«Թուրքից էլ վատն է»,- ասում ենք հայերս այն հայի մասին, ով իրեն դրսեւորում է այնպես, ինչպես դրսեւորում են, ասենք, այսօր հարկահավաքները, մաքսավորները, ճանապարհային ոստիկանները, դատավորները, երկրի բարձրագույն ղեկավարները եւ այլք: Եվ դա ոչ միայն դարերից եկող, ժողովրդական դառը ֆոլկլորից մնացած արտահայտություն է, որ մեխանիկորեն հասել է մեր օրեր, այլ ամեն օր նորովի գիտակցվող փաստ, իրականություն: Այն, որ յուրաքանչյուր ապօրինություն սեփական քաղաքացիների հանդեպ հայերս ընկալում ենք որպես թշնամու, կարծրատիպով ասած՝ որպես թուրքի վերաբերմունք, ակնհայտ է նաեւ երեկ տարածված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայտարարության մեջ. «Ես՝ Շանթ Հարությունյանս, 24 օր է, ինչ գտնվում եմ Նուբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում: Ուզում եմ նշել, որ 24 օր ես զրկված եմ գեթ 10 րոպե զբոսնելու իրավունքից: Փաստորեն, մեկ ամիս ես ոչ արեւի երես եմ տեսել, ոչ մաքուր օդ շնչել: Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից: (գ) Վստահ եմ, որ նույնիսկ թուրքերն իրենց գերիների հետ այդպես չեն վարվել, ինչպես ինձ հետ վարվում են Հայաստանի առողջապահության նախարարությունը, դատաիրավական համակարգը»:
Առհասարակ, մենք՝ հայերս, պատմականորեն համարվում ենք օտարների հանդեպ ընդհուպ կենդանական վախ տածող ազգ: Այսինքն` օտարի տիրապետությունը նախընտրում ենք սեփական իշխանություններից: Գուցե պատմաբանները կամ հոգեբանները գիտեն դրա պատճառները, սակայն վստահորեն կարելի է պնդել, որ դա ստրկամտությունից չէ: Հակված ենք կարծել, որ պատճառն անհամեմատ պարզ է` ազգությամբ հայ իշխանավորները, ոստիկանները, հարկահավաքները, մաքսավորները սեփական ժողովրդի հանդեպ եղել են ավելի դաժան, անազնիվ եւ օտար, քան նույնիսկ թշնամիները:
Հրանտ Դինքի սպանությունից հետո մեզ` հայերիս համար ակնհայտ դարձավ, որ ժամանակակից թուրքերն իրենց գիտակցությամբ այն թուրքերը չեն, ովքեր նախորդ դարասկզբին կոտորել են մեր ազգակիցներին: Ամեն դեպքում, այն կարծրատիպը, որ զարգացնում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե թուրքերի հետ մենք գենետիկորեն անհամատեղելի ենք, որ թուրքը մեր դարավոր թշնամին է եւ այլն, փոխել կարողացան ոչ միայն իրենք` առաջադեմ թուրքերը` ելնելով փողոց «Մենք հայ ենք, մենք Դինք ենք» բովանդակությամբ պաստառներով, այլ հենց մեր պետության ղեկավարները` սեփական ժողովրդի հանդեպ իրենց անհասկանալի, տեղ-տեղ նույնիսկ տարօրինակ վերաբերմունքով: Ընդ որում, նրանք փայտը ճկել են ավելի, քան պետք էր: Հասարակությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ անգամ դպրոցի տնօրենը, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին պատրաստ են գնալ ամենաստոր գործարքի թաղապետի, անգամ երեխաների ու նրանց ծնողների հետ: Բարոյազրկված են ոչ միայն մանկավարժները:
Շանթ Հարությունյանն իրեն հոգեբուժարանում անմարդկային պայմաններում պահելու համար մեղադրում է աշխարհի ամենահումանիստական մասնագիտությունն ընտրած բժիշկներին, ովքեր, փաստորեն, եւս պատրաստ են գործարքի գնալ իրենց խղճի դեմ։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Շանթ Հարությունյանի հայտարարության մեջ նկարագրված պայմաններին ի պատասխան` «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի տղամարդկանց բաժանմունքի վարիչ Աիդա Միխայլովնան «հանգստացրել» է` ասելով, որ Շանթը դատաբժշկական փորձաքննության մեջ է, ամեն օր վերահսկվում է բժիշկների եւ անձամբ իր կողմից, եւ որ դժոխային այդ փորձաքննության ժամկետը դեռեւս չի ավարտվել: Նման «փորձաքննությունից» հետո, հասկանալի է, անգամ ամենաառողջ մարդն էլ կարող է հոգեկան խանգարում ստանալ:
Սա շատ վտանգավոր ցուցանիշ է ցանկացած պետության համար` առհասարակ: Իսկ ժողովրդավարությամբ աչքի չընկնող եւ զարգացած երկրների ցուցակում համառորեն չհայտնվող Հայաստանի համար հասարակության նման անկումը մեծագույն աղետ է: Ահա թե ինչու պետք չէ երկար փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչու թուրքերին մեր դարավոր թշնամի համարող հայերս մի օր հանկարծ ստիպված ենք եզրակացնել, որ հայ-թուրքական սահմանի բացման միջոցով, Հայաստանում թուրքական ներկայության ակտիվության հետ է կապված մեզ համար կենսական նշանակության շատ հարցերի լուծումը: Մասնավորապես` օլիգարխներից, տնտեսության մեջ մենաշնորհային դիրք գրաված ձեռներեցների լծից ազատվելու հեռանկարը: Այն սոցիալական եւ հոգեբանական վիճակում, որում գտնվում է մեր ժողովուրդը, թուրքն այլեւս չի ընկալվում որպես թշնամի: Այսինքն՝ թշնամի ընկալվում է ամենեւին ոչ թուրքը: Բավական խոսուն օրինակ է, երբ հայերն ամռանը Սեւանում կամ Ծաղկաձորում հանգստանալու փոխարեն՝ նախընտրում են «թշնամական» Թուրքիան, քանի որ պետությունը, օլիգարխներն այնպիսի գներ են սահմանել, որ հայերի համար հանգիստը սեփական հայրենիքում շքեղություն է: Հաջորդ օրինակը` հայերը գերադասում են գործնական հարաբերություններ ունենալ թուրքերի հետ, քանի որ ազնվության առումով թուրքերը հաճախ համարվում են ավելի վստահելի սեփական հայրենակիցներից: Ի դեպ, շաքարավազի, ալյուրի, պարենային առաջին անհրաժեշտության մթերքի, վառելիքի ներկրման մենաշնորհներ ունեցող մենատնտեսները այլեւս լծակներ չեն ունենա ցանկացած պահի թանկացնել այն, ինչի ներմուծման մենաշնորհը գնել են պետությունից: Եվ երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միամյակի ընթացքում բոլոր հեռուստաընկերությունները թուրքական շաքարից էլ քաղցր տեսաֆիլմեր էին պատրաստել, ներառել էին նաեւ նախագահի եւ Հարկային ծառայության աշխատակիցների հանդիպումից այն հատվածը, ուր նախագահ Սարգսյանը դիմում էր նստածներին. «Եթե այդքան հզոր եք, հարկային դաշտ բերեք խոշոր գործարարներին»: Հարկահավաքների երկիմաստ հայացքներից պարզ էր, որ նրանք այդ հարցը, միայն թե իրենց մտքում, վերադարձնում էին հենց նախագահին:
Եթե նկատել եք, հայերն արդեն ամենեւին չեն բարդույթավորվում այն գիտակցությունից, որ Ստամբուլի հյուրանոցներից մեկում առավոտյան իրենց ժպտացող թուրք մատուցողի պապը գուցե սպանել է իր տատին: Ավելին, Թուրքիայից Հայաստան են վերադառնում օր առաջ Թուրքիա հանգստի կամ առեւտրի վերադառնալու մտքով:
Եվ այժմ էլ հասարակության զգալի մասը պատրաստ է հայ-թուրքական սահմանների բացմանը` բոլոր լավ ու վատ հետեւանքներով, միայն թե հարեւան երկրից փչի այն թարմ քամին, որը կստիպի փոխել հայի վերաբերմունքը հայի նկատմամբգ թուրքերի միջոցով: