Մի խումբ ճանաչված եվրոպահայեր` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը միացել են Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կողմից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակին` հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահը հարազատ կմնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած գաղափարներին: Նամակում նշվում է, որ Եվրոպայի հայկական համայնքներն անցյալ տարիների ընթացքում նպաստել են մի շարք եվրոպական խորհրդարաններում ցեղասպանության փաստի ճանաչման բանաձեւերի ընդունմանը` այն խորին համոզմամբ, որ դրանով օգնելու են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: «Միացյալ Նահանգների կողմից եւս Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը մեծապես կնպաստի այդ գործընթացին եւ կօգնի Թուրքիայի իշխանություններին անցնելու Ռուբիկոնն ու ազատվելու պատմության ծանր բեռից»,- ասված է նամակում: