«Միայն հիշում եմ, որ մամաս մոխրամանը շպրտեց գլխիս»,- ասում է որբացած երեխան

21/04/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

11-ամյա Լուսինեի աչքերի մեջ զսպված վիրավորանքն ու ատելությունը թափանցիկ նյութի պես դիրքավորվել են նրա դեմքի վրա ու փոքրիկ աղջկա մանկության վրա մակագրել «որբ երեխա» վերնագիրը: Որբության բարդույթը ենթագիտակցորեն Լուսինեին մշտապես թաքցնում է սենյակի անկյուններում, ուր նա կծկված նստել է, կարծես ինքն իրեն բոլորից ուզում է թաքցնել, չնկատելու տալ: Հանրակացարանի փոքրիկ սենյակում երեխաները վազվզում, աղմկում են, ու այդ անհանգիստ պայմաններում անկյունում կուչ եկած Լուսինեն մեծ մարդու, հոգնած ու ամբողջ մի կյանք ապրած տարեցի նման լուռ հետեւում է իր հասակակիցների կենսուրախ շարժումներին: Կարծես ոչ եղել է, ոչ էլ կա…

Մեկ տարեկան հասակում մայրը Լուսինեին լքել է: Ասում եմ` «Արի մի քիչ զրուցենք: Ինչի՞ ես էդքան նեղված, աչքերդ լցված են»: Գլուխն անհանգիստ կախում է` ինչ-որ բան թաքցնելու ներքին մղումով: Ապշում եմ, որովհետեւ 11-ամյա այս երեխայի մազերի մի հատվածը ճերմակած է: Ուզում է լաց լինել, բայց ինքն իրեն սպանելով` արցունքները խեղդում է աչքերի մեջ: Տան տիկինը` Կարինեն, անմիջապես պատասխանում է Լուսինեի փոխարեն` թույլ չտալով, որ նա խոսի. «Գլանները լցված են, կոկորդը ցավում ա, դրա համար էլ աչքերը լցված են»: Կարինեն 8 երեխաների մայր է եւ վերջերս կորցրել է ինֆարկտից մահացած որդուն: Լուսինեն Կարինեի տագրոջ աղջիկն է, ում ծնողները երեխային լքել ու հեռացել են անհայտ ուղղությամբ: Կարինեն պատմում է` «Տագրս հարբեցող էր, ահավոր էր խմում, իսկ կինը… Բաժանվեցին ու, երբ կինը Լուսինեին ունեցավ` երեխու գլխին ինչ ասես որ չէր հանում: Շատ տանջված երեխա ա»: Լուսինեն ատելությամբ նայում է Կարինեի երեխաներին, ինձ, պատուհանից դուրս ու կրկին կուչ է գալիս անկյունում: Հարցնում եմ` «Մորդ հիշո՞ւմ ես»: Պատասխանում է` «Մենակ հիշում եմ, որ մի օր մոխրամանը շպրտեց գլխիս: Հես ա շռամը»: Լուսինեի մազափնջի մի հատված բաժանվում է երկար սպիով, որը ծածկված է ճերմակած մազերով: Կարինեն պատմում է, որ Լուսինեի մայրը` Արեւիկը, բազմիցս երեխայի երեսին շպրտել է, թե` «Չեմ սիրում քեզ: Դու բեռ ես իմ վրա, ինձ երեխա պետք չի»: «Մայրական բան չկար էդ կնոջ մեջ: Երեխային ունեցավ, բայց պարսիկների հետ քարշ էր գալիս: Էդ գործով էր զբաղվում, դրա համար էլ երեխան իրան խանգարում էր»: Երեխայից ազատվելու համար Արեւիկը դիմել է Շենգավիթի թաղապետարան, որպեսզի նրանք Լուսինեին հանձնեն մանկատուն: Կարինեն ասում է` «Սիրտս կտոր-կտոր եղավ, չթողեցի: Ասեցի` պետք չի մանկատուն տալ, ես կպահեմ: Ութ երեխաների մայր եմ, չեմ կարող անտարբեր լինել»: Լուսինեին թողնելով Կարինեի մոտ` մայրը հեռացել է, ու արդեն 10 տարի է, ինչ նրանից որեւէ տեղեկություն չկա: Հարցնում եմ` «Կարոտո՞ւմ ես մամայիդ»: Չարացած հայացքով պատասխանում է` «Չէ՛, չեմ կարոտում ու չեմ էլ ուզում հիշել: Իրանք ինձ անտեր են թողել ու ինձ չեն սիրում: Չեմ ուզում, որ իրանք ինձ գտնեն, ինձ պետք չեն»: Կարինեն բազմիցս Լուսինեին առաջարկել է դիմել համապատասխան կազմակերպություններին եւ քայլեր ձեռնարկել մորը գտնելու համար, սակայն աղջիկն արգելել է մորը փնտրել: Դանդաղ մոտենում է ինձ ու ականջիս շշնջում է` «Դու ինձ չես հասկանա, քեզ սիրում են: Իմ ծնողներն ինձ չեն սիրում, մենակ Կարինեն ա ինձ սիրում, ինքն ա ինձ մեծացրել ու չի թողել, որ գցեն մանկատուն»: Կարինեն վատառողջ է, ծանր խնդիրներ ունի ու, երբ մանկահասակ երեխաների չարաճճիություններից նյարդերը տեղի են տալիս` Լուսինեին սպառնում է մանկատուն տանել: Ասում է` «Մեկ-մեկ էլ չեմ դիմանում, տենց ասում եմ, որ խելոք մնա»: Կարինեի աննրբանկատ սպառնալիքն ամեն անգամ խոցում է փոքրիկ աղջկան, դրա համար էլ ամեն րոպե աչքի առաջ մանկատան բաց դռներն են երեւում:

Լուսինեն սովորում է հինգերորդ դասարանում: Երազում է շուտ մեծանալ ու նոր երազանքներ հորինել: Շուտ մեծանալու երազանքը հավանաբար ազատության մեջ լինելու երազանքից է:

Կարինեն երեխաների հետ ապրում է Շենգավիթ համայնքի Աերացիա թաղամասի 7-րդ հանրակացարանում, որը վերջերս ճանաչվել է 4-րդ կարգի վթարային շենք: Ընդհանուր կոմունալ պայմանները սոսկալի, հակահիգիենիկ են: Նրանց սենյակն աննկարագրելի փոքր է ու անգամ վառ երեւակայություն ունենալու դեպքում էլ` հնարավոր չէ պատկերացնել, թե բազմանդամ այս ընտանիքի անդամները որտե՞ղ են գիշերում: Ոմանք հաստատ գետնին են քնում, ու հաստատ էդ ոմանց մեջ Լուսինեն է: Չնայած սոցիալական ծայրահեղ վատ պայմաններին, այդուհանդերձ, բազմազավակ մայրը սիրում է Լուսինեին եւ ամեն ինչ անում է` որբ երեխային պաշտպանելու համար: Ասում է` «Գիտե՞ք ինչքան եմ սպասել էն օրվան, որ ինձ կճանաչեն Լուսինեի խնամակալ: Տասը տարի սպասել եմ»: Վերջերս Կարինե Առաքելյանը ստացել է Շենգավիթ համայնքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի որոշումը, որտեղ մասնավորապես նշվում է. «Շենգավիթ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմին է դիմել Աերացիա 7-րդ հանրակացարանի թիվ 32 բնակարանի բնակչուհի Կարինե Առաքելյանն անչափահաս զարմուհու` Լուսինե Առաքելյանի նկատմամբ խնամակալ նշանակվելու խնդրանքով: Անչափահաս Լ. Առաքելյանը ֆիզիկապես առողջ է, սովորում է թիվ 169 միջնակարգ դպրոցում: Լ. Առաքելյանը տվել է գրավոր համաձայնություն Կ. Առաքելյանին իր նկատմամբ խնամակալ նշանակելու մասին: Դիմումատու Կ. Առաքելյանը բնակվում է անչափահասի հետ, խնամում եւ դաստիարակում է նրան: Նա բնութագրվում է դրականորեն, բավարարում է խնամակալին օրենքով ներկայացվող պահանջները (հիմքը` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վավերացրած բնութագիրը եւ տեղեկանքը): Խնամակալության եւ հոգաբարձության հարցերով հանձնաժողովը որոշել է բավարարել Կ. Առաքելյանի խնդրանքը: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-42-րդ հոդվածներով, որոշում եմ` Քաղ. Կ. Առաքելյանին նշանակել անչափահաս Լ. Առաքելյանի խնամակալ: Սույն որոշման կատարման հսկողությունը դնել խնամակալության եւ հոգաբարձության հարցերով հանձնաժողովի վրա»:

Կարինեի բազմանդամ ընտանիքը գոյատեւում է 23.000 դրամ ընտանեկան նպաստով, իսկ աշխատող տանն ընդհանրապես չկա: Ասում է` «Ես սիրում եմ էս երեխային: Պահում, դաստիարակում, դպրոց եմ ուղարկում, բայց սնունդից շատ եմ խեղճանում, չեմ հասցնում: Օր ա լինում, որ երեխեքը սոված են քնում: Խանութներից պարտքով եմ հացը վերցնում: Եթե կարողանայիք օգնել սննդի հարցում` ես շատ շնորհակալ կլինեի: Ես առողջություն չունեմ, թե չէ հավաքարարություն կանեի, փող կաշխատեի»:

Որբացած Լուսինեի համար մեր պետությունը հատկացնում է ամսական ընդամենը 4000 դրամ թոշակ: Եվ սա այն պետության տրամադրած թոշակն է, որն արդեն քանի տարի որդեգրել է աղքատության հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում նաեւ իրականացնում է մանկատների բեռնաթափման գործընթաց: Մեր պետությունը փաստորեն բնակչությանը խրախուսում է մանկատներից երեխաներ որդեգրել, խնամակալության վերցնել, բայց որբացած երեխայի համար մանկատնից դուրս հատկացնում է ընդամենը 4000 դրամ:

Լուսինեի՝ վիրավորանքն ու ատելությունը զսպած, խոնավ աչքերը տխուր դիմանկարի պես մինչեւ հիմա կախվել են աչքիս առաջ, ու մի բան հաստատ չեմ հասկանում. գլաննե՞րն էին լցված, թե՞…