Արթուր Միթինյանը զգայուն ու ռոմանտիկ հոգի ունեցող ռոքեր է, ով թեեւ խոստովանում է, որ երաժշտության մեջ սիրում է «ծանրությունը», սակայն այն երաժիշտներից է, ով լայն դիապազոնի մտածողություն ունի: Ստանալով ակադեմիական երաժշտական կրթություն ու պրոֆեսիոնալ թավջութակահար լինելով, նա համարում է, որ առաջին ռոք երաժիշտը Բախն էր։ «Ինչո՞ւ Բախը» հարցին նա պատասխանում է. «Որովհետեւ Բախը երաժշտության գագաթն է, այդ թվում՝ ռոք-երաժշտության։ Եթե հոգեբանական խնդիրներ ունեցող մարդը օգնության կարիք է ունենում, ես նրան ասում եմ՝ ամեն օր Բախի մի քանի կանտատ լսիր։ Համոզված եղեք՝ մի ամիս հետո այդ մարդը կապաքինվի։ Լավ երաժշտությունը ամենալավ բժիշկն է»։
Ա.Միթինյանը գրել է սիմֆոնիկ երաժշտություն, բալետ, ռոք կոմպոզիցիաներ, երկար ժամանակ զբաղվել է տետրախորդերի ուսումնասիրությամբ։ Իր արտաքին կերպարով իսկ նա փոթորկային ռոմանտիզմի դարաշրջանի մարդու է հիշեցնում, ով կարող է անել ամեն ինչ ու մեծ նվիրումով: Լսողական խնդիրներ ունենալով՝ նա չի շտապում լսողական սարքի օգնությանը դիմել, ասելով՝ իմ թերությունն իմ արժանիքն է, մի բանից ես զրկվում, մեկ այլ բան ես ձեռք բերում։
1980-ականների վերջին նա Երեւանում հիմնեց «Այաս» ռոք խումբը, որի Երիտասարդական պալատում կատարած համերգը կարելի է հայկական ռոքի լեգալացման առաջին փորձը համարել: «Այասի» մասին գիտեն ու հիշում են հայաստանցիների ավելի մեծ սերնդի ներկայացուցիչները, իսկ երիտասարդները (ցանկության դեպքում) այդ խմբի գոյության մասին տեղեկանալով, կարող են համոզվել, որ մենք շատ բազմաբնույթ երաժշտական դաշտ ենք ունեցել, որի յուրաքանչյուր ծիլ կարող էր իր հետեւից մի ողջ սուբկուլտուրա ծնել, սակայն այդպես էլ չկարողացավ դա անել: Ամենափարթամ ծիլերը տվեց միայն ռաբիսը: Իսկ մնացած մշակութային ալիքները կարծես Հայաստանի կողքով անցան ու լուրջ հետք չթողեցին:
Թատերական բեմադրիչ Լեւ Հովհաննիսյանը փաստում է, որ ԽՍՀՄ տարածքում առաջին մասշտաբային (մարզադաշտային) համերգը հենց Հայաստանում է եղել. «Դինամո» մարզադաշտում դեռ 1965 թվականին մեծ համերգ էր կազմակերպվել, որի մասնակիցներից էին Ալեքսանդր Գրադսկին, «Իքիբիր» խումբն ու Ձախ Հարութը, որն այն տարիներին իսկական ռոքեր էր: Իսկ հետո շատ ռոք խմբեր փակվեցին, որոշ մասը մնաց «անդերգրաունդում», իսկ որոշ մասը` լուծարվեց։ Եվ մենք շատ բան բաց թողեցինք, ետ ընկանք։ Փանկ-երի, հիփփի-ների սոցիալական շարժումները, կուլտուրաները այդպես էլ մուտք չգործեցին Հայաստան: Իսկ այդ ուղղությունները միայն երաժշտություն չէին, դա նաեւ գրականություն ու փիլիսոփայություն էր»։ Լ. Հովհաննիսյանն, օրինակ, համոզված է, որ հայերի սերը դեպի ջազ երաժշտությունը փոքր-ինչ մտահոգիչ է: «Ջազն, իհարկե, մեծ երաժշտություն է, բայց երբ երիտասարդը ջազ է նվագում կամ լսում, նա վերջիվերջո իր պապերի երաժշտությունն է հիշում: Եվ այդտեղ խաթարվում է զարգացումը»:
Ընդհանրապես հիմա շատ կապեր են խզված ու խաթարված, մենք նույնիսկ չենք էլ հիշում, որ ժամանակին ուժեղ, տարբեր ու գեղեցիկ ենք եղել (գոնե երաժշտության մեջ)։ Եվ Արթուր Միթինյանը, ով կարող է ժամերով ոգեւորությամբ խոսել երաժշտության ու հարմոնիկ կյանքի մասին, շատ գրագետ ու էմոցիոնալ կերպով հիշեցնում է մեզ մեր հարստության մասին։
Երբ «Այասի» մասնակիցները ցրվեցին աշխարհով մեկ, Ա.Միթինյանը Մոսկվա տեղափոխվեց ու սկսեց երաժշտություն գրել ֆիլմերի, ներկայացումների համար: Վերջերս Սամարայի օպերային թատրոնում բեմադրվեց նրա գրած «Beatles» forever» ռոք-բալետը, որի հիմքում երաժշտությամբ եռակցված ու պահապան հրեշտակներ ձեռք բերած չորս մարդկանց պատմությունն է։ Եվ երբ քանդվում է երաժշտությունը, վերջանում է նաեւ մարդը։
Արդեն երկու տարի է, ինչ նա պարբերաբար Երեւան է գալիս, ասելով. «Այստեղից եմ աշխատում նրանց համար, ինձ համար այդպես ավելի գերադասելի է: Մոսկվայում ունեմ տուն, աշխատանք, ընտանիքս ապահով է, բայց այնտեղ մթնոլորտ չկա: Մթնոլորտը միայն Հայաստանում է, ես դա ոչ թե որպես կեղծ պատրիոտ եմ ասում, այլ` որպես իրատես»:
– Չե՞ք փորձել «Beatles» forever» բալետը Երեւանում բեմադրելու մասին բանակցել։
– Հարցը նրանում է, որ ես կարող եմ այդ բալետի հեղինակային իրավունքները փոխանցել ցանկացած թատրոնին ու իհարկե կուզեի, որ դա Երեւանի թատրոնը լիներ։ Խոսել ենք խորեոգրաֆ Հովհաննես Դիլանյանի հետ, ով ի դեպ՝ հիացած էր այդ առաջարկով, բայց Օպերայի թատրոնի տնօրենն ասաց՝ գնացեք փող գտեք, իսկ մենք կբեմադրենք։
– Իսկ ինչո՞ւ ռոքը Հայաստանում մեծ դեր չունի: Կան տեսակետներ, որ միայն լուրջ երաժշտական կրթություն ունեցող մարդիկ կարող են ռոք կատարել, իսկ, օրինակ, մեզ համար շատ սիրելի ու լսելի ջազը իր իմպրովիզացիոն բնույթով՝ թույլ է տալիս ուշադրություն չդարձնել կրթությանը:
– Ռոքում էլ կարելի է բարդագույն բաներ կատարել` չունենալով լուրջ դասական երաժշտական կրթություն, բայց ռոքի մեջ ամենակարեւորը ոգին է, ըմբոստությունը: Ռոքը կյանք ներխուժող էներգիայի խտացումն է: Ես կարող եմ շատ պրոֆեսիոնալ երաժշտություն գրել, բայց եթե նրա մեջ էներգիայի պոռթկում չլինի, այդ երաժշտությունը պարզապես փուլ կգա: Երբ փորձում էի վերականգնել մեր «Այասը», շատերն ինձ զգուշացնում էին, որ դա սխալ քայլ է, որ այն միայն որպես նոստալգիա կդիտվի ու այսօրվա երիտասարդներին ոչինչ չի տա: Ես էլ ասացի` կնվագենք, կտեսնենք: Եվ համոզվեցինք, որ եթե երաժշտության մեջ էներգիա կա, այն երբեք չի կորչի, քանի որ էներգիայի պահպանման սկզբունք գոյություն ունի:
– Եթե չկա ըմբոստություն, ռոք լինել չի՞ կարող:
– Ըմբոստանալ՝ չի նշանակում՝ ինչ-որ բանի դեմ դուրս գալ ու պայքարել: Ռոքը «չհարդարված», «չսանրված» հիմք ունի: «Լեդ Զեփելին» խումբն, օրինակ, 1975 թվականին թողարկված իր առաջին ալբոմում ուներ մի երգ, որը թեեւ շատ «ծանր» էր (ասեմ, որ ծանրությունը չի կարելի շփոթել աղմուկի ու գոչյունների հետ), բայց ոչ մի պրոտեստ չէր պարունակում: Այդ երգի մեջ ասվում էր` տվե՛ք մեզ մեր կարկանդակը: Այսինքն` ստացվում է, որ լրիվ աբսուրդ բանի կոչ էր արվում: Սակայն իրականում դրանք աստառ ունեցող բառեր էին:
– «Կարկանդակը» կարող է որպես մոլորա՞կ դիտվել:
– Ինչպես ուզում եք, կարող եք հասկանալ: Եվ կարեւոր չէ՝ կոնկրետ պրոտեստ է քարոզվում, ասենք` ազատ սիրո, հեղափոխության կամ հակապատերազմական կոչե՞ր են հայտնվում, թե՞ պարզապես «կարկանդակ» է պահանջվում: Կարեւորը, որ էներգիայի փոխանակում է տեղի ունենում: Ընդհանրապես յուրաքանչյուր ստեղծագործ մարդ միշտ իր պրոտեստն ունի: Եթե նկարիչը գեղեցիկ նկար է ստեղծում, նա դրանով տգեղության դեմ է ըմբոստանում: Ըմբոստանալը ներքին զգացողություն է, առանց որի՝ արվեստ չի ստեղծվում։
– Համաձա՞յն եք, որ ռոքը հասուն մարդկանց երաժշտություն է, որը կարող են կատարել կյանքի հակասական ու հարուստ փորձ ունեցող մարդիկ:
– Համաձայն եմ: Իսկական ռոքերը տարիների ընթացքում միայն երիտասարդանում է: Դա փաստ է: Ռոքը ամուր մարդկանց երաժշտություն է, այն գործ ունի լուրջ հոգեբանական էներգիայի հետ, որը հաճախ նույնացվում է օկուլտիստական գիտությունների կամ նույնիսկ սատանիզմի հետ։ Իսկական ռոքերի համար նման խոսակցությունները ծիծաղելի են, քանի խոսքը միայն ուսումնասիրության, էներգիայի ուժի գիտակցման, այլ ոչ թե՝ քարոզի մասին է։ Չէ՞ որ ժամանակին Պագանինիին էլ էին սատանա անվանում, իսկ նա շատ հաջող խաղարկում էր իր այդ իմիջը։ Ասում էին, որ Բեթհովենն էլ է խելագարվել ու սկսել է լսել ճակատագրի ձայնը։
– Ռոք երաժշտության մեջ տեքստը կարեւո՞ր է։
– Ռոք կուլտուրայում տեքստերը կարող են չհամարվել կարեւոր ու նույնիսկ չլսվել, մեկ-մեկ թվում է, որ ուղղակի հիմարություն է ասվում։ Սակայն կարեւորը երաժշտության ու բառերի համատեղ ուժն է։ Նույնն էլ օպերայում է։ Դուք կարծում եք` իտալական օպերաներում տեքստը հասկացվո՞ւմ է։ Ոչ, դու կարող ես չհասկանալ ինչի մասին են երգում, բայց զգալ դա ենթագիտակցաբար։
– Դուք լուրջ ուսումասիրել եք հայկական լադերն ու տետրախորդերը։ Կներեք սիրողական հարցի համար՝ տետրախորդն ի՞նչ է։
– Կոմիտասն ապացուցեց, որ հայ ժողովուրդը գամմաներ չի ունեցել։ 7 նոտայանոց մտածողության փոխարեն՝ մենք ունեցել ենք 4 նոտայանոց համակարգ, որի մեջ նոտաները իրենց հաստատուն տեղը չեն ունեցել, նրանց հաջորդականությունը կարելի էր ազատորեն տեղաշարժել։ Մաթեմատիկական հաշվարկ անելուց հետո, ես երաժշտություն գրեցի այդ համակարգով։ Իմ աշխատանքը հետաքրքրեց ռուս գիտնականներին ու տեղ գտավ երաժշտական բուհերի «Պոլիֆոնիա» դասագրքերում։
– Իսկ Երեւանի Կոնսերվատորիան ծանո՞թ է Ձեր աշխատության հետ։
– Այստեղ ընդհանրապես երաժշտական դասագրքեր չկան, սարսափելի վիճակ է, քանի որ հայկական պոլիֆոնիային (իսկ դա հատուկ հասկացություն է) նվիրված գրքեր չկան։ Կարծում եմ՝ շատ քիչ ուսանողներ գիտեն տետրախորդերի մասին։ Վերջերս պարզեցի, որ 5-րդ կուրսում ուսանողներ կան, որոնք անգամ նոտաները չգիտեն։ Շատ ցավալի պատկեր է։ Ես շատ եմ աշխատել ռուս ուսանողների հետ ու գիտեմ, որ նրանցից ոչ մեկը բնատուր տաղանդի չափով չի կարող համեմատվել հայի հետ։ Հայերը միշտ տաղանդի «կայծ» են ունենում, սակայն նրանց թույլ կետը կրթությունն է։ Համոզված եմ, որ Մշակույթի նախարարությունը առաջին հերթին պիտի կրթությամբ զբաղվի։ Իմ ընկերոջ աղջիկն այս տարի ուզում է Կոնսերվատորիա ընդունվել, ես նրան խորհուրդ տվեցի չանել այդ քայլը, որովհետեւ այստեղ սովորելու համար մեծ գումար ու կյանքի մի քանի տարի վատնելն ուղղակի հանցագործություն է։ Կոնսերվատորիայում սովորել նշանակում է՝ 9 տարի ջնջել կյանքից։ Ընդհանրապես հիմա ուսանողները պարզապես ժամանակ են անցկացնում ինստիտուտներում։ Երեկ անցնում էի համալսարանի կողքով ու տեսա ուսանողների հսկայական մի խումբ, բոլորն անիմաստ քայլում էին փողոցով։ Կարդալու, ուսումնասիրելու համար նրանք ժամանակ չեն գտնում։ Ու դրանով իսկ նրանք իրենց առջեւ փակում են աշխարհի դռները։ Նրանց գիտելիքով «վառել», «վարակել» է պետք։ Երբ ես էի սովորում Երեւանի Կոնսերվատորիայում, արդեն երրորդ կուրսում անգիր գիտեի Բախի, Բեթհովենի բոլոր ստեղծագործությունները։ Եվ շատ եմ ափսոսում, որ երիտասարդները չեն գնահատում իրենց ժամանակը։
– Վստահ եմ, որ Դուք մեծ գործ արած կլինեք, եթե որքան կարելի է՝ շատ շփվեք երիտասարդների հետ։ Ձեր կերպարն արդեն իսկ շատ «վարակիչ» է։
– Ես շատ եմ շփվում երիտասարդ երաժիշտների հետ ու նկատել եմ, որ նրանց մեջ էներգիան բացակայում է, թեեւ բոլորը շատ լավ, գրագետ երաժիշտներ են: Միգուցե նրանց վրա ազդում է ընդհանուր սոցիալական ու հոգեբանական վիճակը, բայց ամեն դեպքում մեր ժամանակ բոլորովին այլ պատկեր էր: Հայաստանում ռոքն իր կիզակետին հասավ 1988-ին, հետո վրա հասավ երկրաշարժը, շրջափակումը, մութ տարիներըգ Մենք, իհարկե, փորձում էինք աշխատել, բայց դա դժվար էր: Հիշում եմ, որ հատուկ մեր համերգների համար «ձախ լույսի» գիծ էին բերում, բայց այդպես քչերը կարող էին աշխատել, բոլորս փակուղու մեջ հայտնվեցինք: Եվ շատ բան պետք է նորից սկսել, պետք է լավ երաժշտություն լսել ու զարգանալ։
– Մենք հաճախ թերագնահատում ենք «ռաբիս» երաժշտության դերը։ Ու եթե «մաքրենք» այդ երաժշտությունը ժամանակակից քմծիծաղային ընկալումից, «ռաբիսը» կարող է օգտագործվել ռոքում կամ պարային բեմադրության մեջ ու նոր որակ ստեղծել։ Համաձա՞յն եք։
– Ոչ մի երաժշտական ուղղություն անտեսել չի կարելի: Ես կողմ եմ մեր «ռաբիսի» գոյությանը, բայց այդ «ռաբիսի» ներքին ստրուկտուրան պիտի հայկական լինի։ Երբ երգում է Ձախ Հարութը, ես զգում եմ, որ նա հայի մտածողություն ունի, ցավում է Հայաստանի համար։ Մենք մեր խմբով, օրինակ, միշտ առաջին պլան ենք մղել հայկականը, եւ դրա տակ ենք թաքցրել, ասենք, «Բլեք Սաբաթից» ստացված ազդեցությունը։ Եթե անկեղծ լինենք՝ կընդունենք, որ Սայաթ-Նովան հասարակ, աշխատավոր մարդու կյանքի երգիչն էր, իսկ դա նույնն է, ինչ «ռաբիս» լինելը։ Սակայն ոչ մի ուղղություն չպիտի դոմինանտ դառնա, իսկ «ռաբիսն» այսօրվա Հայաստանում հենց գերիշխող դեր է ստացել։ Նայում ես հեռուստացույցն ու տեսնում ցմփոր տղաների, որոնք շատ վատ են երգում, որոնք իրենց մտածողությամբ ու տեսքով հայ չեն, նրանք չեն կարող էներգիա փոխանցել, քանի որ չունեն այդ էներգիան։ Նրանք նույնիսկ «ռաբիս» էլ չեն, նրանք ոչ մի բան են։ Բայց ես մեծ օպտիմիստ եմ ու զգում եմ, որ մենք հիմա դանդաղորեն վերածնվում ենք: Երիտասարդներ կան, որոնք ուզում են ֆիլմ նկարել, խումբ ստեղծել, նվագել, որոնք հետաքրքրվում են աշխարհում տեղի ունեցող շարժերով, այսինքն` նրանց մեջ «կրակ» է բռնկվում։ Իսկ դա Վերածննդի սկիզբն է։