«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով Վերաքննիչ դատարանի վճիռը շուտով կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այդ մասին մեր թղթակցին տեղեկացրել է Ս.Այվազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Վերջինիս խոսքերով, իրենք պատրաստվում են միաժամանակ դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: «Բայց մենք չենք սպասելու վճռաբեկ դատարանի որոշմանը, ավելի շուտ կդիմենք Եվրոպական դատարան»,- ասել է Լ.Սահակյանը: Հիշեցնենք, որ Ս.Այվազյանը ձերբակալվել էր 2008թ. փետրվարի 24-ին: Նա մեղադրվում է ՔՕ 316-րդ հոդվածով: Մեղադրանքի հիմքում դրված էին Ոստիկանության Կենտրոնի բաժնի 3 ծառայողների ցուցմունքները, ըստ որոնց՝ Ս.Այվազյանը իբր բռունցքով հարվածել է նրանցից մեկին` Կարեն Հովսեփյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Ավետիսյանի վճռով Ս. Այվազյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ 300.000 դրամի չափով տուգանքի: Վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողել էր անփոփոխ: Ներկայումս Ս. Այվազյանի պաշտպանները պատրաստվում են այդ վճիռը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: