65-ամյա Ռոզա Ղազարյանը հոգնությամբ վերցնում է սեղանին դրված օպտիկական ակնոցն ու նույնքան դանդաղորեն հարմարեցնում է մի կետին սեւեռած-սառած աչքերին: Փակվել է մենության պատյանի մեջ ու իր ապագայի մասին մտովի ողբերգական վերջաբաններ է կանխատեսում: Վախենում էգ Երեխաներ չունի, իսկ ամուսինը ծանր հիվանդ է: Էս աշխարհում միակ ունեցածը սրտի անբավարարությամբ տառապող ամուսինն է` Միքայելը, ում երեխայի պես խնամում, հոգ է տանում նրա մասին: Տիկին Ռոզան անսպասելի լռում է, չի խոսում: Հետո սեղանին կաթիլ-կաթիլ հոսում են արցունքները, որոնք այս կնոջ տարիների ընթացքում կուտակած դառնության ու ցավի արտացոլանքն են: Ուժեղ, սառնասիրտ ու խստապահանջ կնոջ տպավորություն թողնող տիկին Ռոզան հանկարծ երեխայի միամտությամբ անկեղծանում է` «Գիտե՞ս, ահավոր տառապում եմ, երբ հեռուստացույցով տեսնում եմ, թե ինչպե՞ս են իմ հասակակիցներն ապրում ծերանոցներում: Էդ մտքերն ինձ շատ են տանջում, գիշերները մտածմունքից չեմ քնում: Ախր ո՞նց են երեխաներն իրանց ծնողներին տանում, հանձնում ծերանոցներ: Մենք երեխաներ չունենք, միայնակ թոշակառուներ ենք ու ի՞նչ իմանանք, մեր հետ ի՞նչ ա լինելու»: Կնոջ լացակումած ձայնից անհանգստացած` անկողնում ննջող Միքայել պապը տարակուսած նայում է մեկ ինձ, մեկ էլ տիկին Ռոզային` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում իր սենյակում:
Շենգավիթ համայնքի Աերացիա թաղամասի 7-րդ հանրակացարանի՝ տիկին Ռոզայենց փոքրիկ, հնամաշ իրերով անփույթ դասավորված սենյակի ֆոնին` անթերի մաքուր, կոկիկ հագուստով անկողնում պառկած Միքայել պապի կեցվածքը հուշում է, որ ժամանակին այս ծերուկն ինձ նման հարյուրավորներին ղեկավարել է. «Նաչալնիկ ենք եղել»: Միքայել պապն ու տիկին Ռոզան Բաքվի փախստականներ են, ովքեր տարիներ առաջ հարկադրաբար տեղափոխվել են Հայաստան եւ, համակերպվելով կյանքի օրինաչափություններին, հարկադրաբար էլ շարունակում են ապրել: Միայնակ թոշակառուների կենսաթոշակը միասին կազմում է 44.000 դրամ, որի ուղիղ կեսը ծախսում են Միքայել պապին անհրաժեշտ ամենօրյա դեղորայքի վրա: 10.000 դրամ էլ ստանում են որպես ընտանեկան նպաստ: Չեն տրտնջում, չեն դժգոհում կյանքից ու վստահեցնում են, որ տարիների ընթացքում ադապտացվել, հարմար տեղավորվել են «փախստականի» կաղապարի մեջ: «Ամեն ինչ լավ ա: Մենակ թե թոշակը չի հերիքում, որ մարդ գոնե մի օր առանց մտածելու ապրի էնպես, ինչպես ուզում ա, կամ ուտի էն, ինչն ախորժակը քաշում ա: Էդ ա, մեկ-մեկ ալյուր են տալիս օգնություն, հաց ենք թխում: Էլ չեմ ասում, որ քանի տարի ա, ինչ նոր հագուստի երես չենք տեսնում: Կարկատում ենք, կարկատում ենքգ»,- ասում է տիկին Ռոզան, կարծես ամեն բառն ասելիս՝ կարկատում է նաեւ այն վերքերը, որոնք ամեն խոսքի հետ ցավեցնում են իրենց: Կարկատում են նաեւ այն սպասումը, որը Հայաստան տեղափոխվելուց հետո արդեն 20 տարի նրանց ապրեցնում է: Բնակարան ստանալու սպասումն է, որը նույնքան անիրական, անհեռատես է, որքան էլ անհրաժեշտ ու կենսական է ապրելու համար: Տիկին Ռոզան չի հավատում, որ երբեւէ մարդավայել պայմաններում, նոր բնակարանում կապրեն, բայց սպասում ու անընդհատ կրկնում է բնակարան ստանալու մասին, որովհետեւ այդ խոսքերը նրան հույս են տալիս: Ինքն իրեն խաբելով, ինքն իրեն հավատացնում է: Ասում է` «Ախր էս ճգնաժամն էլ՝ մի կողմիցգ Բայց մի քիչ էլ հավատում եմ, որ կստանանք, որովհետեւ քաղաքապետարանից խոստացել են»:
Աերացիայի թիվ 7 հանրակացարանը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային շենք այն բանից հետո, երբ վերջերս տիկին Ռոզան եւ Միքայել պապը հանրակացարանի պատշգամբի երրորդ հարկից ընկել են ցած եւ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: Ասում է` «Դուրս եկանք բալկոն, լվացք էի փռում, մեկ էլ բալկոնը փլվեց, ու ընկանք ցած: Պատկերացրեք, որ ոչ մի կերպ չարձագանքեցին, հիվանդանոց ընկանք, թոշակը ծախսեցինք բուժման հարցերի վրա, բայց ոչ ոքի պետքն էլ չէր»: Այս դեպքից շատ չանցած՝ պատշգամբից ցած է ընկել նաեւ երկրորդ հարկի բնակիչ, տիկին Ռոզայենց հարեւանուհի, 5 երեխաների մայր տիկին Կարինեն: Հանրակացարանի այս միջադեպերն առիթ են հանդիսացել, որպեսզի Երեւանի քաղաքապետարանից մասնագետներ ուղարկվեն եւ ուսումնասիրություններ կատարվեն, ինչից հետո շենքը համարվել է 4-րդ կարգի վթարային: Բնակիչներին նոր բնակարաններ են խոստացել, իսկ նրանք դեռ սպասում են: Երրորդ հարկից ցած ընկնելու դեպքից հետո Միքայել պապի մոտ սթրեսից սրտի անբավարարություն է ի հայտ եկել: Դեղորայքով է գոյատեւում: «Գրիժա էլ ունեմ, ցավերս շատ են, վախենում եմ: Հասկանո՞ւմ ես, մեծահասակ մարդիկ ենք, ու ամեն հիվանդության հետ մահվան շունչն ես զգում»,- ասում է Միքայել պապն ու երեսը կտրուկ թեքում է` թաքցնելու համար «խեղճացած» հայացքը: Հանրակացարանի ընդհանուր կոմունալ պայմանները ստորացնում, նվաստացնում են Միքայել պապին, որովհետեւ վատառողջ մարդը հիգիենան պահպանելու համար տառապում է. «Գնացել ենք հիվանդանոց, պիտի պառկեմ, բայց ո՞նց: Պիտի գամ, լողանամ, մաքրվեմ, չէ՞: Ես հիվանդ մարդ եմ, ո՞նց էդ ընդհանուր, սառը, ցուրտ ու հակահիգիենիկ պայմաններում լողանամ, որ ինքս ինձնից չամաչեմ: Հասկանո՞ւմ ես, մենք մաքրություն սիրող մարդիկ ենք, բայց էս անդուր պայմաններում մաքրություն պահելն իսկական տառապանք ա: Անհարմարավետությունից անընդհատ նեղսրտում, ներվայնանում ու առողջությունդ քայքայում ես: Դու մի հատ մտի, տես էլի, թե էստեղի ընդհանուր զուգարան-բաղնիքն ի՞նչ վիճակում ա: Ախր մեծացել ենք է՜, մեծանալն ու խոխա չունենալը շատ վատ ա: Մենակ ենքգ Հարազատների մեծ մասն էլ փախստականներ են, ոմանք եկել, մեռել են ստեղ»:
Միքայել պապի հոգեմաշ խոսքերից հետո սենյակում ծանր լռություն է իջնում: Ամուսինները լռում են, որովհետեւ ամեն մեկն իր մտքում անկանխատեսելի վերջաբան է պատկերացնում: Միքայել պապի ու տիկին Ռոզայի սենյակում իջած լռությունն անխախտ է, երեքս էլ չենք գտնում լռությունը խախտող, հարմար խոսքեր: