Աշխատանքները շարունակվում են

16/04/2009

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն շարունակում է Իրան-Հայաստան գազատարի ինտեգրված կորպորատիվ տեխնոլոգիական կապի ցանցի ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընկերությունը նախորդ տարվա հուլիսից է ձեռնարկել օպտիկամանրաթելային մալուխի անցկացմանն ուղղված աշխատանքներ, որի ուղեգծի ընդհանուր երկարությունը Մեղրիից մինչեւ Երեւանի «ԳԲԿ-2» կազմում է 289.95 կմ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ծրագրի իրագործման համար նախատեսված է ներդնել 2 մլրդ 303.86 մլն դրամ, որից ապրիլի 1-ի դրությամբ արդեն կատարվել են 1 մլրդ 132.3 մլն դրամի չափով աշխատանքներ: Մասնավորապես, պատրաստվել են 148.4 կմ խրամուղիներ, տեղադրվել է 141.4 կմ պոլիէթիլենային խողովակ, անցկացվել է 78.3 կմ մալուխ եւ այլն: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Իրան-Հայաստան գազատարի ինտեգրված կորպորատիվ տեխնոլոգիական կապի ցանցը նախատեսված է օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման եւ փոխադրման օբյեկտների կառավարման համար: Այն հնարավորություն է տալիս ինժեներ-տեխնոլոգին օպերատիվ կառավարման երեւանյան կենտրոնից ոչ միայն ամբողջությամբ վերահսկել գազատարի չափորոշիչներն ամբողջ ուղեգծով (ճնշում, ջերմաստիճան, գծային փականների, ընդունման եւ թողարկման կետերի վիճակը, կատոդային պաշտպանության կայանի չափորոշիչները, ազդանշանային համակարգը, տեսադիտում եւ այլն), այլ նաեւ հեռակառավարել ինժեներական սարքավորումներով:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2009թ. օգոստոսը: