Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis group) զեկույց է հրապարակել հայ-թուրքական հարաբերություններում ընթացող ներկայիս զարգացումների վերաբերյալ:
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի` ՄՃԽ զեկույցի, «ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները մեկ տասնամյակի ընթացքում հիմք դրեցին այժմյան ինտենսիվ միջկառավարական պաշտոնական հարաբերությունների ստեղծմանը: Երկու կողմերն այժմ մոտ են փաթեթային համաձայնության, որը կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, կբացի սահմանը եւ կստեղծի երկկողմանի հանձնաժողովներ, որոնք ուղղված կլինեն մի շարք խնդիրների քննարկմանը: Այս հանձնաժողովների շարքում կլինի այն մեկը, որը կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր պատմական դիտանկյունը, եւ այն կաշխատի հայերի նկատմամբ Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած բռնի տեղահանման եւ սպանդի, որն առավել լայնորեն ճանաչված է որպես Հայոց ցեղասպանություն, վերաբերյալ ըմբռնման ընդլայնման ուղղությամբ: Թուրքիան առարկում է ցեղասպանություն տերմինը` վիճարկելով դրա օրինական կիրառելիությունը եւ ընդգծում է իրեն արդարացնող այն հանգամանքը, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պատերազմում էր երեք ճակատներում: Սակայն շատ թուրքեր, ինչպես նաեւ՝ պաշտոնյաներ, այժմ հրապարակավ արտահայտում են իրենց զղջումը հայերի կյանքի ողբերգական եւ մեծաքանակ կորստի նկատմամբ»: «Թուրքերը եւ հայերը պատմության նկատմամբ երբեմնի չզիջող տեսանկյուններն էականորեն համամիտում են` ցույց տալով, որ խորը վերքերը կարող են բուժվել: Այս պատասխանատու ժամանակահատվածում երրորդ կողմերին քաղաքականացված բանավեճերում հարկավոր է զերծ մնալ ցեղասպանության ճանաչման կամ դրա ժխտման վերաբերյալ, որը կարող է բռնկել երկու կողմերի տեսանկյունները»,- մեկնաբանելով այս դիրքորոշումը, ասել է ՄՃԽ-ի Թուրքիայի եւ Կիպրոսի ծրագրերի ղեկավար Հյու Փոփը: Իսկ Ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբին-Ֆրայզերը հայտարարել է. «Թուրքիան եւ Հայաստանը պետք է վերջնական տեսքի բերեն իրենց համաձայնությունը, եւ այսպիսով, ստեղծեն Հարավային Կովկասում խաղաղությանն եւ համագործակցությանն ուղղված նոր խթան: Նրանք չպետք է սպասեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխարենը՝ դրսի ուժերը, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ այլք, պետք է օգտագործեն իրենց հազվադեպ համընկնող ընդհանուր շահերը, որպեսզի առաջ տանեն թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի գործընթացը»:
ՄՃԽ զեկույցում ներկայացված են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին ուղղված հետեւյալ առաջարկությունները: «Թուրքիան եւ Հայաստանը մոտ են այն վեճի կարգավորմանը, որը երկար ժամանակ պղտորում էր Կովկասի քաղաքականությունը՝ մեկուսացնելով Հայաստանին եւ խոչընդոտելով Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հավակնությունները: Ավելի քան մեկուկես տասնամյակ հայ-թուրքական հարաբերությունները «թունավորված» էին մի շարք խնդիրների պատճառով, ներառյալ` տարածքային վեճերի, խորհրդային ժամանակներում սերված փոխադարձ անվստահության, ադրբեջանական հողերի հայկական օկուպացիայի, ինչպես նաեւ՝ այն մտահոգությամբ, թե ինչպես վերաբերվել ընդհանուր անցյալին եւ ինչպես փոխհատուցել կատարված ոճիրների համար: Օսմանյան Թուրքիայի հայերի մեծ մասին ոչնչացնելը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին քաղաքականացված բանավեճը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղում դոփող հայ-ադրբեջանական բանակցությունները չպետք է կասեցնեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ռուսաստանը պետք է աջակցեն հաշտեցմանը եւ խուսափեն պատմության վերաբերյալ որեւէ հայտարարությունից, որն այսպիսի խոստումնալից ժամանակաշրջանում կարող է վնասել հաշտեցման գործընթացին:
Ճգնաժամային խումբն առաջարկություններ է անում.
Թուրքիայի կառավարությանը
– Համաձայնեցնել, ստորագրել եւ իրականացնել կարգավորման փաթեթը, որը կներառի դիվանագիտական հարաբերությունների եւ երկկողմ հանձնաժողովների հաստատումը, հասարակական կարծիքը պատրաստել հաշտեցման, խուսափել Ցեղասպանության վերաբերյալ երրորդ երկրների որոշումների կամ հայտարարությունների համար Հայաստանին սպառնալուց կամ պատժելուց:
– Հրաժարվել հարաբերությունների կարգավորման համար ԼՂ հակամարտության անհապաղ լուծում եւ Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերում պահանջելուց, փնտրել ուղիներ` Բաքվին ցույց տալու համար, որ Երեւանի` շրջափակման մտավախությունները փարատելով` կարգավորված թուրք-հայկական հարաբերությունները կարագացնեն հայերի հետքաշումը գրավյալ տարածքներից:
– Հայաստանի նկատմամբ բարի կամքի ժեստեր անել, օրինակ՝ Անի քաղաքի ավերակները պահպանելու ուղղությամբ առաջարկել համատեղ աշխատել` հստակ հայտարարելով, որ Թուրքիան կճանաչի եւ կպահպանի հայկական պատմական եւ կրոնական ժառանգությունը ողջ երկրի տարածքում:
– Համալսարաններին եւ ինստիտուտներին քաջալերել ավելի ընդգրկուն հետազոտություններ իրականացնել 1915թ. դեպքերի վերաբերյալ` նախընտրելի է` հայ եւ երրորդ երկրների գիտնականների մասնակցությամբ, արդիականացնել պատմության դասագրքերը եւ վերացնել կանխակալ մոտեցումները…
Հայաստանի կառավարությանը
– Համաձայնեցնել, ստորագրել եւ իրականացնել կարգավորման փաթեթը, շարունակել հասարակական գիտակցությունը պատրաստել հաշտեցմանը եւ խուսափել միջազգային մակարդակով Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գործողություններից, որոնք կբորբոքեն թուրքական հասարակական կարծիքը առկա գործընթացի նկատմամբ:
– Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների հիմքի վրա Ադրբեջանի հետ գնալ ԼՂ կարգավորմանը, սկսել Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերի հետքաշումը եւ Ադրբեջանի հետ ձգտել խաղաղության՝ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման կոնսոլիդացիան:
– Հստակ հայտարարել, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ որեւէ տարածքային հավակնություն չունի եւ ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունն ու 1915թ. Կարսի պայմանագիրը:
– Համալսարաններին եւ ինստիտուտներին քաջալերել ավելի շատ հետազոտություններ իրականացնել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ` ցանկալի է թուրք եւ երրորդ երկրների գիտնականների մասնակցությամբ:
ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ ԵՄ-ին ու նրա անդամ երկրներին ՄՃԽ-ն առաջարկում է խուսափել այնպիսի օրենքներից, հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են կասեցնել հայ-թուրքական կարգավորման ու հաշտեցման ներկա թափը»: