Ջան-ջիգյար

19/04/2009

Հինգշաբթի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա եւ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Երկու նախագահների բանակցությունները շարունակվել են երեկ եւ, ինչպես գրում է «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը, չեն սահմանափակվել նավթագազային հարցերով: Ըստ թերթի, Ալիեւն ու Մեդվեդեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք պետերբուրգյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կարող է անցկացվել հունիս ամսին: «Դատելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի նախագահը, ում, ինչպես հիշում ենք, նախորդ տարվա աշնանը հաջողվեց «կազմակերպել» Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը, մտադիր է զարգացնել հաջողությունը: Պետք է նշել, որ սա հատկապես կարեւոր է` հաշվի առնելով, որ Ալիեւը եւ Սարգսյանը մտադիր են հանդիպել մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում նվիրված ԵՄ «Արեւելյան համագործակցությանը,- գրում է «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը` ավելացնելով,- Դատելով հայտարարություններից`պաշտոնական Մոսկվան ողջունում է Պրահայում ծրագրված առաջիկա հանդիպումը, սակայն չի հավատում վերջինիս արդյունավետությանը` պատրաստ լինելով «խաղաղարարության դաս» տալ Արեւմուտքին Սանկտ Պետերբուրգում»: Նույն թեմայի շրջանակներում «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը բազմիցս դիմել է Ռուսաստանին զինամթերք, մասնավորապես, հակատանկային, հրթիռազենիթային համալիրների, տանկերի եւ հրանոթների մատակարարման խնդրանքով: «Սակայն հաշվի առնելով «հայկական գործոնը»՝ այդ հարցումները նախկինում անպատասխան են մնացել: Իսկ այժմ, դատելով Մեդվեդեւի եւ Ալիեւի բանակցություններից, ռուսական կողմը կարող է բավարարել Ադրբեջանի շահագրգռվածությունը»,- նշում է թերթը` ավելացնելով, որ իր թղթակցին «Ռոսօբորոնէքսպորտ»-ում հիշեցրել են` Ադրբեջանը Ռուսաստանի առաջնային գործընկերներից մեկն է ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից: Երեկ ռուս-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Նախորդ տարվա ապրանքաշրջանառությունն ավելացել է 40 տոկոսով, բայց ընթացիկ տարին էապես դժվար կլինի: Մեր խնդիրն է՝ պահպանել այն, ինչ արվել է, առավել եւս, որ մենք աճի ենք հասել ոչ միայն էներգակիրների, այլ ապրանքաշրջանառության որակական փոփոխության շնորհիվ, ինչը հատկապես գնահատելի է»,- խոսելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական կապերի մասին, ասել է Մեդվեդեւը` ընդգծելով, որ երկու երկրների միջեւ հաստատվել են «լավ հարաբերություններ»: Իլհամ Ալիեւն էլ հայտարարել է, թե հույս ունի, որ չնայած տնտեսական ճգնաժամին, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2009 թվականին կհասնի 3 միլիարդ դոլարի: Ըստ Ալիեւի, այդպիսի ցուցանիշը «երկու երկրների նախագահների միջեւ լավ հարաբերության արդյունք է»: «Ռուսաստանն Ադրբեջանի բարեկամն է, հարեւանը, ռազմավարական գործընկերը, եւ այդ հիմքի վրա մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունը»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: