Թանգարանային գարուն

16/04/2009

Լրացավ Հովհաննես Թումանյանի մահվան 86-րդ տարին։ Այս կապակցությամբ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում նոր ցուցասրահ բացվեց, ուր ներկայացվում են թումանյանագետների մասին պատմող նյութեր՝ ձեռագրերի, լուսանկարների, գրքերի տեսքով։ Ինչպես թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն է բնորոշում, այս սրահը «մի փոքրիկ թանգարան է թանգարանի մեջ» եւ նպատակ ունի սերունդներին «պատմել» այն բոլոր երախտավորների մասին, ովքեր ուսումնասիրել են բանաստեղծի գրական ժառանգությունը եւ մեծ ավանդ ունեցել թումանյանագիտության զարգացման մեջ։

Նորաբաց սրահում գտնվելով՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, թե ովքեր եւ ինչ խորությամբ են անդրադարձել Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործությանը. Նվարդ Թումանյան, Անահիտ Չարենց, Էդվարդ Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Պարույր Սեւակ, Լեւոն Հախվերդյան, Լուսիկ Կարապետյան, Խաժակ Գյուլնազարյան, Ազատ Եղիազարյան, Իրմա Սաֆրազբեկյան, Ֆրիդա Հակոբյան եւ այլ անուններ, որոնց կողքին, Ն. Թուխիկյանի համոզվածությամբ, դեռ նորերն են ավելանալու. Թումանյանի ստեղծագործությամբ հետաքրքրվողները միշտ էլ չնվաճված գագաթներ բարձրանալու առիթներ են ունենալու։ Սրահի բացումը նշանավորվել է նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանքով. մեկնարկ է տրվել Երիտասարդ թումանյանագետների ակումբի (ԵԹԱ) գործունեությանը։ Այս ակումբի ստեղծման նպատակը, ինչպես թանգարանի տնօրենն է ասում, թումանյանագիտության սերնդափոխության ապահովումն է։ ԵԹԱ-ի անդամները տարբեր բուհերի մագիստրանտներ ու ասպիրանտներ են, որոնք պետք է լրջորեն զբաղվեն բանասիրական հետազոտություններով, պարբերաբար հանդես գան իրենց ուսումնասիրություններով, նոր խոսքով, թումանյանական աշխարհում իրենց գտածով։ «Ես կարծում եմ, որ ակումբի անդամներից ոմանք անպայման կհամալրեն երախտավոր գրականագետների շարքը, եւ առավել համարձակ ու անկաշկանդ, ազատ մտքով ու առանց կաղապարների կքննեն Թումանյանի գրական ժառանգությունը»,- վստահ է թանգարանի տնօրենը։ Իսկ աշնանը, ինչպես Ն. Թուխիկյանը տեղեկացրեց, աշխատանքներից լավագույնները կներկայացվեն թանգարանի կողմից կազմակերպվելիք գիտաժողովին, եւ կամփոփվեն ակումբի գործունեության առաջին արդյունքները։ Բացի բանաստեղծի գրական ժառանգությունն ուսումնասիրելու դժվարին եւ պատասխանատու աշխատանքից՝ ակումբի անդամներն անցնելու են վարպետության դասընթացներ, լսելու հատուկ զեկուցումներ, մասնակցելու թումանյանագետների հետ հանդիպումների, քննարկում-բանավեճերի, հնարավորություն են ունենալու աշխատելու զանազան թանգարանների արխիվային նյութերի հետ։ Այս ամենը կազմակերպվելու է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինության անմիջական նախաձեռնությամբ։

Բացի ԵԹԱ-ի հիմնադրումից՝ թանգարանում սկիզբ է դրվել նաեւ մեկ այլ կարեւոր գործի՝ հեքիաթագիտության զարգացմանը։ Վերջերս բանասիրական գիտությունների դոկտոր (հանրապետությունում հեքիաթագիտության բնագավառում միակը՝ նման կոչումով) Ալվարդ Ջիվանյանի նախաձեռնած երկօրյա գիտաժողովի շրջանակներում Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացվել են հեքիաթի ժանրին առնչվող ուսումնասիրություններ։ Դրանք վերաբերում էին տարբեր թեմաների. «Հեքիաթի օգտագործումը լեզվի դասերին. բանավոր խոսք», «Հեքիաթը բարձր նորաձեւության համատեքստում», «Բարոյախոսությունը եւ հերոսների համակարգը հրաշապատում հեքիաթում», «Հեքիաթի անխելք եղբայրը՝ որպես տրիքստերային նախնական տիպի հերոս», «Երեք խնձոր», «Օ կարտինե միռա վ ռուսկոյ ի արմյանսկոյ վոլշեբնոյ սկազկե» եւ այլն։ Ուսումնասիրություններ ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Մատենադարանի, տարբեր համալսարանների (Ռուս-հայկական, ԵՊՀ, Բրյուսովի անվան եւ այլն) ներկայացուցիչներ՝ գրականագետներ, դասախոսներ, ազգագրագետներ եւ ուրիշներ։ Գիտաժողովին քննարկման են դրվել ոչ միայն Թումանյանի, այլեւ գրական մշակման ենթարկված եւ ժողովրդական հեքիաթները, տարվել են հիմնավորված զուգահեռումներ հայ եւ օտարազգի հեքիաթագիրների ստեղծագործությունների միջեւ։ «Սա իրապես մեր երկրում նմանը չունեցող գիտաժողով էր այն առումով, որ կաղապարված ոչ մի մոտեցում չկար։ Հանդես եկողները ազատ էին իրենց դատողությունների մեջ։ Պարզվեց մի կարեւոր բան՝ հեքիաթի ժանրի լուրջ ուսումնասիրմամբ, փաստորեն, շատերն են զբաղվում, սակայն նրանց աշխատանքները մնում են ստվերում։ Եվ հիմա դրանք ի մի բերել, մեկ հարկի տակ հավաքել է պետք։ Իսկ ավելի տաք ու հարազատ օջախ, քան մեծանուն հեքիաթագիր Թումանյանի թանգարանն է, կարծում եմ, հավանաբար, չի գտնվի»,- ասում է Ն. Թուխիկյանը։ Նրա հավաստմամբ՝ գիտաժողովը պարբերական բնույթ է կրելու եւ գումարվելու է տարին մեկ անգամ։ Ավելին՝ նախատեսվում է գիտաժողովի նյութերը հրապարակել հատուկ հանդեսով, որը, որպես այդպիսին՝ զուտ հեքիաթագիտության խնդիրները քննող ու ներկայացնող, երկրագնդում 3-րդն է լինելու։ «Այս հանդեսը աշխարհ դուրս գալու եւ առաջին հերթին՝ Թումանյանին՝ որպես հեքիաթագիր ճանաչել տալու հնարավորություն կտա»,- կարծում է թանգարանի տնօրենը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս նույն թանգարանում կազմակերպվել էր հեքիաթասացության՝ «Երկնքից երեք խնձոր ընկավգ» խորագրով եռօրյա մրցույթ-փառատոն, որ մեծ հեղինակություն վայելեց։

Առաջիկա ամիսները եւս թանգարանի աշխատակազմին ծանրաբեռնված օրեր են խոստանում. ապրիլի վերջին Թումանյան-Վարուժան մեծություններին նվիրված գրական սալոն է սպասվում (հիշատակվելու է Եղեռնը), շարունակվելու են Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ տոնակատարությունները։ «Պատրաստվում ենք թանգարանին հարակից տարածքում կազմակերպել, այսպես ասած, «բարձրախոս» ընթերցումներ այնպիսի հնչողությամբ, որ հանճարեղ լոռեցու տողերը լսելի լինեն անգամ Մաշտոցի պողոտայում»,- տեղեկացնում է Ն. Թուխիկյանը եւ խոստանում, որ մայիսին Թումանյանի՝ երեւանյան լուսավոր օջախում Թանգարանային միջազգային օրվա գիշերը հեքիաթային է լինելու։

Արմինե ԽԱՉԻԿՅԱՆ