Երեկ Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «կողմերը համաձայնություն են ձեռք բերել կենտրոնացնել ուշադրությունը հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու վրա»: Պատասխանելով BBC ռադիոկայանի լրագրողի հարցին` թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմնարար սկզբունքները վերջնականորեն մշակելու համար, Բրայզան ասել է. «Հիմնարար սկզբունքները հստակեցնում են հակամարտության արդյունավետ լուծումը, հակամարտության լուծման շրջանակները: Դա հավասարակշիռ եւ արդար պայմաններ կստեղծի գործընթացը տեղաշարժելու համար` հաշվի առնելով տարածաշրջանի երկու էթնիկ խմբերի անվտանգության ապահովման մեխանիզմները, տարածքները վերադարձնելը, փախստականներին իրենց բնակավայրերը հետ բերելը: Այստեղ նաեւ մտնում են վիճահարույց տարածքների քաղաքական կարգավիճակի հստակեցման մեխանիզմները: Այսպիսով, ներկա դրությամբ մի քանի հատուկ հարցեր գտնվում են լուծման փուլում եւ մոտ են վերջնական կարգավորմանը: Դրանց լուծումները թույլ կտան ընդհանրացնել հանգուցալուծման շրջանակները, ինչն էլ մենք անվանում ենք հիմնարար սկզբունքներ: Սակայն այդ անհամաձայնեցված պահերի մասին ես ոչինչ ավելի չեմ կարող ասել, քանի որ, հարգելով նախագահներին, պետք է պայմաններ ստեղծեմ, որպեսզի նրանք կարողանան ազատորեն բանակցություններ վարել: Նախագահները պետք է ի վիճակի լինեն խիզախ որոշումներ կայացնել,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը` ավելացնելով,- Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք պետք է կոնկրետ արդյունքների հասնենք: Մենք պետք է շոշափելի առաջընթաց գրանցենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Կարծում եմ, որ այդ առաջընթացը շատ մոտ է, եւ հույս ունեմ, որ մենք այն կտեսնենք նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի` հաջորդ ամսին սպասվող հանդիպման ժամանակ»: Հիշեցնենք, որ նախօրեին էլ Բրայզան ասել էր, թե իր կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում «բեկում կարձանագրվի» այս տարվա մայիս-հունիս ամիսներին: