Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները նորից թեժացել են: Անգամ օտար մամուլում քաղաքական վերլուծություններ են սահմանի բացման հնարավորությունների ու հնարավոր հետեւանքների մասին: Սահմանը փակ պահելը թուրքական ակնկալիքները չարդարացրեց: Հայաստանը 1990-ականների սկզբից լրացուցիչ բարդություններով կարողացավ լուծել իր առջեւ ծառացած խնդիրները: Թե՛ ռազմական, թե՛ տնտեսական զարգացման առումով: Ավելին, պաշտոնական հարաբերությունների բացակայության պարագային մեր երկրների միջեւ տնտեսական որոշակի հարաբերություններ են ձեւավորվել: Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մոտ 5 ու կես մլրդ ծավալում Թուրքիայի մասնաբաժինը շատ փոքր է: Նկատելի տոկոս չի կազմում: 2004-07 թթ. Թուրքիան մեր տնտեսական գործընկեր երկրների շարքում զբաղեցրել է 21-26-րդ տեղերը: Թուրքիա Հայաստանից 2004 թ. արտահանվել է մոտ 2 մլն դոլարի ապրանք: 2005-ին` մոտ 2,5: Իսկ 2007-ին՝ 3մլն-ից մի փոքր ավելի: Թուրքիայի հետ էլ, բոլոր երկրների նման, մեր ապրանքաշրջանառությունը բացասական է: Այսինքն՝ Թուրքիայից ավելի մեծ արժեքի ապրանքներ են ներմուծվում, քան արտահանվում է այդ երկիր: 2004-ին ներմուծվել է մոտ 45 մլն դոլար արժեքի ապրանք: 2005-ին` 67 մլն դոլարի: 2006-ին` 95,5 մլն-ի: 2007-ի ցուցանիշը նկատելի է աճել՝ կազմելով 131 մլն դոլար: (Նշենք, որ Ազգային Վիճծառայությունը 2008-ի ամփոփ տվյալները դեռ չի հրապարակել): Այս թվերը չեն արտացոլում մեր երկրների միջեւ իրական ապրանքաշրջանառությունը: Պաշտոնական միջպետական հարաբերությունների բացակայության պատճառով: Թուրքական ծագում ունեցող ապրանքների մի մասը Հայաստան ներկրվում է այլ երկրներից: Հիմնականում` Վրաստանից: Այսինքն` վիճակագրության արձանագրած տնտեսական կապերը որոշակի իմաստով միջնորդավորված են: Սակայն այս փաստի պարագային անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ 2004-07 չորս տարիների ընթացքում մեր արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով, իսկ ներմուծումը` մոտ 3 անգամ: Ներմուծումների ոլորտում Թուրքիան փաստորեն դառնում է նկատելի ծավալ գրավող գործընկեր: (Մեր ներմուծումների ծավալում Թուրքիային բաժին է ընկնում 3,3-4 տոկոսը: Հայաստան ներմուծող պետությունների ցանկում Թուրքիան այս տարիներին գրավում է 12-ից 9-րդ տեղերը): Վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարիներին բավական կայունացել է թե ներկրվող, թե արտահանվող ապրանքների տեսականին: Հայաստանից հիմնականում արտահանվում է կաշի եւ չմշակված մորթի: Իսկ Թուրքիայից ներմուծվում է ամենատարբեր տեսակի շինանյութ` քարից մինչեւ ներկեր, փայտյա իրեր, տրիկոտաժ, կերամիկա եւ այլն: 90-ականների համեմատ կտրուկ նվազել է ներկրվող սննդամթերքի զանգվածը: Թուրքիայից նախկինում ներկրվում էր էժանագին, այսինքն՝ ցածր որակի սննդամթերք: Բնակչության բարեկեցության աճի հետ այդ ապրանքներն իրենց տեղը զիջեցին ավանդական` շուկային հայտնի ԱՊՀ արտադրության, որոշ դեպքերում էլ՝ եվրոպական արտադրության տեսականիին: Հայաստանում վաճառվող կենցաղային սարքավորումների նկատելի մասն արտադրվել է եվրոպական հայտնի ֆիրմաների թուրքական մասնաճյուղերում: 2007թ. տնտեսական վիճակագրությունը ապրանքաշրջանառության նոր ոլորտ է արձանագրել: Առայժմ փոքր` մի քանի հարյուր հազար դոլարի արժողությամբ: Բայց խոսքն արդեն էներգետիկ սարքավորումների մասին է: Փորձագետների հավաստմամբ՝ սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար հատկապես նկատելի կլինի էներգետիկայի ոլորտում: Մեր ներքին ու հարեւան Վրաստանի աղքատ ու սահմանափակ շուկաները փոքր են հայկական հսկա էներգահամակարգի համար: Սահմանի բացման հնարավոր տարբերակ է դիտարկվում նաեւ հայկական որակյալ աշխատուժի` շինարարներ, էներգետիկներ եւ այլն, արտահանումը Թուրքիայի արեւելյան տարածքներ: Այս տարածքները Թուրքիայի կենտրոնական ու արեւմտյան հատվածների համեմատ թույլ զարգացած են: Հետեւաբար՝ իրենց առաջարկած աշխատավարձերի համեստ չափերով հրապուրիչ չեն երկրի զարգացած շրջաններում կենտրոնացած աշխատուժի համար: Փոխարենը՝ այն կարող է հրապուրել Հայաստանի անհրաժեշտ որակավորում ունեցող, բայց հայրենիքում աշխատանք չգտնող մասնագետների համար: Սահմանակից շրջաններում այս փորձը մի քանի տարի առաջ իրեն արդարացրել էր: Բայց հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը երբեք չի դիտարկվել տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից: Այն միշտ ածանցվել է քաղաքականությունից ու քաղաքական շահերից: Հիմա խոսքն արդեն երկու հարեւան երկրների շահերի մասին չէ: Այլ` տարածաշրջանում իրենց ծրագրերն ունեցող գերտերությունների շահերի մասին: