Հղիությունը ֆիզիոլոգիական պրոցես է, որը կնոջ օրգանիզմի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Ակտիվանում է նաեւ արյունաստեղծ օրգանների ֆունկցիան: Հղիության ժամանակ սկսվող սակավարյունության կանխումը մանկաբարձության հրատապ լուծում պահանջող պրոբլեմներից է: Այդ հարցին հատուկ ուշադրություն է դարձվում Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից: Ըստ նրա տվյալների, հղիության ժամանակ սակավարյունություն նկատվում է կանանց 21-80 տոկոսի մոտ, ընդ որում` երկաթդեֆիցիտայինը կազմում է 90-97 տոկոս: Հիմնականում սակավարյունությունն առաջանում է հղիության 16-րդ շաբաթից 20-րդ շաբաթ ընկած ժամանակահատվածում: Գոյություն ունեն սակավարյունության թեթեւ, միջին եւ ծանր ձեւեր:
Սակավարյունության առաջացման գործում մեծ դեր ունեն հղիության տոքսիկոզները, կրկնակի հղիությունները, ոչ սեռական օրգանների արյունահոսությունները, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, ինչպես նաեւ՝ իմունաբանական շեղումներն ու էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարումները:
Հայտնի է, որ հղիության ժամանակ սկսվող սակավարյունությունը ծննդաբերության ընթացքի համար խիստ վտանգավոր է. մեծանում է հիպոտոնիկ ու ատոնիկ արյունահոսությունների վտանգը: Մոր արյան մեջ հեմոգլոբինի պակասի պատճառով պտուղը քիչ է թթվածին ստանում: Արյունաստեղծման խթանիչներ են երկաթը, պղինձը, կոբալտը, նիկելը, մանգանը, ցինկը: Այս ամենը հաշվի առնելով՝ հղիության սակավարյունության դեպքում անհրաժեշտ է որոշել արյան մեջ շիճուկային երկաթի, տրանսֆերինի քանակը եւ ստանալ կոմպլեքսային բուժում` երկաթի պատրաստուկներ: Կոմպլեքս բուժման մեջ մտնում է նաեւ երկաթով հարուստ սնունդը` թուզը, հապալասը, ծիրանաչիրը, սալորաչիրը, խնձորը, տարեկանի եւ ցորենի հացը: