Նաեւ ԼՂՀ-ի մասին

16/04/2009

Ըստ ՌԻԱ «Նովոստիի»` «Կրեմլի մի աղբյուրի» փոխանցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Մոսկվա է ժամանելու հինգշաբթի օրը, քննարկելու է տնտեսության, էներգետիկայի զարգացման հարցերը, մասնավորապես, ադրբեջանական բնական գազի իրացման շուկայի ընդարձակումը, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Կասպից ծովի կարգավիճակը: Հիշեցնենք, որ Ալիեւը Մեդվեդեւի հրավերով Ռուսաստան է ժամանելու երկօրյա աշխատանքային այցով: «Առաջնային ուղղություն է մնում դինամիկորեն զարգացող առեւտրատնտեսական համագործակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Անցյալ տարի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 2,4 մլրդ դոլարի, ինչը 39 տոկոսով ավելի է 2007 թվականի համեմատությամբ: Հանրապետությունում աշխատում են ռուսաստանյան «ԼՈՒԿօյլ», ԿամԱԶ, ԳԱԶ, «Ռուսաստանի երկաթուղիներ», ՌՕՍՆՕ ընկերությունները, Կիրովի գործարանը: Բանակցություններում գլխավոր թեմաներից մեկը կդառնա միջազգային եւ տարածաշրջանային հարցերի քննարկումը: «Կենտրոնական թեմաներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անցյալ տարվա նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը կողմերը հավաստել են հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու մտադրությունը: «Ռուսաստանը շարունակում է օժանդակել կողմերին՝ գտնելու փոխզիջումային համաձայնության տարբերակներ»,- ասել է աղբյուրը: