճիշտ հակառակ գործունեություն»,- ասված է հայտարարության մեջ:
Ռ. Թորոսյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանու ներքո 2009թ. ապրիլի 20-30-ը Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնում, Մալաթիայի հիվանդանոցում եւ Մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոնում կազմակերպվում է առողջապահական ակցիա: Իսկ ցանկացողները կարող են հերթագրվել իրենց համայնքի ԲՀԿ տարածքային խորհրդի գրասենյակներում: «Հուսով ենք, որ ընթացող ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ, Թիմի ԿԸՀ-ն, 07.06.09թ. իր նիստում, հաշվի կառնի Կառավարության տեսակետը ԲՀԿ-ի «անընդունելի» սույն գործունեության մասին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: