«Վտանգավոր» հակումներ

09/04/2009

Երեկ հեղինակավոր «Econimist» պարբերականի վերլուծական կենտրոնը հրապարակել է մի զեկույց, ըստ որի՝ «Հայաստանում սոցիալական ընդվզումները մեծ վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար»: «Econimist»-ի վերլուծաբաններն այս գնահատականին հանգել են` ուսումնասիրելով Հայաստանի տնտեսական իրավիճակն ու քաղաքական կայունության մակարդակը, այդ թվում` սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան, իշխանության նկատմամբ վստահության աստիճանն ու սոցիալական ընդվզումներին հասարակության հակվածությունը: Ըստ այդմ, քաղաքական անկայունության առումով Հայաստանը աշխարհի 165 երկրների շարքում գրավել է 94-րդ «պատվավոր» հորիզոնականը` այնպիսի երկրների հարեւանությամբ, ինչպիսին են «ժողովրդավարության առաջամարտիկներ» Մոզամբիկը, Սիրիան եւ Նամիբիան: Ըստ «Econimist»-ի, Հայաստանում առավել խոցելի է տնտեսական դրությունը: Տասը բալանոց սանդղակով (0-ն վկայում է, որ տնտեսական ցնցումները գրեթե անհնարին են, իսկ 10-ը` հակառակը) Հայաստանը ստացել է 7 բալ: Իրավիճակի ընդհանուր գնահատականով Հայաստանը 2007թ. համեմատ, բնականաբար, զգալիորեն նահանջել է. երկու տարի առաջ Հայաստանում քաղաքական անկայունության գործակիցը գնահատվել էր 3,8 բալ՝ ներկայիս 5.8-ի փոխարեն: Փաստորեն, մեր իշխանություններն այս զեկույցին արձագանքել են շատ օպերատիվորեն` երեկ Հյուսիսային պողոտայում «երկրի կայունությունը» փրկելով «ընդվզումներին հակված հասարակությունից»: Կարծում ենք, այս գնահատականը լրացուցիչ խթան կհանդիսանա իշխանությունների համար` նույն կերպ անզիջում դարձնել պայքարը նաեւ անհատ տաքսիների վարորդների, տոնավաճառի աշխատակիցների, փոքր խանութների սեփականատերերի եւ «կայունության այլ թշնամիների» դեմ: