Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ջղախոտով (եզնալեզու) բուժումներ
Ջղախոտը ամենահին դեղաբույսերից մեկն է: Չինաստանում բժշկության մեջ օգտագործելու նպատակներով ջղախոտ հավաքում էին դեռեւս 3000 տարի առաջ: Հին հույներն ու հռոմեացիները եզնալեզվի սերմերն օգտագործում էին թունավոր լուծի դեպքում կամ աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների ժամանակ: Այն օգտագործվել է հենց Հիպոկրատի կողմից, իսկ Ավիցենան գտնում էր, որ այն արտակարգ դրական ազդեցություն է ունենում խոցերի դեպքում: Բույսի տերեւները կանգնեցնում են արյունահոսությունը եւ նպաստում բազմաթիվ վերքերի ապաքինմանը: Նույնիսկ մի լեգենդ կա այն մասին, թե ինչպես են մարդիկ հասկացել նրա ապաքինող հատկությունների մասին: «Մի անգամ երկու օձեր ճանապարհի եզրին, արեւի տակ պառկած` տաքանում էին, երբ հանկարծ մի սայլ է դուրս գալիս: Օձերից մեկը հասցնում է սողալով դուրս փախչել ճանապարհից, իսկ մյուսը, չհասցնելով, մնում է սայլի ակի տակ ու վիրավորվում: Սայլակի մեջ նստած մարդիկ տեսնում են, թե ինչպես է այն օձը, որին ոչինչ չէր պատահել, սողում դեպի անտառ եւ քիչ հետո վերադառնում` իր հետ բերելով ջղախոտի տերեւը, որով էլ բուժում է սայլակից տուժած օձին»:
Հոմեոպատիայում ջղախոտի էսենցիան օգտագործվում է գլխացավի, տախիկարդիայի, ականջի ցավի համար: Որպես հակաբորբոքային միջոց՝ ընդունվում է արտաքին գործածության համար: Չինական բժշկության մեջ եզնալեզվի թուրմը օգտագործվում է բրոնխիտների, պլեւրիտի, նեֆրիտի դեպքում: Այն նաեւ շատ լավ խորխաբեր միջոց է:
Գինեկոլոգիայում եզնալեզվի սերմերի թուրմն օգտագործվում է էնդոկրին խանգարումների դեպքում: Դրանով նաեւ պատրաստվում են թուրմեր` ցիստիտի համար: Իսկ մեր նամակագիրներից մեկը նույնիսկ գրում է, որ եզնալեզվի տերեւները պահածոյացնում է ` ձմեռվա թփով տոլմայի համար: «Լայն, խոշոր ու առողջ տերեւները լավ լվանալ ու քամել: Էմալապատ թասի մեջ լցնել 1-1,5 լիտր ջուր ու մոտավորապես 1 ճաշի գդալ աղ: Ջուրը հենց սկսի եռալ` տերեւները քիչ-քիչ գցել ջրի մեջ, ու հենց տերեւների գույնը փոխվի` հանել ջրից: Տերեւները տաք վիճակում լցնել տարայի մեջ, վրան ավելացնել փոքր-ինչ այդ եռացրած ջրից ու փակել: Պահել հով եւ մութ տեղում, որտեղ սովորաբար պահածոներն են պահվում: Եզնալեզվի տերեւով տոլման փաթաթում եք այնպես, ինչպես խաղողի թփով տոլման: Այն շատ օգտակար է առողջությանը»,- գրում են մեզ:
Երիկամների ավազի համար էլ շատ լավ միջոց է այս բույսի հյութը: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. մաքուր լվացված տերեւներն անցկացնել մսաղացով, լցնել թանզիֆի կտորի մեջ ու քամել: Խմել 1 օղու բաժակի չափով` ամեն առավոտ, քաղցած ստամոքսին: Այն շատ դառն է, բայց շատ օգտակար: Այն խմելու ընթացքում կարելի է օրվա մեջ նաեւ մասուրի հյութ օգտագործել: Բուժման ընթացքը տեւում է 2 շաբաթ:
Շատ օգտակար է եզնալեզվից պատրաստված դեմքի քսուքը: 2 ճաշի գդալի չափով կտրատած եզնալեզվի տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր, թողնել կես ժամ, ապա քամել ու օգտագործել` որպես դեմքի մաշկը մաքրող միջոց:
Օրգանիզմը ճարպային եւ աղային նստվածքներից մաքրող, նյութափոխանակությունը կարգավորող հին արեւելյան բուժամիջոց
100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը կամ եգիպտացորենի թելիկները եւ կեչու բողբոջները խառնել, սրճաղացով աղալ եւ պահել ամուր փակված ապակե ամանում: Երեկոյան դեղաբույսերի խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 0,5 լիտր եռջուր եւ թրմել թերմոսում 30-40 րոպե, քամել, 1 բաժակ եփուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խմել: Եփուկն ընդունելուց հետո ոչինչ չուտել եւ չխմել: Գործողությունը կատարել քնելուց առաջ: Առավոտյան մնացած հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ խմել նախաճաշից 20 րոպե առաջ: Այսպես անել ամեն օր` մինչեւ կվերջանա դեղաբույսերի խառնուրդը:
Օգնում ենք երեխաներին
Երեխայի դիաթեզի դեպքում կարելի է տալ սեւ բողկի հյութ` սկսած 1 կաթիլից: Չափաբաժինն ավելացնել ամեն օր 2 կաթիլով ու հասցնել 1 ճաշի գդալի: Հյութը տալ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
Դիաթեզին օգնում է նաեւ մեկ այլ բաղադրատոմս: Լվանալ ձուն, եփել, 5 րոպե սառեցնել, հանել կեղեւից ու կեղեւը փայտե հավանգով այնքան խփել, որ փոշի դառնա: Դիաթեզի դեպքում երեխային տալ 1 թեյի գդալ ձվի կեղեւի փոշի` 4-5 կաթիլ կիտրոնահյութով: Պետք է խմել 15 օր:
Երեխաների դիմադրողականության բարձրացման համար շատ լավ է պոլիվիտամինային նախաճաշը: 150գ խնձորը քերիչով անցկացնել, ավելացնել կես նռան հյութ ու սովորական ընկույզի մանրացրած 10 միջուկ, եւ տալ երեխային: Այն շատ օգտակար է հատկապես այն ժամանակ, երբ երեխան հակաբիոտիկներով երկար բուժում է անցել: Օգտակար է ոչ միայն երեխաներին, այլեւ մեծերին: