Երեւի չկա մարդ, որ գոնե մեկ անգամ գլխապտույտ զգացած չլինի: Այդ ժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես կամ դու ես պտտվում քեզ շրջապատող առարկաների շուրջ, կամ այդ առարկաներն են պտտվում քո շուրջ: Նման զգացողություն կարող եք ունենալ այն ժամանակ, եթե, օրինակ, կարուսելի վրա եք:
Սակայն երբեմն գլխապտույտը կարող է տեղի ունենալ, թվում է թե, առանց պատճառի: Այս դեպքում այն կարող է լինել ինչ-որ հիվանդության ախտանիշ: Նման դեպքերում, գլխապտույտից բացի, նաեւ ականջներում խշշոց է զգացվում:
Ինչպես ասվեց, գլխապտույտն արտահայտվում է թվացյալ շարժումներով` սեփական մարմնի կամ շրջապատող առարկաների: Այն սովորաբար ուղեկցվում է հավասարակշռության խանգարումով, վախի զգացումով, սրտխառնոցով, փսխումով ու բարձր քրտնարտադրությամբ: Այն կապ ունի վեստիբյուլյար ապարատի աշխատանքի խանգարման հետ: Վեստիբյուլյար ապարատը բաղկացած է ռեցեպտորներից, որոնք ուղեղին են հաղորդում տարածության մեջ մարմնի շարժումների ինֆորմացիան` հիմնականում դրանք տեղակայված են ներքին ականջում եւ վեստիբյուլյար կենտրոններում: Ավելի հաճախ գլխապտույտի պատճառ կարող են հանդիսանալ ուղեղի արյան շրջանառության խանգարումն ու լսողական ապարատի բորբոքային հիվանդությունները:
Հիմնականում գլխապտույտը բուժվող հիվանդություն է, քանի որ, ինչպես ասվեց, այն ոչ թե առանձին հիվանդություն է, այլ հիվանդության ախտանիշ: Պարզապես արագ պետք է դիմել բժշկի` հիվանդությունը վերացնելու համար:
Ողնաշարի պարանոցի մասից առաջացող գլխապտույտ
Վեստիբյուլյար համակարգը շատ արագ է արձագանքում արյան մատակարարման դեֆիցիտին: Ներքին ականջն ու գլխուղեղի վեստիբյուլյար կենտրոնները սնուցվում են ողնաշարային արտերիաներով, որոնք անցնում են ողնաշարի պարանոցային մասի շատ նեղ հատվածներով: Անկանոնությունը, վնասվածքները, պարանոցային ողերի օստեոխոնդրոզը հաճախ բերում են այդ զարկերակի սպազմի, հետեւաբար՝ անոթների սնուցման խանգարումն էլ կարող է առաջացնել գլխապտույտ: Այս դեպքում, բացի գլխապտույտից, նկատվում է նաեւ տեսողության մթագնում, աչքերի գերհոգնածություն, զարկերակային ճնշման բարձրացում, ցավ քունքերի շրջանում, ցավ, անհարմարություն պարանոցի մասում, երբեմն էլ՝ սրտխառնոց ու փսխում: Սովորաբար այս տիպի գլխապտույտներն ամբողջությամբ բուժվում են:
Ականջի ցավից առաջացող գլխապտույտ
Գլխապտույտի պատճառ կարող է հանդիսանալ նաեւ ներքին ականջի վնասվածքը կամ ցավը: Այս դեպքում, բացի գլխապտույտից, հնարավոր է երկու ականջում էլ աղմուկի զգացողություն, որն ուժեղանում է հատկապես գիշերը` լռության մեջ: Այս դեպքում հնարավոր է լսողության անկում, իհարկե, դա պարտադիր չէ: Ճիշտ ախտորոշելուց հետո այն եւս կարող է բուժվել:
Նեւրոզներն ու դեպրեսիոն վիճակը` գլխապտույտի պատճառ
Նյարդային խանգարումները, դեպրեսիան կամ պարզապես գերհոգնածությունը կարող են ցանկացած հիվանդության պատճառ հանդիսանալ: Ընդ որում, միակ ախտանիշը կարող է լինել գլխապտույտը, աղմուկը կամ մշուշը՝ գլխում: Այսպիսի գլխապտույտը չի ուղեկցվում վեստիբյուլյար խանգարումներով, այդ պատճառով հաճախ բժիշկների մոտ շփոթմունք է առաջացնում: Այս դեպքում ընկնում է աշխատունակությունը, զգացվում է գերհոգնածություն:
Անոթային դիստոնիան` գլխապտույտի պատճառ
Այս դեպքում տեղի ունեցող գլխապտույտները խոսում են վեգետատիվ նյարդային համակարգի սխալ աշխատանքի մասին: Իսկ մենք գիտենք, որ նյարդային համակարգն է կարգավորում մեր ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Այս դեպքում գլխապտույտը պայմանավորված է գլխուղեղի անոթների սպազմով, բարձր կամ ցածր զարկերակային ճնշմամբ, արյան համար կարեւոր մի քանի էլեմենտների պակասով կամ ավելցուկով, օրինակ` ադրենալինով կամ գլյուկոզայով: Այս դեպքերում զգացվում է անընդհատ կամ էպիզոդիկ գլխապտույտ, ճնշման տատանման հետ կապված հնարավոր է ուշագնացություն, հնարավոր է սրտի զարկերի հաճախացում կամ դանդաղեցում, կարող են քրտնել ձեռքի ափերն ու ոտնաթաթերը, երբեմն էլ` ամբողջ մարմինը: Այս դեպքում նաեւ բարձրանում է եղանակի հանդեպ զգայունությունը:
Հիպերտոնիկ հիվանդությունը` գլխապտույտի պատճառ
Զարկերակային ճնշան երկարատեւ բարձր վիճակը վնասում է փոքր տրամաչափի զարկերակները: Իսկ գլխուղեղի զարկերակներն ավելի զգայուն են եւ ավելի նեղանում են, դառնում են քիչ էլաստիկ: Արդյունքում՝ սահմանափակվում է դեպի ուղեղ գնացող արյան հոսքը: Այստեղից էլ սկսվում են գլխապտույտները:
Գլխապտույտներ կարող են լինել աթերոսկլերոզի, սրտի առիթմիայի եւ սրանցից հետեւող հիվանդությունների պատճառով: Այնպես որ, գլխապտույտը բուժելու համար ճիշտ կլինի առաջին հերթին դիմել մասնագետի` պատճառները վերացնելու համար, քանի որ այն զուտ հետեւանք է: