Ներկայիս առանձնահատկությունն այն է, որ տնտեսական կանխատեսման հորիզոնն առավելագույնս կրճատվել է: Ցանկացած երկարաժամկետ եւ, նույնիսկ, միջնաժամկետ կանխատեսում միանգամայն անիմաստ է:
Կարելի է ինչ-որ բան կանխատեսել ու պլանավորել առավելագույնը մի քանի ամսվա սահմաններում: Մենք նման ենք թանձր մառախուղի մեջ շարժվող նավի: Առջեւում կարող է պարզ ջուր լինել, կարող է լինել նաեւ այսբերգ: Այս պայմաններում կառավարությանը ոչինչ չի մնում, քան իրականացնել ճիշտ ուղղությամբ մանր քայլերի քաղաքականություն: Քայլեր, որոնք կարող են ապահովել արագ ու անկասելի փոխհատուցում: Ինչը եւ նա անում է: Ինչպես հայտնի է, 2009թ. տնտեսական աճի կանխատեսումը, իսկ հենց այս տարվա վրա է տնտեսական ճգնաժամի ողջ ծանրությունը, բավականին հոռետեսական է: Եթե աճը լինի զրոյական` արդեն իսկ վատ չի լինի: Բայց ինչի՞ հաշվին:
Տնտեսական աճի հիմնական աղբյուրներն արտաքին ներդրումներն են, արտահանումն ու սպառումը: Ակնհայտ է, որ արտաքին ներդրողները ներկա պայմաններում չեն շտապի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել: Արտահանման հարցում եւս ամեն ինչ պարզ է: Արտաքին շուկաները մեզ համար կտրուկ կրճատվեցին, ու պետք չէ սպասել նրանց արագ վերականգնմանը: Բացի այդ, ինչպես ցույց տվեց ճգնաժամը, արտահանումից չափից դուրս կախումը եւս ռիսկի գործոն է: Ամերիկյան պահանջարկը փլուզվեց ու իր ետեւից անդունդ տարավ իրեն սպասարկող բոլոր երկրների տնտեսությունները: Այդ երկրների արտահանման բոլոր կարողությունները ներկայում կանգնեցված են: Նման կախվածության «հաճույքներն» ամբողջությամբ վայելում են Ճապոնիան ու Չինաստանը: Ուստի, թեզիսը, թե արտահանման խթանումը պետության առաջնային խնդիր է, քանի որ ներքին շուկայի չափերը փոքր են, իհարկե, ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց դա միայն ճշմարտության կեսն է: Մյուս կեսն այն է, որ մեր շուկան փոքր է ոչ թե ֆիզիկապես, այլ ֆինանսապես` բնակչության անվճարունակության պատճառով: Օրինակ, Հայաստանից երկու անգամ քիչ բնակչությամբ Էստոնիայի շուկան շատ ավելի ընդգրկուն է: Այս պայմաններում միակ ելքը ներքին վճարունակ պահանջարկի եւ այդ պահանջարկը բավարարող ներկրումը փոխարինող արտադրության խթանումն է: Մենք պետք է լրջորեն զբաղվենք ներքին շուկայով եւ ոչ թե մշտապես ձեռք թափ տանք նրանից: Կարծում եմ, որ այստեղ մենք ունենք ոչ միայն լուրջ հակաճգնաժամային ռեզերվ, այլ ընդհանրապես` երկրի զարգացման ռեզերվ: Կարեւոր է ընդգծել եւս մեկ անգամ` այդ պահանջարկը պետք է խթանվի հիմնականում տեղական եւ ոչ թե արտասահմանյան ապրանքների ու ծառայությունների համար` այլապես ամբողջ մտահղացումը կկորցնի իր հակաճգնաժամային իմաստը: Այն, որ մենք գրեթե ոչինչ չենք արտադրում, մյուս կողմից լավ հիմք է ստեղծում ներկրման ակտիվ փոխարինման համար: Իրականում, մեր ճգնաժամի հիմքում ընկած է հենց այն, որ մենք «ոսկե գաստարբայտերության» տասնամյակում չկարողացանք տրանսֆերտային ներդրումներն ուղղել տեղական արտադրության զարգացմանը, անշնորհք ձեւով ֆինանսավորեցինք ներկրումը, այսինքն` օտարերկրյա արտադրության զարգացումը: Դրա համար էլ այսօր հատուցում ենք: Կարծում եմ, պետք է փոխվի նաեւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը: Սղաճի կանխումը որպես գլխավոր նպատակ հայտարարելը տեղին էր նեոլիբերալիզմի արդեն հնացած տեսության շրջանակներում: Այսօր այդ տեսությունը լրջագույն շտկումների է ենթարկվում: Ստեղծված պայմաններում, իմ կարծիքով, տնտեսության սղաճային զարգացումն ավելի լավ է, քան ոչ սղաճային լճացումը: Բացի այդ, քանի որ մենք ունենք սղաճի պահուստային ոչ քիչ հնարավորություններ, ճիշտ ժամանակն է դրանք օգտագործելու` դրամային զանգվածի մեծացման ճանապարհով: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ: Տնտեսությունը պետք է լցնել դրամով: Հիշենք, թե մեկ տարի առաջ ինչպես էր ամերիկյան կառավարությունը բառացիորեն փող շպրտում բնակչությանը` սպառողական պահանջարկը բավարարելու, իսկ վերջինիս միջոցով` տնտեսության աճն ապահովելու համար: Այս առումով մեր ռեզերվը շատ ավելի մեծ է` բնակչության զգալի մասն ապրում է բավականին համեստ եկամուտներով: Միջին աշխատավարձի եւ միջին թոշակի չափերը չեն դիմանում ոչ մի քննադատության: Դրանք հարկավոր է բարձրացնել, չսպասելով, որ շուկան բարեհաճի դա անել: Ցավոք, մենք մեր ֆորդերը չունենք: Չէ՞ որ, երբ Ֆորդը ստեղծեց ավտոմոբիլների հոսքագծային արտադրության համակարգը, առաջին հերթին նա բանվորների աշխատավարձը դարձրեց 5 դոլար այն դեպքում, երբ այդ ժամանակ միջին աշխատավարձը կազմում էր 1 դոլար: Այսինքն՝ նա ուղիղ 5 անգամ ավելի էր վարձատրում բանվորական ուժի միջին շուկայական արժեքից: Նա հասկանում էր, որ իրեն ընչազուրկ բանվորներ պետք չեն: Նրան հարկավոր էին բանվորներ, որոնք ի վիճակի էին գնելու իր ավտոմեքենաները:
Այն, ինչ Ֆորդը հասկացել էր 100 տարի առաջ, մինչ այսօր մեր գործարարները չեն հասկանում: Խոշոր հայ բիզնեսը չի գիտակցում, որ իրեն չքավոր բնակչություն պետք չէ, այլ պետք է բարձր եկամուտներ ունեցող բնակչություն: Ընկերությունների շրջանառության մեջ աշխատավարձի ֆոնդի տեսակարար կշիռը չափազանց փոքր է: Շատ ընկերություններում անձնակազմի պահպանման ընդհանուր ծախսերը չեն գերազանցում շրջանառության 10%-ը, ինչը շատ քիչ է: Մարքսը դա շահագործում կանվաներ: Այստեղ պետությունն ակնհայտորեն ասելիք ունի, եւ դա պետք է անել, հավանաբար, ոչ այդպես փափուկ ձեւով, ինչպես մինչ հիմա: Անհրաժեշտ է օգտագործել ինչպես վարչական, այնպես էլ տնտեսական լծակները: Պետք է խրախուսել տնտեսության բոլոր այն ճյուղերը, որտեղ ստեղծվում է աշխատավարձերի առավելագույն մակարդակ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է IT ոլորտին` որպես հայկական տնտեսության ամենաառաջավոր ճյուղի: Չէ՞ որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեկ աշխատատեղի ստեղծումը տասնյակ հազարավոր դոլար է արժենում: Ուրեմն, պետությունը պետք է փայփայի յուրաքանչյուր նման աշխատատեղը, իսկ դրա կրճատումը դիտարկի որպես արտակարգ պատահար, ինչը, ցավոք, այժմ տեղի է ունենում: Վերջիվերջո, ժամանակն է ինչ-որ իմաստ տալու այն հայտարարությանը, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջնային է Հայաստանում, այլապես ոչ ոք չի հասկանում, թե ինչում է կայանում այդ առաջնայնությունը: Խոշոր հաշվով, IT ոլորտից մեզ հարկավոր են ոչ թե հարկեր, այլ հենց նրա գոյությունը, եւ այդ գոյությունը չպետք է ենթարկվի որեւէ վտանգի, այդ թվում` հարկային: Քանի որ IT ոլորտն այսօր ամենակարեւոր առաքելությունն է կատարում հասարակության ու պետության մեջ` ամենաինտելեկտուալ եւ, միաժամանակ, ամենաբարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը: Նման համակցություն չկա ոչ մի այլ ոլորտում:
Բացի այդ, ներքին վճարունակ պահանջարկը խթանելու համար պետք է գործադրել ոչ քիչ բյուջետային միջոցներ: Այստեղ եւս մեծ ռեզերվներ կան: Նկատի ունենք, որ բյուջեի հաշվին ձեռք բերվող բոլոր ապրանքներն ու ծառայությունները պարտադիր կերպով պետք է գնվեն տեղական արտադրողից, եթե այդպիսին կա: Մինչ այժմ գործնականում ճիշտ հակառակն էր, բայց այսուհետեւ արտասահմանյան գնումների ֆինանսավորումը բյուջեի հաշվին, տեղական արտադրողների առկայության պայմաններում, պետք է անթույլատրելի համարել: Պետպատվերը լրջորեն կթեթեւացնի տեղական ընկերությունների կյանքը եւ կպահպանի աշխատատեղերը:
Կարելի է գտնել նաեւ ներքին արտադրությունը խթանող այլ մեխանիզմներ, ընդհուպ՝ մինչեւ տեղական այն ապրանքների կոնկրետ ցանկի կազմումը, որոնց գնումը խթանվում է արտոնյալ վարկավորմամբ եւ այլն (առավել եւս, որ այդ ցուցակը հազիվ թե երկար լինի): Ճգնաժամի պայմաններում բոլոր միջոցներն էլ լավ են, եթե արդյունք են տալիս: Այդ առումով հետաքրքիր ժամանակաշրջան է հիմա, եւ ցանկացած իմպրովիզացիա տեղին է: Ընդ որում, պետք է հնարավորինս քիչ հետադարձ հայացք ձգել որեւէ մեկի կամ հանգամանքի, առավել եւս` ազատական դոգմաների վրա:
«Դելովոյ էքսպրես»