Ինչպես խաբել բաժնետերերին

19/07/2005 Ռոլանդ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Տեխ. գիտ. թեկնածու

«Քիմռեակտիվ» եւ «Երազ» միավորումները մեր երկրի առավել հզոր
արդյունաբերական այն տասը ձեռնարկություններից էին, որոնք 1995թ. մայիսին
առաջինները ԲԲԸ-ների տեսքով սեփականաշնորհվեցին։ Առանց քննարկելու՝
ապաշնո՞րհ, թե՞ շնորհքով իրականացվող ղեկավարման արդյունք էր այդ
արդյունաբերական հսկաների սնանկացումը, քանի որ մեր իրականության
պայմաններում երկու տարբերակներն էլ հավասարապես հավանական են, փաստենք,
որ նրանք արդեն սնանկացած են։ Նրանց սնանկացման հիմնավորման ու
գործընթացների մանրամասներին ծանոթանալու բաժնետիրոջ փորձերը բավականին
մեծ ջանքեր էին պահանջում։ Վերջապես մեկ ու կես տարվա ճիգերով որոշ
սահմանափակ տվյալներ ստանալը հաջողվել է, որոնց մի մասը ներկայացնում եմ
ստորեւ.

1. «Քիմռեակտիվ» ԲԲԸ. Ըստ Կառավարիչ Չիտչյանի դժկամությամբ տրամադրած
տվյալների՝ 23.01.2004թ. Տնտեսական դատարանի կողմից կազմած ու հաստատած
պահանջատեր պարտատերերի նախնական ցուցակում կան միայն 26.100 բաժնետոմսերի
տերերը, այլ կերպ ասած, օրենքով հավասար իրավունքներով օժտված
բաժնետոմսերից 31.900-ի տերերն անտեսված են, կամ բաժնետերերի 55%-ը դուրս
է մնացել կամ «քցվել» է։ Հետաքրքիր է, որ 14.01.2004թ. նախագահի ստորագրած
օրենքը դատարանը քննարկել ու վերջնական լուծում է տվել 23.01.2004-ին։

2. «Երազ» ԲԲԸ 01.04.2004թ. Տնտեսական դատարանի հաստատած պարտատերերի
նախնական ցուցակում 28.851 բաժնեմասերից ընդգրկված են միայն 22.548-ը,
անտեսվել է 6303 բաժնետոմս, այլ կերպ ասած, «քցվել» են 22%-ը։

Հետաքրքիր է սնանկացող օբյեկտների վիճակը, եթե «Քիմռեակտիվ» ԲԲԸ-ն
բոլորովին քանդված ու թալանված վիճակում էր (չժանգոտվող պողպատյա
խողովակները բավականին մեծ պահանջարկ ունեն մեր հարեւան երկրներում), ապա
«Երազ» ԲԲԸ-ն 200.000 քմ պարսպապատ տարածքով (Երեւան քաղաքի այդ հատվածում
հողի 1 քմ կադաստրային արժեքը գերազանցում է 20 ԱՄՆ $-ը), ավելի քան
300.000 խմ շինություններով (1 խմ կադաստրային արժեքը գերազանցում է
30$-ը) հազարներով հաշվվող գործող դազգահներով, բազմաթիվ տեխնոլոգիական
գծերով հագեցած ձեռնարկություն է, որի նվազագույն արժեքը միայն ութանիշ
թվով կարող է արտահայտվել։ Սակայն վերը բերած թվերը բոլորովին էլ չեն
խանգարել ութ տարի միանձնյա, սկզբում՝ որպես ֆինանսական առողջացման
կառավարիչ (օրենքով ժամկետը 24 ամիս է), հետագայում՝ որպես իր իսկ
ջանքերով «վատառողջ» ձեռնարկության Սնանկության ժամանակավոր կառավարիչ
նշանակված Վահագն Ավագյանին, «Կոմերցիոն գաղտնիք» կոչված ստվերային
հնարանքով վերագործված պայմաններում իրականացրած «բազարների» արդյունքում
ձեռնարկությունը վաճառել ընդամենը 1,5-2 մլն ԱՄՆ $-ով կամ ավելի փոքր գնով
(ճշգրիտ գինը նույնիսկ վաճառքից հետո չի գաղտնազերծվում), ճիշտ ու ճիշտ
այնպիսի գնով, որպեսզի դատարանի որոշմամբ հաստատված մոտավորապես 820 մլն
դրամի ընդհանուր արժեքից հնարավոր լինի վճարել միայն 595 մլն-ը, «Ոչ մի
դրամ բաժնետերերին» նշանաբանով, հանրապետությունում սնանկացման
գործընթացներում կարծրացած «քցոցիի» ավանդույթը չխաթարելու պայմանով։

Ահա այդպիսին է «շուկայական հարաբերություններ» կոչված արկածախնդրության
զոհը դարձած բազմահազար փոքր բաժնետերերի հույսերի ու հիասթափության
տարեգրությունը։

Այս բոլորի բնապատկերի (ֆոնի) վրա առանձնակի հետաքրքրություն է առաջացնում
նկարագրած իրադարձություններին ընթացք տվող ու օրենքի տեսքով հրամցնող
պետական ատյանների վերաբերմունքը կամ, ավելի ճիշտ, ինքնահիացական գովազդը,
թե որքանով իմաստուն ու ճիշտ ժամանակին ընդունած ու կիրառված օրենք է
կյանքի կոչվել։

Արդարադատության փոխնախարար, երեւի թե օրենքի հիմնական հեղինակ Տիգրան
Մուկուչյանի մեկնաբանությամբ՝ «…Սնանկացումը դաշտում ունի նույն
նշանակությունը, ինչ գայլը բնության մեջ»։ Այդպիսի բնորոշումները
բացարձակապես արդարացի են, քանզի օրենքը գործնականում իրականացվում է
թույլին հոշոտելու գայլային բարքերով։

Բայց ահա մեծարգո փոխնախարարի միամիտ լավատեսությունը՝ «… թե լուծարային
գործընթացներում կոռուպցիայի բարձր ցուցանիշները բացառվում են», ավելի
շուտ նման է միտումնավոր մոլորության ոչ միայն «Երազ» ձեռնարկության երկու
տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի կարգի գույքի տասն անգամ ավելի էժան գնով
իրացման մասնավոր օրինակով, այլ՝ թեկուզեւ այն իրողությամբ, որ
հանրապետության իրականացված սնանկացման գործընթացների հիմնական
նախաձեռնողները ձեռնարկությունները տնօրինող անհատներն են։ Ամերիկյան
փորձագետ Ջոն Դավիդսոնի ներկայացրած վիճակագրության համաձայն՝
«Հայաստանում սնանկացման հայցադիմումների 99%-ը ներկայացվում է
պարտապանների կողմից, մինչդեռ ԱՄՆ-ում դրանք ստացվում են պարտատերերի
կողմից»։ Գովելի է, որ մեր հինավուրց երկրում չեն արտատպում ամերիկյան
բարքերը, բայց ակնհայտ է, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է այնպես,
ինչպես ԱՄՆ-ում, բայց դե դժվար չէ հասկանալ, որ պարտապանների
ինքնազոհության (ինքնասնանկացման) հանդիսավոր շքերթը պայմանավորված է կա՛մ
առկա ստվերը վերացնելու, կա՛մ նոր ստվերային միջոցներ ձեռք գցելու
մոլուցքով։ Այդպիսի պարագայում դժվար է բացառել կոռուպցիայի
առկայությունը, բայց ահա այդ երեւույթի փնտրտուքով անգործության մատնված
բավականին ներկայացուցչական պետական հանձնաժողովին արժե հուշել, որ
սնանկացման գործընթացներին ուղեկցող «Ստվերը» նույն կոռուպցիա ծնող անառակ
մայրն է։