Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը` երեկ կես ժամով վերջապես կարողացել է հանդիպել ամուսնուն, ով մարտի 17-ից գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում: Ռ. Բադալյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Շ. Հարությունյանն ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, բժիշկները եւս տեղեկացրել են, որ նրա վիճակը նորմալ է: Շ. Հարությունյանի կինն ասել է, թե իր կարծիքով, երեկվա հանդիպումը հնարավոր է դարձել ամուսնու` նախօրեին գրած նամակի արդյունքում: «Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, դատահոգեբուժական փորձաքննությունն ընթացքի մեջ է: Փորձաքննվողը ամեն օր գտնվում է մեր հսկողության տակ, նրա հետ գրեթե ամեն օր զրուցում են հանձնաժողովի տարբեր անդամները, այդ թվում եւ ես: Փորձաքննությունը շուտով կավարտվի, փորձաքննության եզրակացությունից առաջ այլ մանրամասներ հաղորդելու իրավասություն չունեմ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի տղամարդկանց բաժանմունքի վարիչ Աիդա Միխայլովնան: Իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի խոսնակը երեկ ասել է, թե դատարանի որոշմամբ դատահոգեբուժական փորձաքննության ժամկետ սահմանված չէ, ժամկետ չի սահմանում նաեւ Քրեական դատավարության օրենսգիրքը եւ փորձաքննության ժամկետը կախված է հանձնաժողովի անդամ փորձագետների որոշումից: «Հաշվի առնելով նման փորձաքննությունների պրակտիկան` դրանք, որպես կանոն, տեւում են մեկ ամսից առավելագույնը մեկուկես ամիս»,- ասել է Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը: