2009-ը՝ «նեղ տարի»

12/04/2009

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից շահող երկրներ չկան, բոլորն էլ իրենց չափով վնասներ են կրում: Հետեւաբար, մասնագետները ճգնաժամի դեմ խորհուրդ են տալիս պայքարել միասնական ջանքերով»,- երեկ «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով մասնագիտական քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել «AVAG Solutions» ընկերության գլխավոր խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը: Նրա խոսքերով՝ այսօր մասնագետների կողմից տրվում են առաջին զգուշավոր գնահատականները, ըստ որոնց` ճգնաժամը կհաղթահարվի 2010թ. սկզբից, եւ համաշխարհային տնտեսությունը կսկսի աճի դրական ցուցանիշներ արձանագրել: Լ.Բարխուդարյանի կարծիքով՝ Հայաստանը ճգնաժամի առաջին ալիքին բավականին լավ է դիմագրավել, քանի որ միջազգային շուկային մեր երկրի ինտեգրվածությունն անքան էլ մեծ չէ: Սակայն աստիճանաբար մի շարք գործընթացներ, մասնավորապես` տրանսֆերտների ծավալի նվազումը, համաշխարհային շուկայում մետաղների գների կտրուկ անկումը, բացասաբար ազդեցին մեր երկրի տնտեսության վրա: Նրա խոսքով` անհրաժեշտ է համեմատական վերլուծություններ իրականացնել` պարզելու, թե ինչպես է ճգնաժամն ազդում տարբեր երկրների վրա, եւ ինչ ընդհանուր օրինաչափություններ կան: Քննարկմանը ներկա` Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդն էլ նշել է, որ 2009 թվականը «նեղ տարի» է լինելու աշխարհի համար, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Արդեն 2010թ. սկզբից կայունացում կարձանագրվի, սակայն զարգացած երկրներում դեռեւս տեսանելի տնտեսական աճ չի լինի: Ըստ ԱՄՀ ներկայացուցչի՝ Հարավային Կովկասի երկրները վերջին 5-6 տարիներին դրական ցուցանիշներ են ապահովել` իրականացնելով կառուցվածքային բարեփոխումներ, մեծացնելով կապիտալի ներհոսքը: Սակայն ճգնաժամի պայմաններում տարածաշրջանի բոլոր երկրները սկսել են բացասական ցուցանիշներ արձանագրել, նաեւ կտրուկ նվազել են արտահանումների ծավալները: Նրա խոսքով, Հայաստանում որոշ ցուցանիշների նվազումն ավելի քիչ տեմպերով է արձանագրվել, քան հարեւան երկրներում: Դրան հակառակ, երկրում զգալիորեն նվազել է օտարերկրյա ներդրումների ծավալը: «Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ունի առանձնահատկություններ` առայժմ երկրում չմարվող վարկերի ցուցանիշը ցածր է, սակայն ակնկալվում է, որ այն կավելանա: Իսկ գնաճի մակարդակը ՀՀ-ում, այլ պետությունների համեմատ, ավելի մեղմ է եւ թույլ»,- ասել է Մ.Ահմեդը:

Իսկ քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ ճգնաժամի առաջին ալիքը Հայաստանի վրա մեծ ազդեցություն չունեցավ, քանի որ «արագ հետ կանչվող վարկեր» երկիրը չէր ստացել: «Հայաստանը վարկային միջոցներ ստանում է հիմնականում միջազգային խոշոր ֆինանսական կառույցներից, այն էլ՝ արտոնյալ պայմաններով: Դրանք արագ մարելու խնդիր մենք չունենք, ինչն էլ լրացուցիչ ամրություն է ստեղծում»,- ասել է նա`ավելացնելով, թե ՀՀ-ն ճգնաժամի պայմաններում շահեկան վիճակում է հայտնվել նաեւ կայուն բանկային համակարգի շնորհիվ: Այսօր, ըստ Վ.Գաբրիելյանի, մակրոտնտեսական անորոշությունն է հայաստանյան բանկերին ստիպում զգուշավորություն ցուցաբերել: Անհատական վնասներ նրանք կրել են, ինչը, սակայն, ընդհանուր կայունության վրա չի ազդել: 2008 թ. եւ այս տարվա առաջին եռամսյակում բանկերի սեփականատերերը բանկային կապիտալն ավելացրել են 37 տոկոսով: Վ.Գաբրիելյանի կարծիքով՝ ՀՀ ֆինանսատնտեսական հատվածում առաջացած դժվարությունները արտաքին ազդեցության արդյունք է: «Մենք ճգնաժամի առաջին փուլին դիմակայել ենք, սակայն դժվարություններ դեռեւս կլինեն: Մեզ համար շարունակում է վճռական մնալ գնաճի զսպումը: Հայաստանն ԱՊՀ երկրների թվում գնաճի ամենացածր ցուցանիշն արձանագրող երկիրն է: Դա մեզ հնարավորություն է տալիս մտածել տնտեսության ակտիվացման մասին»,- ասել է ԿԲ փոխնախագահը: