Ո՞ւմ բիզնեսն է բջջային հեռախոսը

19/07/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Պարզվում է, մեր շուկան պատրաստ չէր բավարարել այդ պահանջարկը: Հուլիսի
2-ին շատ խանութներում արդեն ապարատ չկար: Սկսեցին վաճառվել նույնիսկ
ամենաթանկ ապարատները: Բայց այդ բիզնեսով զբաղվողները հո գիտեի՞ն, որ
իրենց ապրանքի մեծ քանակության սպառում է սպասվում եւ նախօրոք կարող էին
պատրաստվել շուկայի պահանջարկին: Իսկ հուլիսի 1-ից էլ մի քանի շաբաթ առաջ
բջջային հեռախոսի ապարատներն արդեն 15-25%-ով թանկացել էին: Իհարկե,
պաշտոնական լրատվությունն այդ դեֆիցիտն ու թանկացումը շտապեց կապել
սպասվող եւ ստեղծված մեծ պահանջարկի հետ: Մինչդեռ այդ ապարատների
առքուվաճառքով զբաղվողները բողոքեցին, որ դժվարացել է ներկրումը:

– Հարկերն են շատացրել,- ասաց մի վաճառող:

Հարկային ու մաքսային սակագներում վերջերս ոչ մի փոփոխություն չի եղել,
բայց հարկերի նոր բարձրացումից դժգոհեցին շատ վաճառողներ: Պարզվում է, այս
բիզնեսը մեծամասամբ գործել է ստվերային դաշտում: Սա՝ Մաքսային կոմիտեի
տվյալներով: 2005թ. առաջին կիսամյակում վաճառվել է 5 անգամ ավելի շատ
ապարատ, քան 2004թ. ամբողջ տարվա ընթացքում: Այս մեծ տարբերությունը
գրանցվել է ստվերից լույս աշխարհ դուրս գալու հաշվին: Իսկ ինչպե՞ս եւ
ինչո՞ւ է այդքան մեծ ստվեր եղել: Մանավանդ, որ բջջային հեռախոսի
ապարատների բիզնեսը մինչեւ հիմա որեւէ օլիգարխ չի համակարգել, այս
ոլորտում առքուվաճառքով զբաղվում էին հիմնականում մանր ձեռներեցները:
Մաքսային կոմիտեից բացատրեցին, որ երբ այս տարի հունվարի 8-ին երկրի
նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այց էր կատարել իրենց հիմնարկ,
մաքսավորների ուշադրությունը հրավիրել էր լայն սպառման ապրանքների շուկայի
վրա՝ զգուշացնելով, որ այդտեղ շատ ստվեր կա: Մաքսավորներն էլ՝ իրենց
խելքով, թե նորից նախագահի դրդմամբ, առանձնահատուկ ուշադրություն էին
դարձրել բջջային հեռախոսի ապարատների շուկայի վրա ու բռնել էին այդ
ստվերը: Կարծես թե մինչ այդ այդքան մեծ քանակի ապարատների ստվերային շարժը
պատահաբար էր իրենց հարկումից դուրս մնացել: Այնուամենայնիվ, ի՞նչ պատահեց
«սոտովիների» շուկային, որ այսպես կաթվածահար եղավ:

– Քոչարյանի տղա Սեդրակն է որոշել «վերցնել» այս բիզնեսը,- շատ զգույշ
ասացին մի քանի կրպակների վաճառողներ:- Դրա համար էլ մենք այլեւս չենք
կարողանում ներկրել:

 Ու այսպես մեր բարձրագույն իշխանությունը որոշել է վերացնել եւս մեկ ոլորտի մանր ձեռներեցների գործունեությունը:

Մինչեւ աշուն «Ղ-Տելեկոմը» պատրաստվում է թողարկել «Ալո» քարտերի եւս 200
հազարանոց մի խմբաքանակ, «Իզի» քարտերի մեծ խմբաքանակ է պատրաստվում
թողարկել նաեւ «ԱրմենՏելը»: Այսինքն՝ մինչեւ տարվա վերջ մոտ 300.000
ապարատի պահանջարկ հաստատ կզգացվի: Երկու ընկերությունների բաժանորդների
թիվը կավելանա նաեւ առաջիկա տարիներին: Այնպես որ, այս բիզնեսը Սեդրակին
շահույթ հաստատ կապահովի: Եթե մեկ ապարատի մեջ միջին հաշվով 50 դոլար էլ
մնա, տարեկան 300.000 ապարատ վաճառելով՝ Սեդրակ Ռոբերտովիչը տարեկան
կունենա մոտ 15 մլն դոլար: Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե երկու նախարարներ կապը
սրան-նրան վաճառելով՝ արանքում միլիոններ են աշխատում, Քոչարյանի տղա՞ն
ինչու չպիտի աշխատի: