Գործը քանդվում է

09/04/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղբանտարկյալներ՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի` արդեն առանձնացված գործով 1-ին դատավարությունը:

Հիշեցնենք, որ նրանց մեղադրանքի հիմքում ընկած ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունն ապրիլի 1-ին նոր մեղադրանք առաջադրեց «7-ի գործով» քաղբանտարկյալներին` մասամբ հրաժարվելով նախկին մեղադրանքներից: Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ որոշեց «7-ի գործը» տրոհել 6 մասերի` միասին ու իր վարույթում թողնելով միայն Ա.Արզումանյանի ու Ս.Սիրունյանի գործը: Եվ ահա երեկ Մ.Մարտիրոսյանն առաջին անգամ իրականացնում էր ոչ թե յոթ քաղբանտարկյալների բավականին ծանր, այլ երկու քաղբանտարկյալների դատավարությունը: Նշենք, որ տրոհման գործի առանձնացման արդյունքում դատավորի մոտ ի հայտ եկած «թեթեւությունը» երեկ զգացվում էր. Մարտիրոսյանն իրեն մի փոքր վստահ էր զգում: Տեղեկացնենք նաեւ, որ Ա.Արզումանյանի շահերը շարունակում էին պաշտպանել փաստաբաններ Հովիկ Արսենյանն ու Լիպարիտ Սիմոնյանը, իսկ Ս.Սիրունյանի փաստաբանը կրկին Վարդուհի Էլբակյանն էր: «7-ի գործով» 6 մեղադրողներից այս գործում ՀՔԾ մեղադրանքը պաշտպանում էին երեքը` Լիլիթ Թադեւոսյանը, Արամ Ամիրզադյանը եւ, բնականաբար, «գլխավոր» մեղադրող Կորյուն Փիլոյանը: Երեկ, նիստը սկսվելուն պես, Լ.Սիմոնյանը մեղադրանքը նորից վերաձեւակերպելու եւ հստակեցնելու միջնորդություն ներկայացրեց: Նրա խոսքերով, նոր ներկայացրած մեղադրական եզրակացության մեջ խառնաշփոթն ավելի է խորացել: Այնտեղ 7 քաղբանտարկյալները ներկայացված են որպես կազմակերպված խումբ, բայց դատարանը որոշել է նրանց գործերը մասնատել: Բացի այդ, գործով դատակոչված են մոտ 400 վկաներ, տուժողներ եւ այլ անձինք: «Պարզ չէ, թե նրանցից ովքեր առնչություն ունեն Ա.Արզումանյանի հետ: Իմ պաշտպանյալին հայտնի չէ, թե ինչով է մեղադրվում, եւ պարզ չէ, թե ես նրան ինչից պետք է պաշտպանեմ: Ես միջնորդում եմ մեղադրանքը վերադարձնել, հստակեցնել եւ առանձնացնել այն մեղադրանքները, որոնք վերաբերում են իմ պաշտպանյալին»,- հայտարարել է Լ.Սիմոնյանը: Ա.Արզումանյանն էլ միջնորդեց դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը, որովհետեւ կարճվել է ՔՕ 300-րդ հոդվածի` իշխանությունը յուրացնելու հանցակազմը: Մ.Մարտիրոսյանն առանց քննության թողեց վերջինիս միջնորդությունը, Լ.Սիմոնյանի միջնորդությունն էլ մասամբ բավարարվեց: Տուժողների, դատակոչվածների եւ վկաների մի մասը հանվեց գործից: Դատավորը որոշեց գործում թողնել միայն 15 վկաների, սակայն մերժեց վերաձեւակերպել մեղադրանքը: Նկատենք, որ այս որոշումը դատավորի մոտ կար նախապես, պարզապես դա ներկայացրեց՝ որպես միջնորդությունը մասնակի բավարարելու որոշում: Այնուհետեւ Լ.Սիմոնյանը միջնորդեց հանցակազմի բացակայության հիմքով Ա.Արզումանյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Մեղադրող Ա.Ամիրզադյանն ընդդիմացավ այս միջնորդությանը, Մ.Մարտիրոսյանն էլ, բնականաբար, այն մերժեց: Ս.Սիրունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց Վ.Էլբակյանը: Պաշտպանը հայտարարեց, որ Սիրունյանի մասով մեղադրող կողմը հիմնվել է բացառապես ենթադրությունների վրա եւ որեւէ ապացույց չի ներկայացրել: «Իմ պաշտպանյալը մեղադրվում է այլախոհության համար»,- հայտարարեց Վ.Էլբակյանը:

Մ.Մարտիրոսյանը մերժեց նաեւ այս միջնորդությունը: Եվ ընդհանրապես պաշտպանները երեկ միայն քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հետապնդումը կամ խափանման միջոցը դադարեցնելու միջնորդություններ էին ներկայացնում, դատավորն էլ դրանք հերթով մերժում էր: Լ.Սիմոնյանը նույնիսկ միջնորդություն ներկայացրեց գրավի դիմաց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա նաեւ ավելացրեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ 1 տարուց ավելի չի կարելի մարդուն պահել նախնական կալանքի տակ: Իսկ Ա.Արզումանյանի կալանքի 1 տարին լրացել է մարտի 10-ին: Այդ առնչությամբ պաշտպանը ներկայացրեց նաեւ նախադեպային օրինակներ միջազգային փորձից, բերեց դա վկայող` Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի հեղինակած գիրքը: Բայց միեւնույն է, դատավորն ու մեղադրողները մնացին անդրդվելի ու չցանկացան Ա.Արզումանյանին կալանքից ազատել գոնե խափանման միջոցը փոխելու տարբերակով: Նրանց կարծիքով, Ա.Արզումանյանն այդ դեպքում կխուսափի դատավարությանը ներկայանալուց կամ կխոչընդոտի դատական պրոցեսին: Ա.Արզումանյանը չհամաձայնեց իր պաշտպանի` գրավով կալանքից դուրս գալու միջնորդության հետ: «Ես տեղով երաշխիք եմ: Իմ անունը եւ կենսագրությունը երաշխիք են: Ես այս երկիրը կառուցողներից մեկն եմ: Ինձ այս քաղաքում նույնիսկ յուրաքանչյուր շուն է ճանաչում: Ինձ ձերբակալել են իմ հրապարակային գործունեության համար, եւ ես այս երկրից փախչելու տեղ չունեմ: Շատ ցավում եմ, որ իմ եւ իմ ընկերների կողմից հիմնադրված երկրի դեմ պետք է հանդես գամ Եվրոպական դատարանում, բայց պետք է իմ իրավունքները պաշտպանեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե Եվրոպական դատարանի վճիռների ինչ տարափ է տեղալու ՀՀ-ի դեմ ձեր անօրինականությունների պատճառով: Որպես ՀՀ քաղաքացի, ինձ վիրավորված եմ զգում, որ իմ երկրում չեմ կարողանում արդարադատության հասնել եւ ստիպված դիմում եմ միջազգային ատյաններ»,- հայտարարեց Ա.Արզումանյանը` տեղեկացնելով, որ դիմել է նաեւ Սահմանադրական դատարան իրեն 300-րդ հոդվածով մեղադրելու որոշումը վիճարկելու համար: Փաստորեն այս գործում ապացուցողական բազան դարձավ շատ խոցելի: Որպես ապացույց՝ մնացին ընդամենը 15 վկաներ, քաղբանտարկյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման եւ դեպքի վայրի վերաբերյալ արձանագրությունները: Այս գործով այլեւս չկա քաղհայցվոր, տուժող: Այսինքն՝ այլեւս քննության չեն դիմանում իշխանությունների թխած գործերը, եւ չի բացառվում, որ նրանք գործը «թեթեւացնելով»՝ փորձում են քաղբանտարկյալներին ինչ-որ կերպ ազատ արձակելու ճանապարհը հարթել: «Նոր խմբագրությամբ մեղադրական եզրակացության մեջ պիտի ապացուցվեր, որ Ա.Արզումանյանը եւ Ս.Սիրունյանը անձամբ կազմակերպել են բռնություններ: Այսինքն՝ նրանց հրահանգով ինչ-որ մարդիկ մեքենաներ են վառել, ապակիներ են ջարդել, թալան է կազմակերպվել: Պիտի ապացուցվի նրանց անձնական մեղսակցությունը: Մեղադրական եզրակացության մեջ ոչ մի նման կետ գոյություն չունի: Մնում է միայն եզրակացնել, որ առանց որեւէ հիմք ունենալու՝ տղաներին ուղղակի պահում են բանտում` օգտագործելով դատավարական պրոցեսը»,- երեկ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջում Վ.Էլբակյանը հայտարարեց, որ Ս.Սիրունյանն առողջական խնդիրներ ունի, եւ Շտապ օգնություն հրավիրեց: Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի այսօր` ժամը 12-ին: