Բուժիչ մանակ

19/04/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Իշառվույտից (դոնիկ) կարող են եւ՛ բուժվել, եւ՛ տուժել

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով, մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կան մարդիկ, որ մտածում են, թե «բնականը» չի կարող վնասել, եւ լիտրերով դեղաբույսերից պատրաստված թուրմեր ու պատրաստուկներ են խմում: Սակայն մեզ շատ ծանոթ դեղաբույսերից եւս հնարավոր են լուրջ թունավորումներ: Ամեն ինչ պետք է չափի մեջ օգտագործել, իսկ դեղաբույսերն` առավել եւս: Օրինակ` մարդիկ նյարդայնանալով, նետվում են դեպի վալերիանի կաթիլների սրվակը, հույսով, որ այն կհանգստացնի: Բայց երբեմն կարող է տեղի ունենալ բոլորովին հակառակ ռեակցիան` այն կարող է ավելի գրգռել նյարդերը: Իսկ շաբաթներով օգտագործելուց հետո էլ հնարավոր է` օրգանիզմը հարմարվի, եւ այն ընդհանրապես ազդեցություն չգործի տվյալ օրգանիզմի վրա: Թարմ սոխի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել առիթմիայի, իսկ սխտորինը` ստամոքսահյութի թթվայնության բարձրացմանը: Արեւքուրիկ բույսի չարաշահումը կարող է բերել իմպոտենցիայի: Մասուրի թուրմը, որ այնքան օգտակար է օրգանիզմին, եւս ունի իր բացասական ազդեցությունը: Այն խմելուց հետո բերանն անպայման պետք է ողողել ջրով, քանի որ քայքայվում է ատամների էմալը: Իսկ ահա իշառվույտը թեկուզեւ կարող է պաշտպանել օրգանիզմը ռադիացիայից, բայց դրա երկարատեւ գործածումը կարող է ներքին արյան զեղումներ առաջացնել:

Առհասարակ իշառվույտով պատրաստված պրեպարատներն ապահովում են սրտամկանի եւ որովայնի օրգանների արյան մատակարարումը, իջեցնում արյան խտությունը: Բժշկության մեջ իշառվույտն օգտագործվում է որպես հակասպազմային միջոց` կորոնար անոթների թրոմբների ժամանակ: Ավելի շատ ընդունված է դրա արտաքին գործածությունը, օրինակ` որպես թարախահան սպեղանի: Իշառվույտի շատ տեսակներ գոյություն ունեն: Օրինակ` Լեհաստանում իշառվույտի թուրմով բուժում են գլխացավը, անքնությունն ու նյարդային լարվածությունը, Բելառուսում օգտագործում են որպես միզամուղ միջոց, իսկ Գերմանիայում իշառվույտից պատրաստում են դեղեր վերին շնչուղիների ու մաշկային հիվանդությունների համար:

Մեզ մոտ էլ է այն օգտագործվում որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց: Մեր նամակագիրներից գրում են, որ իշառվույտի թուրմը շատ լավ գլխացավ է հանգստացնում: «Այս թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է կես լիտրանոց տարայի 1/3-ի մեջ լցնել իշառվույտի խոտ ու այնքան օղի, որ ծածկի խոտը: Այսպես թողնել 2 շաբաթ, մեկ-մեկ կարելի է թափահարել: 2 շաբաթ հետո քամել ու գլխացավի նոպաների ժամանակ քսել քունքերին»: Իսկ փքվածություն զգալու ժամանակ «պետք է վերցնել 15գ իշառվույտի չոր արմատներ ու վրան լցնել 1 բաժակ եռջուր եւ էլի եռացնել 10 րոպե, այնուհետեւ սառեցնելուց հետո քամել ու խմել օրը 1ճաշի գդալից` 3 անգամ»: Վերքերի արագ ապաքինման համար եւս շատ լավ է քսուքը, որ պատրաստված է հավասարաչափ քանակությամբ իշառվույտի աղացած ծաղիկներով ու կարագով:

Այս դեղաբույսից պատրաստվում են նաեւ թրջոցներ բորբոքված պզուկների, մաստիտների ու հոդային ռեւմատիզմների համար: (30գ հումքին ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել 30 րոպե, ապա կարելի է օգտագործել, որպես թրջոց):

Իշառվույտը հատկապես հակացուցված է երիկամային հիվանդներին, բրադիկարդիայով տառապողներին, հղիներին ու կերակրող մայրերին: Երբեմն էլ կարող է ինչ-որ օրգանիզմ պարզապես չընդունել:

Անհրաժեշտ է իմանալ

Ժողովրդական բժշկության օգնությանը դիմելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի կարեւոր կանոն: Տարբեր բույսերի օգտակար նյութերը տարբեր մասերում են կենտրոնացված: Օրինակ` կեչու, եզնալեզվի ու արջախաղողի մոտ դրանք կենտրոնացված են տերեւներում, կատվախոտի, մատուտակի, խավարծիլի մոտ` արմատներում, լորենու, երիցուկի, ալոճենու, անթառամի մոտ` ծաղիկներում, իսկ մասուրի, գետնամորու, ազնվամորու եւ հապալասենու մոտ` պտուղներում: Հավաքելիս պետք է հաշվի առնել այս ամենը:

Որպես կանոն՝ բույսի վերեւի հատվածը, այսինքն` հողի վրայի մասը հյութառատ է դառնում ծաղկման շրջանում, ուրեմն հենց այդ ժամանակ էլ պետք է հավաքել: Պտուղներն օգտակար են այն ժամանակ, երբ արդեն լավ հասունացել են: Իսկ կեղեւը (օրինակ՝ կաղնու կեղեւը) ավելի ճիշտ կլինի հավաքել հիմա` գարնանը: Արմատները կարելի է հավաքել աշնանը, երբ բույսի վերեւի մասը թառամում է: Բողբոջները պետք է հավաքել վաղ գարնանը, երբ դեռ չեն հասցրել բացվել: Իհարկե, կեչու եւ սոճու բողբոջները կարելի է հավաքել նաեւ ձմռանը:

Մի խորհուրդ եւս` տերեւները, ծաղիկներն ու պտուղները պետք է հավաքել միայն չոր եղանակին, քանի որ անձրեւից կամ պարզապես ցողից թրջված վիճակում՝ չորացնելու ժամանակ փչանում են: Հողի տակի հատվածները` արմատները, կարելի է հավաքել ցանկացած եղանակի, քանի որ, միեւնույն է, չորացնելուց առաջ այն պետք է լավ լվանալ: Եթե բողբոջները մանր են, ուրեմն այն պետք է պոկել ճյուղով` մոտ 50 սմ երկարությամբ, եւ չորացնելուց հետո միայն առանձնացնել բողբոջները: Կեղեւը հավաքում ենք միայն երիտասարդ ու հարթ ծառի վրայից: Իսկ չորացնելուց հետո կեղեւը կարելի է պահպանել մինչեւ 5 տարի: