Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում» եւ «Արժութային կարգավորման» ու «Արժութային վերահսկողության» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր, որոնցում խստացվել են արժութային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատիժները: Գործող օրենքով ՀՀ տարածքում տնտեսվարողներին արգելվում է գնանշում կատարել կամ իրացումից հասույթ ստանալ արտարժույթով: Այսինքն` արգելվում է ապրանքներ ու ծառայություններ վաճառել արտարժույթով: Սակայն, եթե նախկինում այս պահանջը խախտելու համար տուգանում էին նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով` տարվա ընթացքում 1-ին խախտելու դեպքում, կամ 200-ապատիկի չափով` տարվա ընթացքում 2-րդ անգամ օրենքը խախտելու դեպքում, ապա նոր օրինագծով օրինախախտները կտուգանվեն համապատասխանաբար 2000-ապատիկի (2 մլն դրամ) եւ 4000-ապատիկի չափով (4 մլն դրամ): Սա ըստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի` դոլարիզացիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող պատժիչ եւ կանխարգելիչ միջոցառում է, որը, բնականաբար, չի վերաբերում ներմուծողներին ու արտահանողներին: Դոլարիզացիայի մակարդակը այսօր ՀՀ-ում 73% է, այսինքն` բանկերում դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդների կառուցվածքում ընդամենը 27% է: Մինչդեռ, ըստ նրա՝ 2008-ին դրամային ավանդների տեսակարար կշիռը 65% էր, այսինքն` դոլարիզացիայի մակարդակը 35% էր: Սակայն, Ա. Ջավադյանի ասելով, մեր հարեւան երկրներում վիճակը շատ ավելի տխուր է, եւ դոլարիզացիայի մակարդակը հասել է 90%-ի: Դոլարիզացիայի բարձր մակարդակը, նրա ասելով, հանգեցրել է նրան, որ մեր բանկային համակարգն այսօր գտնվում է արտարժութային կարճ դիրքում: Դրա իմաստն այն է, որ բանկերի պարտավորությունների (ավանդների) ավելի մեծ մասն է արտարժույթով, քան թե ակտիվների (տրամադրած վարկերի): Այս իրավիճակը ստեղծվել է 2008թ. դեկտեմբերից սկսած, երբ համապատասխան սպասումների հետեւանքով ավանդատուները իրենց դրամային ավանդները սկսեցին փոխել արտարժութայինի: Մինչդեռ վարկերը, հանդիսանալով երկարաժամկետ ակտիվներ, ըստ նրա, նախկինում մեծամասամբ տրված լինելով դրամով, դեռեւս չեն հասցրել մարվել եւ դրամային տեսքով են: Այն, որ ավանդները հաճախորդները ավելի շատ հակված են պահել դոլարով, հանգեցրել է նաեւ նրան, որ բանկերը սկսել են բարձրացնել դրամային ավանդների տոկոսադրույքները: Այսօր դրամային ավանդների տոկոսադրույքները 10.5-14% են: Այս ցուցանիշով էլ մենք, ըստ նրա, ՌԴ-ի ու Ուկրաինայի համեմատ ավելի բարվոք վիճակում ենք, քանի որ այնտեղ ավանդների տոկոսադրույքները 16-17% են կազմում: Ավանդների տոկոսադրույքը բանկերը ստիպված են բարձրացնել նաեւ այն պատճառով, որ քաղաքացիները գնալով ավելի քիչ են հակված դրամ խնայել եւ բանկում այն գրավադրել: Այսպես, ըստ Ա. Ջավադյանի, վերջին ամիսներին նկատվել է դրամային ավանդների ծավալի նվազում: Եթե բարձրանում են ավանդների տոկոսադրույքները, տրամաբանական է սպասել, որ կբարձրանան նաեւ վարկերի տոկոսադրույքները: Բայց վարկավորման (դրամով) տոկոսադրույքի վերին շեմը ՀՀ-ում սահմանված է 24 %, հետեւաբար բանկերը դրամային վարկերի տոկոսադրույքները չեն կարող այդ շեմից բարձր սահմանել: Այնուամենայնիվ, նվազել են նաեւ տրամադրվող վարկերի ծավալները: Եթե նախորդ տարվա մարտ ամսին տրամադրվել են շուրջ 70 մլրդ դրամի վարկեր, ապա այս տարվա մարտին տրամադրվել է ընդամենը 52 մլրդ դրամի վարկ: Եվ այսքանից հետո, Ա. Ջավադյանի ասելով, բնականաբար, մեր բանկային համակարգը շատ չի տուժել: 2008թ. այն աշխատել է շուրջ 27 մլրդ դրամի շահույթով, եւ քանի որ դրամի հետագա արժեզրկում չի սպասվում, առաջիկայում եւս լուրջ վտանգ չկա: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի վարկերը` ուղղված փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ըստ Ա. Ջավադյանի, զգալիորեն կնպաստեն վարկերի ծավալների մեծացմանը: ԱՄՀ-ից, ըստ ԿԲ նախագահի, շուտով կստացվի 15 մլն դոլար, իսկ Համաշխարհային բանկից` 50 մլն դոլար վարկի առաջին տրանշը: Նախատեսվում է նաեւ ստեղծել հիպոթեքային հիմնադրամ, որն ունենալու է 5 միլիարդ դրամ կապիտալ: «Այս պահին մենք բանակցում ենք կառավարության հետ, ինձ թվում է՝ կառավարությունն էլ կմասնակցի այդ հիմնադրամին, կավելացնենք կապիտալը: Եվ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ ենք բանակցում: Ես հուսով եմ, որ տարվա վերջին այդ հիմնադրամի կապիտալը կլինի 30 մլրդ դրամից ավելի, եւ դա նոր ազդակ կտա մեր շուկաներին»,- ասաց Ա. Ջավադյանը` հավելելով, թե դրա շնորհիվ կարձանագրվի շինարարության բավական լուրջ աճ: Նա նաեւ նշեց, որ բանակցում են գերմանական KfW բանկի հետ եւ հավանաբար հունիսին ՀՀ-ն կստանա 20 մլն եվրո, կրկին հիպոթեքային վարկավորման համար: Ա. Ջավադյանը եւս մեկ ցուցանիշ նշեց, որով ՀՀ-ն հարեւանների համեմատ գտնվում է ավելի բարվոք վիճակում: Խոսքը սպառողական վարկերի տեսակարար կշռում ոչ ստանդարտ վարկերի, կամ, կոպիտ ասած, վատ վարկերի տեսակարար կշռի մասին է: Այսօր ՌԴ-ում եւ Ուկրաինայում, ըստ նրա, այն կազմում է 20%, մինչդեռ ՀՀ-ում 8% է (նախկինում 4% էր): Նա հերքեց լուրերը, թե հատուկ հրահանգ կա գրավադրված եւ վարկերի չմարման հետեւանքով բանկերին անցած գույքը վաճառքի չհանել: «Կարող են եւ մեծ հաճույքով կվաճառեն»,- հայտարարեց Ա. Ջավադյանը։