«Նաիրիտի» հերթական արկածները

16/04/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեր թերթի «Նաիրիտի» հերթական շոուին սպասելիս» հոդվածի հրապարակումից հետո «Նաիրիտում» իսկական «վհուկների որս» է սկսվել` ինֆորմացիայի արտահոսքի մեղավորներին գտնելու համար: Մեր ունեցած տեղեկություններով` «իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեղավոր 2 աշխատակից» եւ անմիջապես ազատվել աշխատանքից: Նրանցից մեկին հետագայում հետ են կանչել, քանի որ վերջինս սպառնացել է «Նաիրիտում» տիրող իրավիճակի մասին նոր փաստեր տրամադրել լրատվամիջոցներին: Այս պայմաններում, առաջիկայում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է այցելել «Նաիրիտ»: Այցի կոնկրետ օրը կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ճշտել չհաջողվեց, սակայն գործարանի աշխատակիցներին ասվել է, որ վարչապետը այցելելու է ապրիլի 28-ին: Նրա այցը նախապատրաստելու համար ապրիլի 10-ին գործարանում է եղել Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ համապատասխան ցուցումներ է տվել: Ընդ որում, «նախապատրաստելը» մեղմ է ասված, քանի որ վարչապետի ընդունելությունը կազմակերպվելու է բրեժնեւյան ժամանակների ոգուն համապատասխան: Այս օրերին գործարանում կարգի են բերվում այն տարածքները, որտեղով անցնելու է «մեծարգո վարչապետը», նախօրոք ընտրվել են այն բանվորները, որոնք հանդիպելու են վարչապետի հետ եւ որոնք տալու են նախապես գրված հարցերը: Մի խոսքով, Տ. Սարգսյանը, որն ուժերի ներածին չափով ստիպում է Հայաստանի առեւտրային բանկերին՝ վարկեր տալ «Նաիրիտին» (թեեւ վերջինները հստակ գիտակցում են, որ այդ վարկերը չեն մարվելու), գործարանում հավուր պատշաճի ընդունելության կարժանանա, եւ այս ողջ բեմականացումը կցուցադրվի հեռուստատեսությամբ: Սակայն կա բրեժնեւյան ժամանակների մասին հիշեցնող ավելի ցնցող մի փաստ եւս: Պարզվում է` հերթական վարկը «հայթայթելու» նպատակով մի ծրագիր է շրջանառվում, որի համաձայն, ընդլայնվելու է Վանաձորի քիմիական գործարանի կողմից թողարկվող կարբիդի արտադրությունը եւ այդ կարբիդը հետագայում օգտագործվելու է՝ ացետիլեն, դրա հիման վրա էլ` քլորոպրենային կաուչուկ ստանալու համար: Ինչպես հայտնի է, կաուչուկի արտադրությունը կարելի է իրականացնել կա՛մ ացետիլենային եղանակով, կա՛մ բութադիենի հիմքի վրա: Այսօր աշխարհում կաուչուկ արտադրող գործարանների մեծ մասն աշխատում է բութադիենի հիմքի վրա: «Նաիրիտը» եւս ԽՍՀՄ վերջին տարիներին աշխատում էր այս եղանակով, որը ավելի շահավետ ու անվտանգ է, քան ացետիլենային եղանակը: Ացետիլենն իր հերթին ստացվում է երկու եղանակով: Սկզբնական շրջանում խորհրդային Հայաստանում այն ստանում էին կարբիդից, հետագայում այս տեխնոլոգիան ավելի կատարելագործվեց եւ ացետիլեն սկսեցին ստանալ պերոլիզի միջոցով, այսինքն` բնական գազի տաքացման եղանակով: Այսօր էլ «Նաիրիտը» աշխատում է այս վերջին եղանակով, քանի որ անկախությունից հետո բութադիենի ներկրումը դարձել է ավելի դժվար: Բայց քանի որ գազը գնալով թանկանում է (իսկ պերոլիզի եղանակը, ինչպես նշվեց, բնական գազ է պահանջում), ոմանք մտածել են, թե կարբիդն օգտագործելով կաուչուկ ստանալը կարելի է վերականգնել` կարբիդը Վանաձորում արտադրելով: Մինչեւ ճգնաժամը Վանաձորում արտադրվող կարբիդը վաճառվում էր Հնդկաստանում, սակայն այժմ խնդիրներ են առաջացել: Այսինքն` կարող է թվալ, թե այս ծրագրով մի գնդակով երկու նապաստակ է «խփվում»` մի կողմից «Նաիրիտն» ազատվում է թանկացող բնական գազն օգտագործելով կաուչուկ արտադրելուց, մյուս կողմից` Վանաձորի Քիմպրոմն ավելի շատ կարբիդ է թողարկում` ավելացնելով աշխատատեղերը: Սակայն իրականում այս ծրագիրն ընդհանրապես չի կարող հիմնավորված համարվել: Նախ` կարբիդ ստանալու համար անհրաժեշտ է ոչ միան կրաքար, որի պաշարներով Հայաստանը հարուստ է, այլ նաեւ ածուխ, որը բավականին թանկարժեք է եւ ներկրվելու է արտերկրից: Բացի այդ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց այս ոլորտում փորձ ունեցող մասնագետներից մեկը, 1 տոննա կաուչուկ ստանալու համար անհրաժեշտ է ծախսել 4 տոննա կարբիդ (այս հարաբերակցությունը կայուն է) եւ բոլոր դեպքերում 4 տոննա կարբիդի գինը միջազգային շուկայում շատ ավելի թանկ է, քան 1 տոննա կաուչուկի գինը: Այսինքն` այս ձեւով կաուչուկ արտադրելիս հումքն ավելի թանկ է արժենում, քան այդ հումքը վերամշակելուց հետո ստացվող արտադրանքը: Ավելին, թեեւ պերոլիզի ացետիլենով կաուչուկ ստանալը պայթյունավտանգ եւ վնասակար է էկոլոգիական տեսակետից (բութադիենային տեխնոլոգիայի համեմատ), սակայն շատ ավելի քիչ է վնասում շրջակա միջավայրին, քան կարբիդի օգտագործման դեպքում: Երբ ՀԽՍՀ-ում կարբիդի ացետիլենով կաուչուկ էր արտադրվում, օրական 30 տոննա փոշի էր նստում Երեւանում: Այնպես որ, այս ծրագիրն ամբողջությամբ բլեֆ է, թեեւ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հենց նման «ծրագրերն են իրագործվում»: Ուստի բացառված չէ, որ նաեւ կրթությամբ տնտեսագետ Տ. Սարգսյանի շնորհիվ ունենանք մի գործարան, որի թողարկած արտադրանքի գինը մի քանի անգամ զիջի այդ արտադրանքը թողարկելու համար օգտագործվող հիմնական հումքատեսակի գնին: