500.000 դրամանոց «դամբուլ»

09/04/2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը դատարանից պահանջեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, այսինքն՝ 500.000 դրամով:

Գ.Շամշյանը մեղադրվում է ՔՕ 343-րդ հոդվածի 3-րդ մասով` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 5-ին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ դատական կարգադրիչները բռնի ուժով դուրս են հանել Գ.Շամշյանին, 1,5 ժամ պահել են աստիճանավանդակի տակ, հետո հանձնել են ոստիկաններին: Ու դրանից հետո ֆոտոլրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել այդ օրվա դատը նախագահող Գագիկ Ավետիսյանին վիրավորելու` նրան «հորթ», «ապուշ» եւ «տխմար» բառերով դիմելու համար: Երեկ Լ.Չարխիֆալակյանը ընթերցեց մեղադրական եզրակացությունը, որի մեջ ներառված էին 4 վկաների ցուցմունքների հատկապես այն հատվածները, իբր թե Գ.Շամշյանը դատավորին է ուղղել այդ վիրավորական բառերը: Այդ օրվա դատական նիստի ձայնագրության վերծանման տեքստում, սակայն, նման բառեր չկան: Իսկ վկաները օգոստոսի 5-ի դատավարությանը ներկա դատական քարտուղարն ու կարգադրիչներն էին: ՀՀ Փորձագիտական կենտրոնի կողմից վերծանված տեքստը Գ.Շամշյանի փաստաբան Հովիկ Արսենյանը ներկայացրել է դատավոր Արմեն Խաչատրյանին, սակայն դա կարծես թե ազդեցություն չի ունեցել: Ի գիտություն է ընդունվել վկաների այն ցուցմունքը, թե՝ «մենք լսել ենք այդ բառերը»: Օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրեղեն ապացույց ճանաչված ձայնագրությունը` կրիչը, պետք է համապատասխանի բոլոր ցուցմունքներին: Սակայն միայն Շամշյանի ցուցմունքն է, որ համապատասխանում է:

Հ.Արսենյանը համեմատելով քաղբանտարկյալների ու այս գործերը՝ հայտարարեց, որ ինչպես առաջին դեպքում, երեկ եւս ոստիկանական ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռ կայացվեց: Դատարանի դահլիճում եղել են 50-100 քաղաքացիներ, ոչ ոք չի հարցաքննվել, այսինքն՝ բազմակողմանիությունը եւ ամբողջականությունը չի ապահովվել: Նախաքննական մարմնի, նաեւ դատարանի կողմից չեն քննվել օգոստոսի 8-ի նիստին ներկա լրագրողներն ու Ս.Այվազյանի հարազատները: Հ.Արսենյանը այդ դատավարությանը նույնպես ներկա է եղել` պաշտպանում էր Ս.Այվազյանի շահերը: Նա հերքում է, թե Շամշյանն օգտագործել է այդ վիրավորական բառերը: «Հիմա ինձ ուզում են ապացուցել, որ իմ տեսածն ու լսածը սուտ են: Ուզում են համոզել, որ ես սխալ եմ հասկացել»,- ասում է Հ.Արսենյանը:

Վերջինս իր պաշտպանական ճառը պատրաստելու համար դատարանից երեկ ժամկետ խնդրեց: Նրան միացավ Գ.Շամշյանը` ասելով, որ իրեն 1 շաբաթ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իր ճառը պատրաստի գեղարվեստորեն: «Գիքորն ասում էր՝ աղջիկ պարոն, բալը թանկ է: Հիմա մեր մոտ դամբուլն արժե 500.000 դրամ»,- ավելացրեց Գ.Շամշյանը` ակնարկելով Գագիկ Ավետիսյանի «դամբուլ» մականունը: Դատական նիստը կշարունակվի ապրիլի 15-ին, ժամը 10-ին: