80-ամյա կինն արդարություն է փնտրում

19/04/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խմբագրության դուռը զայրույթով բացվում է ու հայտնվում է մեր քաղաքում ապրող փոքրամարմին այն հարյուրավոր տատիկներից մեկը, ով արդարություն փնտրելու ճանապարհին բառիս բուն իմաստով մաշվում է: Զայրույթն ու բարկությունն այս տատիկին հյուծել են, իսկ նա չի դադարում կրկնել` «Էլ չեմ դիմանում, ներվերս քայքայվել ա: Էս ի՞նչ անարդարություն ա»:

80-ամյա Սարայի Մանուկյանն ամեն օր թակելով բոլոր հնարավոր դռները` արդարություն է փնտրում: Ասում է` «Ճիշտ հասկացեք, ես ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, ընդամենը ճիշտն եմ ուզում, արդարություն եմ ակնկալում»: Անզորությունից բղավում, զայրանում է, որովհետեւ ամեն օր իրեն նվաստացնում, ստորացնում են: Ըստ նրա` թաղամասի «էլեկտրիկ Օգսեն Մկրտչյանն ապօրինաբար էլեկտրական պարտքեր է գրանցում» եւ 80-ամյա այս միայնակ թոշակառուի գումարները «շորթում» է: Սարայի տատը հուզմունքից դողում է, որովհետեւ էլեկտրիկն ամեն օր սպառնում է լույսն անջատել: Ասում է` «Ինչքա՞ն կարելի է մարդուն ստորացնել… օրերով մթության մեջ եմ ապրել, ինչ ա թե՝ էդ անօրինությունների հետ չեմ համակերպվում»:

Էջմիածին քաղաքի Աթարբեկյան փողոցի 1-ին փակուղու N1 տան բնակչուհի Սարայի Մանուկյանն, արդեն մի քանի տարի է` ապրում է հույսով, որ կգտնվի մեկն, ով ստուգելով թաղամասի էլեկտրիկ Օ. Մկրտչյանի գործունեությունը` կբացահայտի նրա կատարած «դրամաշորթության» փաստերը: 80-ամյա միայնակ թոշակառուն պատմում է. «Եղբորս հետ ապրել ենք նույն սեփական բակում եւ միասին ունեցել ենք նրա անունով մեկ էլեկտրահաշվիչ, որով զբաղվում էր միայն ինքը, եւ ծախսերի մուծման հարցերը լուծում էի իր միջոցով: Սակայն 2006թ. նա ընտանիքով տեղափոխվեց արտերկիր, եւ էլեկտրաէներգիայի հետ կապված բոլոր հարցերը եւ հաշվիչը մնաց ինձ վրա»: Էլեկտրիկ Օ. Մկրտչյանը հասկանալով, որ միայնակ թոշակառուն անպաշտպան եւ մասնավորապես էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերում անփորձ է, շատ բան չի հասկանում` սկսել է հաշվիչի վրայի թվային պատկերները խեղաթյուրել, ինչի արդյունքում մեծ պարտքեր է գոյացրել: «Ամենասկզբում ինձնից պահանջեց 60.000 դրամ, իսկ չմուծելու դեպքում սպառնաց հոսանքազրկել: Ես թոշակառու մարդ եմ, էդքան գումար ինձ որտեղի՞ց, կամ ես ինչպե՞ս կարող էի էդքան հոսանք վառել էն դեպքում, երբ բնական գազ ունեմ: Բայց մթության մեջ մնալու վախից ծանոթներիցս պարտք արեցի ու տվեցի իրան: Նա խոստացավ կտրոններն ինձ տալ, բայց ամեն անգամ ձգձգում, էսօր-վաղն էր անում ու էդպես էլ չտվեց մուծումների կտրոնները»: Հետագայում Սարայի տատը դիմել է Էջմիածնի էլեկտրացանց եւ էպիկրիզ է պահանջել, որից հետո պարզվել է, որ էլեկտրիկ Օ. Մկրտչյանը էլեկտրաէներգիայի համար տրված 60.000-ից վճարել է ուղիղ դրա կեսը, իսկ մնացած գումարը յուրացրել է. «Հետո հասկացա, որ միայնակ թոշակառու է գտել, որին կարելի է ինչպես հարկն է խաբել եւ փող աշխատել: Փաստորեն, առանց ամաչելու թվեր է գրում ու ինձնից պահանջելով՝ դնում է գրպանը: Ախր ես էդքան հոսանք չեմ վառել ու զարմանում էի, թե ինչի՞ ա էդքան ծախս գալիս»: Ներկայումս Սարայի տատի անվան տակ էլեկտրաէներգիայի պարտքերի կուտակում կա, սակայն, բացի այն, որ նա հնարավորություն չունի վճարել այդ գումարները, նաեւ չի դադարում ահազանգել էլեկտրիկի կատարած մեքենայությունների մասին: Ասում է` «Ինձ բոլորի մոտ ստորացնում է, ասում է` լույսդ կտրելու եմ: Առանց ամաչելու ասում է` ում ուզում ես՝ բողոքի»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմելուց հետո ծեր կինն ընդհանրապես հույսը կորցրել է, որ երբեւէ արդարության կհասնի: Բանն այն է, որ դիմումին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից խոստացել են «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից մասնագետ ուղարկել: Նման դեպքերում, սակայն, ըստ Ս.Մանուկյանի` իր տուն գնացած մասնագետներն առանձնանում են Օ. Մկրտչյանի հետ եւ գալով համաձայնության` հաստատում են Սարայի տատի էլեկտրաէներգիայի կուտակված պարտքերի հանգամանքը: «Իրենք գնում են մի կողմ, զրուցում են, ու բնական է, որ հօգուտ էլեկտրիկի են եզրակացությունն անում»,- ասում է նա` վստահեցնելով, որ անկախ փորձագետի ուսումնասիրության արդյունքում միայն հնարավոր կլինի բացահայտել Օ. Մկրտչյանի չարաշահումները:

Ի դեպ, Սարայի տատը նաեւ դիմել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին. «Երբ գնացի նրա մոտ` ուզում էր ինձ դրամական օգնություն տալ: Ասացի` ինձ ոչինչ պետք չի, ինձ արդարություն ա պետք: Նա խիստ զարմացավ, որովհետեւ ծերերն ամեն օր շարքով գնում են օգնություն խնդրելու: Պատմեցի, բացատրեցի մեր էլեկտրիկի արածների մասին, խնդրեցի, որ կանխեն էդ ամենը: Քաղաքապետը շատ բարեհամբույր, բարեխղճորեն լսեց ինձ, ասաց, որ էլեկտրացանցերը մասնավոր են, բայց ասաց, որ անպայման մասնագետ կուղարկի, հետամուտ կլինի»: Քաղաքապետարանի ընդհանուր բաժնի աշխատակից Հրաչիկ Սարգսյանն, այնուամենայնիվ, երկարատեւ ստուգումներ անցկացնելուց հետո պարզել է, որ Սարայի տատի հաշվին գրված էլեկտրաէներգիայի մուծումների որոշ մասն Օգսեն Մկրտչյանը գրպանել է եւ դրանից զատ եւս 50.000 դրամի պարտք է գրանցել: Սարայի տատը վստահեցնում է, որ քաղաքապետարանից ամիսներ շարունակ կանչում են Օ. Մկրտչյանին, սակայն վերջինս չի բարեհաճում գնալ, բացատրություն տալ: «Հասկանո՞ւմ եք, ստուգումներն անում են, բացահայտում են, որ նա անօրինական թվեր է գրել, յուրացրել է, բայց ոչինչ չեն անում կանխելու համար: Ես 80 տարեկան միայնակ թոշակառու եմ, էլ ներվերս չի դիմանում: Ներկա դրությամբ 50.000 դրամ պարտք է գրել ու ամեն օր բոլորի մոտ սպառնում է, որ լույսը կանջատի: Էլ ներվերս չի դիմանում… խնդրում եմ, ահազանգեք, թող բացահայտեն, դրա չարաշահումները կանխեն»,- ասում է Սարայի տատը: