Շախմատը մեր ժողովրդի ամենասիրած խաղերից մեկն է։ Չգիտես՝ շախմատի նկատմամբ եղած մեր ժողովրդի սիրո արգասի՞քն է տաղանդավոր շախմատիստների ծնունդը, թե՞ տաղանդավոր շախմատիստների ծնունդն է նպաստում ժողովրդի նվիրվածությանը շախմատին։ Դրեզդենի շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց գերազանց խաղը զարմացրեց ողջ աշխարհին՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով Օլիմպիական գավաթը։ Փոքրիկ Հայաստանը դարձավ երկրագնդի շախմատային գերհզոր երկիր։ Շախմատի տունը միշտ լիքն է շախմատասերներով։ Շախմատի Կենտրոնական տուն են հաճախում տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության եւ տարբեր մտածողության տեր մարդիկ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կենսաթոշակառուները, Հայրենական պատերազմի մասնակիցները։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հզոր կազմը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, անդամներ՝ Տիգրան Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը, խոշոր գործարար Բարսեղ Բեգլարյանը, գործարար Լեւոն Յոլյանը եւ այլք, մշտապես որակապես եւ նյութապես աջակցում են հայ շախմատին եւ, հատկապես, Շախմատի տանը։ Վերստին վերանորոգվել է Շախմատի տունը, շենքը նորմալ ջեռուցվում է, կահավորված է շախմատի սեղաններով, աթոռներով ու բազմաթիվ շախմատաքարերով։ Սակայն, այսքանով չբավարարվելով, Շախմատի տան տնօրեն պրն Թավադյանը սկսեց իր յուրահատուկ բիզնեսը։ Նա անընդմեջ Շախմատի տանն անց է կացնում մատղաշ երեխաների «որակավորման» մրցույթներ եւ հազարավոր երեխաներից՝ ամեն մեկից, ստիպողաբար վերցնում է 1000-1500 դրամ։ Իսկ շատ տաղանդավոր երեխաներ չեն կարողանում մասնակցել այդ մրցումներին, քանի որ նյութապես անկարող են վճարել։ Զարմանալին այն է, որ կենսաթոշակառու շախմատիստները Շախմատի տուն հաճախելով՝ ստիպված են շախմատի հնամաշ քարերի համար վճարել 50-100 դրամ, իսկ եթե վերցնում են շախմատի ժամացույց, ապա վճարում են եռակի ավելի։ Ի՞նչ է, Երեւանի գրադարանների տնօրեննե՞րն էլ սկսեն գումարներ հավաքել ընթերցողներից՝ գիրք տրամադրելու դիմաց, թե՞ դա միայն Շախմատի տան մենաշնորհն է։ Հաճախ Շախմատի տան դռները փակում են շախմատասերների առջեւ՝ պատճառաբանելով, որ երեխաների որակավորման, այսինքն՝ «դրամահավաքի» մրցումներ են ընթանում։ Հանգում ենք այն եզրակացության, որ հարկավոր է ամեն շախմատի սեղանի վրա դնել դրամարկղ եւ կտրոններ հանձնել այդ սեղանը վարձակալողին։ «Ե՛վ պետությունը կշահի, եւ՛ շախմատասերները»,- ինչպես ասում է Հրանտ Թոխատյանը։ Այդ դեպքում, միգուցե, խաղարկության ժամանակ շախմատասերները ետ շահեն իրենց կորցրած գումարները։ Շախմատի տունը հնարավորություն ունի չորս հարկերում անցկացնել մրցումներ, եւ, եթե ռացիոնալ օգտագործեն տարածքը, ապա շախմատասերները կունենան իրենց մշտական շախմատ խաղալու տեղը։ Պարոն Թավադյանը, շախմատասերներին Շախմատի տուն այցելելը արգելելու փոխարեն, բարի լիներ արգելել Շախմատի տան անճոռնի կցակառույցը՝ «Տաշիր պիցցան», որը չարորակ ուռուցքի պես փաթաթվել է Շախմատի տանը եւ որակազրկել է շենքի ճարտարապետական տեսքը։ Չար լեզուներն ասում են, որ պարոն Թավադյանն այդ սրճարանում փայատեր է։ Պարոն Թավադյանը չի բավարարվում այսքանով։ Նա Շախմատի տանն անց է կացնում նարդու եւ բլոտի մրցումներ մեծահասակների շրջանում եւ հավաքում է 5000-ական դրամ յուրաքանչյուր խաղացողից։ Ճիշտ է, դրա մի մասը վերադարձնում է հաղթողին, բայց ի՞նչ կապ ունի Շախմատի տունը զառի եւ խաղաթղթերի հետ, այն էլ՝ մատղաշ երեխաների առջեւ։
Դիմում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին եւ պահանջում ենք Շախմատի տանը մեզ հատկացնել շախմատ խաղալու մշտական անվճար տեղ, որի իրավունքն ունեն վաստակաշատ շախմատասեր թոշակառուները։
Ալբերտ ԱԲԳԱՐՅԱՆ
16.04.09թ.