Բավական չէ, որ հայ աստղերը մատուցում են հիմնականում անորակ երաժշտություն, անգամ դա են ծուլանում անել կենդանի ձայնով` բերելով բազում հիմնավորումներ, թե ինչու անհարմար չեն զգում, երբ բեմում ընդամենը բացուխուփ են անում բերանները: Երբ հայ էստրադայի անմար եւ առաջին մեծության աստղերի համբավ ունեցող Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանը համատեղ համերգ էին կազմակերպել, համերգից հետո նոր պարզ դարձավ, որ երգչուհիները, արիուտես, նվագախմբի հետ փորձելու ժամանակ չէին ունեցել, հետեւաբար «ստիպված» էին երգել ֆոնոգրամայով, իսկ ավելի ստույգ` չերգել: Մշակույթի նախարարի հայտնի եւ ուշացած որոշումը` այսուհետ ոչ կենդանի ձայնով «երգելուց» առաջ` անպայման այդ մասին զգուշացնել հանդիսատեսին, արդեն հասցրել է քննարկվել այնքան, որ նոր բան ասել, թվում է` հնարավոր չէ: Թեեւ աստղերն այսուհետ կենդանի ձայնով երգելու որոշում (կարծում ենք` ոչ անկեղծորեն) ընդունեցին ընդգծված խանդավառությամբ, ամեն դեպքում, եթերից հնչող նրանց «կենդանի ձայն» նշանով համերգները վկայում են, որ վերջիններս գուցե թե դեմ չեն լավ երգելուն, սակայն կենդանի ձայնով երգում են ակնհայտ ֆալշ:
Բոլոր այն աստղերը, ովքեր անփոխարինելի են ֆոնոգրամայով երգելու գործում, ինչպես նշեցինք, արդեն հասցրել են իրենց ուրախությունը հայտնել հեռուստաէկրաններից: Իբր` սա այն որոշումն էր, որին վաղուց էին սպասում: Խոսել են բոլորը, բացի, թերեւս, նրանցից, ովքեր իրականում ունեն լավ ձայն, նվիրված են իրենց գործին` անկախ իրենց երիտասարդ տարիքից, երգում են բացառապես կենդանի հնչողությամբ: Այս անգամ զրույցի ենք հրավիրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի շրջանավարտ, այժմ երաժշտագիտության բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Ամիր-Կարայանին (ի դեպ, իր երգերի կատարումն այսօր միայն ա՛յս երգչուհուն է վստահում մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը) եւ նույն բուհի վոկալ բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Պետրոսյանին, ում ընթերցողներից շատերը հիշում են «Հայ սուպերսթարի» առաջին մրցույթից:
Հարց – Մենք` ունկնդիրներս, միամտաբար կարծել ենք, թե երգչին կենդանի ձայնով եւ լավ երգելու համար անհրաժեշտ է ունենալ ձայն եւ տաղանդ: Սակայն հայտնի որոշումից հետո պարզվեց, որ երգիչներին կենդանի ձայնով երգելու համար անհրաժեշտ է ամեն ինչ` բացի լավ ձայնից:
Սեդա Ամիր-Կարայան – Նախ, չեմ կարծում, որ երգիչ-երգչուհիներին պետք էր պետական որոշում, որպեսզի որոշեին իրենց համերգներն այսուհետ կատարել կենդանի ձայնով: Զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է չերգել կենդանի ձայնով: Ինչ խոսք, կան իրավիճակներ, որոնք ստիպում են կենդանի ձայնով չերգել: Հեռուստատեսային տաղավարում, ուր նկարահանվում է համերգ, հավանաբար, հնարավոր չէ ապահովել կենդանի ձայն, թեպետ ժամանակին նույն այդ տաղավարներում համերգները կազմակերպվում էին կենդանի հնչողությամբ: Երբ խոսքը համերգի մասին է, այսինքն` հանդիսատեսը տոմս է գնել եւ եկել է դահլիճ, բնականաբար, ակնկալում է կենդանի ձայն: Հակառակ դեպքում` նա կարող է այդ ամենը լսել հեռուստատեսությամբ կամ ռադիոյով: Երկրորդը` կենդանի երգելն անհրաժեշտ է առաջին հերթին արտիստին, որովհետեւ համերգը ստեղծագործական պրոցես է, որի ժամանակ մենք` կատարողներս, դառնում ենք կամուրջ հանդիսատեսի եւ երաժշտության միջեւ: Մենք այն օղակն ենք, որ պիտի կապի երաժշտությունը հանդիսատեսի հետ: Եթե մենք մեր գործն անում ենք արհեստականորեն եւ ոչ կենդանի ձայնով, դա հարգանքի արժանի չէ: Ցանկացած արտիստ, ով բեմ է դուրս գալիս, նախեւառաջ կատարում է հոգեւոր աշխատանք: Դա ստեղծագործական պրոցես է: Չի կարելի դնել ձայնագրություն եւ դրա տակ բերանը բացուխուփ անել: Դա կարելի է անել, ներեցեք, կրկեսում: Եթե երգիչը դուրս է գալիս բեմ, նրա համար պետք է հաճույք լինի հանդիսատեսի համար երգելը:
Սուսաննա Պետրոսյան – Պիտի ասեմ, որ իմ կարիերայի սկիզբը դրվեց կենդանի հնչողությամբ երգելու հիմքին: Գիտե՞ք, ինձ համար շատ անսովոր է երգել «պլյուսի» տակ: Չեք պատկերացնի` որքան բարդ է, որովհետեւ բերանդ պետք է ճիշտ բացես-փակես: Ինձ համար հաճույք է կենդանի ձայնով երգելը, եւ կարծում էի, թե դա այդպես էլ պետք է լինի, հնարավոր չէ այլ կերպ: Իմ կյանքում եղան համերգներ, երբ մեզ ուղղակի պարտադրեցին երգել ոչ կենդանի հնչողությամբ, որովհետեւ նկարահանումներ էին: Մեզ դա դուր չէր գալիս, սակայն, եթե պարտադրում են, պետք է անես: Եթե իմ ընտրությանն է մնում, ես միշտ ընտրում եմ կենդանի կատարումը եւ շատ մեծ հաճույքով երգում:
Հարց – Մեր հայտնի երգչուհիներից մեկը հեռուստատեսությամբ, անդրադառնալով կենդանի կատարման բարդություններին, նշել էր` կենդանի ձայնով երգելու համար կարեւոր են նախեւառաջ հանգիստ նյարդերը, իսկ երբ ինքն իր ավտոմեքենան համերգից առաջ կայանելու տեղ չի ունենում կամ ստիպված է դահլիճ մտնել հանդիսատեսի հետ նույն մուտքից, արդեն նյարդայնանում է եւ, հետեւաբար, կենդանի ձայնով կատարելու բարդություն է ունենում:
Ս. Ամիր-Կարայան – Այդ հիվանդությունը, գիտե՞ք, ինչ ախտորոշում ունի` աստղային հիվանդություն: Համամիտ եմ, որ ցանկացած նյարդային վիճակ կարող է ազդել երգչի ձայնի վրա. Կոկորդը օրգան է, եւ մի փոքրիկ նյարդային վիճակը, հուզմունքն արդեն ազդում են ձայնի վրա, սակայն չեն կարող իսպառ վերացնել ձայնը: Երգելիս կարող է ձայնը դողալ, բայց ոչ այնքան, որ երգիչը չկարողանա կենդանի երգել: Դա բացառվում է: Իսկ ինչպե՞ս բացատրել այն, որ մեր օպերային երգիչները, դերասանները, օրերով, ժամերով փորձ են անում Օպերայի բեմի վրա եւ ստանում են ընդամենը 30-40 հազար դրամ, իսկ մեր երգիչ-երգչուհիները մեկ երգ երգելու համար, ընդ որում` ոչ կենդանի ձայնով եւ նվագակցությամբ, պահանջում են 1500 դոլար: Պատկերացնո՞ւմ եք: Իսկ մեր Օպերայի երգիչները բացարձակապես չեն բողոքում, եւ դա՝ այն դեպքում, երբ երգում են բացարձակ կենդանի, առանց միկրոֆոնների, իրենց բնական հնարավորություններով: Այդ մարդիկ երբեք չեն դժգոհում, որովհետեւ արվեստի իրական ծառաներ են:
Հարց – Փաստորեն, հարսանիքներում, խնջույքներին, համերգի ժամանակ «աստղերը» ձկան նման բացուխուփ են անում բերանները` երգելով, ասենք, կանաչ-կարմիր շորերս հագել եմ կարգի երգ` պահանջելով մեծ հոնորար, իսկ հոգեւոր կամ դասական երգեր կատարող մեր երաժիշտները երգում են կենդանի ձայնով՝ ստանալով գրոշներ:
Ս. Ամիր-Կարայան – Այո, գրոշներ. այդ գումարով անհնար է ապրել, այն էլ՝ այսօր, այն էլ՝ Երեւանում (ի դեպ, Երեւանն այսօր ապրելու համար բավական թանկ քաղաք է):
Հարց – Արդեն կա որոշումը, կան այդ որոշումից խանդավառված երգիչներ, սակայն մյուս կողմից՝ կա նաեւ հանդիսատես, ով աստղերի համերգին գնում է ամենեւին ոչ արվեստին առնչվելու, քանի որ այն երգերը, որոնք կատարում են աստղերը, որպես կանոն` անորակ են պրոֆեսիոնալ առումով, եւ ոչ գրագետ` երաժշտագիտության տեսակետից: Հանդիսատեսին հետաքրքիր է` ինչ է տեսնելու, ինչ հանդերձով է լինելու երգիչը, ինչ շարժուձեւ ունի, եւ այլն:
Ս. Պետրոսյան – Չեմ կարող բոլորի մասին նույնն ասել: Ինքս շատ համերգների եմ ներկա գտնվել, ուր կային երեխաներ, ովքեր ուզում են տեսնել այն, ինչ նշեցիք` ինչ կեցվածքով է երգիչը, ինչ հագուստով: Բայց ներկա եմ եղել նաեւ այնպիսի համերգների, երբ հենց հանդիսատեսը բողոքում էր այն փաստից, որ երգիչ-երգչուհիները դուրս են գալիս բեմ, բացում-փակում են բերանները եւ հեռանում: Կարծում եմ, հանդիսատեսի երկու տեսակն էլ ունենք` ովքեր ցանկանում են լսել կենդանի կատարում եւ ովքեր կարեւորություն չեն տալիս դրան, այլ ուշադրությունը սեւեռում են հիմնականում արտաքին ատրիբուտներին:
Ս. Ամիր-Կարայան – Համամիտ եմ, որ հանդիսատեսը տարբեր է: Նախ` կա տարբերություն, թե ինչպիսի երաժշտություն լսելու են գնում: Բնականաբար, դասականին մոտ արվեստը, օրինակ` Ռոբերտ Ամիրխանյանի երգերը, որ ես հաճույքով կատարում եմ, չեմ համարում էստրադային, որովհետեւ դա ակադեմիկ ժանր է: Այդ ժանրի սիրահար հանդիսատեսը տարբերվում է, որովհետեւ, եթե նա գալիս է լսելու որակյալ երաժշտություն, նա ինչ-որ չափով նմանվում է այդ երաժշտությանը, կյանքում սկսում է առաջնորդվել այդ երգերի տեքստերով, մարդն ինքը դառնում է այդ երաժշտության նման: Ես ինքս իմ օրինակով եմ ասում` ոչ թե որպես կատարող, այլ որպես երաժշտասեր: Կարծում եմ, այս որոշումը թեեւ վաղուց պետք է լիներ, բայց կուզեի, որ պետությունը մտածի հասարակությանը կրթելու մասին, որովհետեւ, եթե այսօր մեր երեխաները մեծանում են աստղեր կոչեցյալ երաժիշտների ռեպերտուարով, եթե մենք լսենք այդ երաժշտությունը, մենք էլ կդառնանք այդ երգերի նման` անբովանդակ ու անճաշակ: Չէ՞ որ լուրջ, դասական արվեստով ենք նախեւառաջ երկիրը ներկայացնում: Բայց չափանիշները փոխվել են: Այսօր երկիրը ներկայանում է «Եվրատեսիլով»: Այդ մրցույթը հիմա շատ ավելի կարեւորություն է ստացել, քան արժեր: Ես մրցույթի դեմ ոչինչ չունեմ, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ եւ իր տեղում:
Հարց – Մի առիթով, Սեդա, ասացիք, որ հարեւաններից շատերը խանդավառված չեն Ձեր արվեստով, քանի որ հեռուստատեսային այնպիսի նախագծերում, որպիսիք են «Երկու աստղը», «Երբ պարում են աստղերը» եւ այլն, Ձեզ չեն հանդիպում: Սուսաննա, Դուք եւս չկաք այդ նախագծերում: Բայց, ենթադրում եմ, որ որոշակի հարգանք վայելում եք Ձեր հարեւանների կողմից:
Ս. Պետրոսյան – Այո, հարեւանների կողմից միշտ լավ խոսքեր եմ լսում, միշտ հետեւում են իմ գործունեությանը: Իսկ թե ինչու չեմ երեւում Ձեր նշած նախագծերում, պարզապես ես հիմա անում եմ իմ աշխատանքը, շուտով լույս կտեսնի իմ առաջին սկավառակը: Այսինքն` ուսմանը զուգահեռ աշխատում եմ, անգործ չեմ մնում:
Հարց – Սեդա, վերոնշյալ նախագծերին Ձեզ չե՞ն հրավիրում, թե՞ Դուք չեք մասնակցում:
Ս. Ամիր-Կարայան – Նախ` ես հրավեր էլ չեմ ստանում, եւ փառք Աստծո. դա իմ ժանրը չէ: Ես այդ տեսակ նախագծերում չեմ կարող մասնակցել` դա իմը չէ: Ես բեմում պետք է անեմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է, որպեսզի անկեղծ լինի:
Հարց – Խոսվեց «Եվրատեսիլի» մասին: Սուսաննա, Ձեր կարծիքով, Ինգա եւ Անուշ Արշակյաններն` իրենց երգով, ունե՞ն հաղթելու հավանականություն:
Ս.Պետրոսյան – Ես հենց սկզբից ցանկանում էի, որ հենց իրենք գնան: Կարծում եմ, եվրոպացիները կհավանեն մեր ֆոլկլորային ելեւէջները: Սիրտս վկայում է, որ իրենք լինելու են առաջին հորիզոնականներից մեկում:
Ս. Ամիր-Կարայան – Անկեղծ ասած, երգն իմ ճաշակով չէ: Իմ կարծիքով, երբ փորձում ես մի քանի բան խառնել իրար, այնքան էլ հաջող չի ստացվում, քանի որ նատուրալ արվեստ չէ: Սա նույնիսկ զտված ֆոլկլոր չէ: Հավանաբար, այդ մրցույթի համար հաջողված երգ է: Այնուամենայնիվ, հուսով եմ, երգը հաջողություն կունենա: