Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 14-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Սարգսյանն ու Սաիդ Ջալիլին գոհունակությամբ ընդգծել են անկախությունից ի վեր երկու բարեկամ երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտում դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը:
Թեհրանում Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ԻԻՀ Հոգեւոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի հետ: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեջադը, ամփոփելով երկօրյա քննարկումները, հրավիրված մամուլի ասուլիսում բարձր են գնահատել պաշտոնական այցի արդյունքները, ինչի վկայությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առեւտրի եւ բանկային ոլորտներում համագործակցության ու խոշորածավալ ծրագրերի իրականացման մասին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագրերն են: Ս. Սարգսյանի` ԻԻՀ կատարած երկօրյա պաշտոնական այցն ավարտվել է իրանահայ համայնքի շուրջ 3000 ներկայացուցիչների հետ Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցած հանդիպմամբ ու ելույթով, որում ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս ընթացող զարգացումներին: «Իհարկե, տեղյակ եք, որ այժմ ընթանում են բանակցություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։ Ղարաբաղը որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին։ Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական, ո՛չ բարոյական հիմք։ Եվ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նա ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թե՛ հայկական, թե՛ թուրքական, թե՛ միջազգային մամուլում շատ է խոսվում։ Երբեմն ենթադրություններն ու կանխատեսումները կամ բարի ցանկությունները ներկայացվում են որպես փաստ։ Ճշմարտությունը հետեւյալն է. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Մինչեւ այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան։ Այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարեւան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ։ Բայց այստեղ, այս դահլիճում մեկ անգամ եւս պետք է ասեմ, որ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, բնավ չի նշանակում՝ կասկածի տակ առնել Ցեղասպանությունը»:
Իր ելույթում Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա: «Հայաստանում, ինչպես գիտեք, վերջին տարում մենք բախվել ենք մի փորձության, որի հետ բախվել է ողջ աշխարհը, եւ որը կոչվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Պարզ է, որ դրա մեղավորը մենք չենք` ոչ Հայաստանը, ոչ Իրանը, բայց դրա ծանր հետեւանքներն իրենց զգացնել են տալիս, անշուշտ, նաեւ Հայաստանում։ Մեր խնդիրն է՝ նվազագույնի հասցնել ճգնաժամի բացասական հետեւանքները, որպեսզի մեր երկիրն ու ժողովուրդը հնարավոր փոքր կորուստներով հաղթահարեն այս ուղին։ Մենք ձեռնարկել ենք քայլեր եւ մշակել ենք միջոցառումներ, որոնք մեզ պետք է հնարավորություն տան փորձությանը դիմագրավել առանց լուրջ ցնցումների»,- ասել է նա։ Ամփոփելով իրանահայերի հետ հանդիպումը՝ Սերժ Սարգսյանը վերջում նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ավարտելով ելույթս` ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել. Իրանահայի տունն Իրանն է, օջախը` Հայաստանը: Իրանահայը պիտի սնվի երկու կենարար աղբյուրներից, ոգեշնչվի երկու մեծագույն մշակույթների ժառանգությամբ, հպարտանա երկու հայրենիքների վսեմությամբ: Նրան փառավորում են երկու պանծալի դրոշ ու պահպանում երկու օրհներգ: Նրա զավակները պիտի դառնան իրանական պետականության հիմնասյունն ու հայոց երկրի պատվիրակը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ջերմ վերաբերմունքին, այս պատվին արժանանալու համար։ Ինձ համար մեծ հաճույք է գտնվել «Արարատ» հոյակերտ կառույցում։ Օգտվելով առիթից` ուզում եմ այս խաչ-թուղթը, որը Արարատ Սարգսյանի ստեղծագործությունն է եւ արտապատկերն է ադրբեջանցիների կողմից ավերված Ջուղայի խաչքարերից մեկի, նվիրել ձեր կենտրոնին: Շնորհակալ եմ իրանահայությանը: Այսպիսի հանդիպումներն ինձ նոր լիցք են հաղորդում, ոգեւորում: Աշխարհի բոլոր անկյուններում կան հայեր, հայկական համայնքներ, բայց կան նաեւ բոլորից տարբերվող համայնքներ: Կեցցե՛ իրանահայությունը, փա՛ռք հայ ժողովրդին»: