Ճգնաժամ

09/04/2009

Չի հասնի դոլարին

«Առաջիկա տարիներին դոլարը կմնա որպես գլխավոր համաշխարհային արժույթներից մեկը»,- նման հայտարարություն է արել Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի (Փրինստոն, ԱՄՆ) պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էրիկ Մասկինը: «Դոլարը մնում է գլխավոր եւ բավականաչափ կայուն արժույթներից մեկը: Իմ կարծիքով, մյուս արժույթների նկատմամբ դոլարի հարաբերակցությունը, գոնե առաջիկա տարիներին, չի փոփոխվի»,- հայտարարել է նա ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում: Ըստ Մասկինի, այն նոր արժույթը, որի ստեղծման հնարավորությունն այժմ քննարկվում է Ասիայի երկրներում, չի կարող մրցակցել դոլարի հետ` որպես համաշխարհային արժույթի: «Ինչ վերաբերում է ասիական արժութային միության ստեղծմանը եւ նրանց կողմից նոր արժույթի սահմանմանը, ապա, իմ կարծիքով, դա սկզբունքորեն հնարավոր է, բայց չի կարելի դիտել որպես մրցակցություն դոլարին: Ավելի շուտ, նման արժույթի սահմանումն առավելություն կտա Ասիայի երկրներին, քանի որ միեւնույն արժույթի օգտագործումը նրանց միջեւ կպարզեցնի առեւտրական հարաբերությունները: Դա թույլ կտա առեւտրական հարաբերություններում նվազագույնի հասցնել ռիսկերը որեւիցե երկրի արժույթի փոխարժեքի փոփոխման դեպքում»,- ասել է Մասկինը, ով տարբեր ժամանակներում դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Հարվարդում եւ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում: Նա նաեւ Տնտեսաչափական ընկերության նախագահն է:

Բեկում չկա

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի կարծիքով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարում դեռեւս բեկում չի արձանագրվել: «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ում շարունակվում է տնտեսական անկումը, եւ պահպանվում է դրա՝ լճացման վերածվելու սպառնալիքը: Դրա հետ մեկտեղ՝ Սորոսը գտնում է, որ «բազմակողմ եւ քիչ թե շատ համակարգված մոտեցման» դեպքում աշխարհն ի վիճակի է հաղթահարել անկումը: Նա նաեւ բավական բարձր է գնահատել ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականությունը, «բացառությամբ բանկերի վերակապիտալացման եւ հիպոթեքային շուկայի վերակառուցման նկատմամբ ցուցաբերվող մոտեցման»:

Հանել են ցուցակից

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը` ՏՀԶԿ-ն, Մալազիային, Ֆիլիպիններին եւ Ուրուգվային հանել է «հարկային օազիսների» ցուցակից եւ ներառել է «միջազգային հարկային չափանիշներին հավատարմություն հայտնած, սակայն դրանք ըստ էության դեռեւս կիրառել չհասցրած» պետությունների ցուցակում: Ըստ ՏՀԶԿ-ի տարածած հաղորդագրության, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նշված երկրները տեղեկացրել են հարկային օրենսդրության խախտման դեմ պայքարում եւ միջազգային հարկային չափանիշների հաստատման գործում ՏՀԿԶ-ին աջակցելու իրենց պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՏՀԿԶ-ն հրապարակել էր որպես «հարկային օազիսներ» որակվող պետությունների ցանկը, որում ընդգրկվել էին Կոստա-Ռիկան, Մալազիան, Ֆիլիպիններն ու Ուրուգվայը: Իսկ Լոնդոնում կայացած աշխարհի գերխոշոր 20 պետությունների գագաթաժողովի ընթացքում որոշում էր ընդունվել «հարկային օազիսներ» համարվող երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Իհարկե, այդ որոշման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ G-20-ը նախատեսում է պատժամիջոցների հարցը մանրամասն քննարկել այս տարվա սեպտեմբերին: G-20-ի եզրափակիչ կոմյունիկեում նախանշված է, որ «հարկային օազիսների» դեմ պայքարի հավելյալ միջոցներ ՏՀԿԶ-ին կներկայացվեն այս տարվա նոյեմբերին։ Արդեն հայտնի է, սակայն, որ պատժամիջոցներից մեկը վերաբերում է տեղեկատվության բացահայտման ավելի խիստ կանոններին:

Կկրճատվի 9 հազ. աշխատող

Բրիտանական «Royal Bank of Scotland» (RBS) բանկն առաջիկա երկու տարիներին մինչեւ 9 հազար աշխատատեղերի կրճատում նախատեսող կառուցվածքային փոփոխություններ սկսելու վերաբերյալ բանակցություններ է սկսել արհմիությունների հետ: Այդ մասին ասվում է բանկի` երեկ տարածած մամլո հաղորդագրությունում: Նշված 9 հազարից 4 հազար 500 աշխատակիցները

կկրճատվեն Մեծ Բրիտանիայում: Իհարկե, բանկում պարզաբանել են, որ կրճատվող աշխատակիցների թիվն իրականում ավելի պակաս կլինի, քանի որ նրանց մի մասին կառաջարկվեն նոր պաշտոններ բանկում: Աշխատակիցների կրճատման եւ կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսված այլ միջոցառումների արդյունքում «Royal Bank of Scotland»-ը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում բանկի տարեկան ծախսերը կրճատել 2.5 մլրդ ֆունտ ստեռլինգով (շուրջ 2.5 մլրդ եվրո): Նշենք, որ «Royal Bank of Scotland»-ը համարվում է Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը, սակայն վերջին շրջանում նրա դիրքերը բավական սասանվել են: Բանկի գործունեության վրա բացասաբար է ազդել 2007 թվականի հոկտեմբերին հոլանդական «ABN Amro» բանկի ձեռքբերման` 70 մլրդ դոլար արժեցած գործարքը, որը «Royal Bank of Scotland»-ի ղեկավարությունը հետագայում որակեց որպես «մեծ սխալ»: Բանկը, բնականաբար, իր վրա է կրել նաեւ համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի ազդեցությունը: Նշենք նաեւ, որ վնասներ կրած ֆինանսական ինստիտուտներին հատկացվող օժանդակության շրջանակներում 2008 թվականին բրիտանական կառավարությունը «Royal Bank of Scotland» բանկում 23 մլրդ եվրոյի ներդրում է կատարել, ինչի դիմաց ստացել է այս բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը:

Կրճատվել է 59 տոկոսով

Ալյումինի արտադրության ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերության` «Alcoa»-ի մաքուր վնասները 2009 թվականի առաջին եռամսյակում կազմել են 497 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի` 370 մլն դոլար եկամտի փոխարեն: «Alcoa»-ի հասույթը այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել է 59 տոկոսով` կազմելով 4 մլրդ 147 մլն դոլար: Այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի առաջ նույն ցուցանիշը կազմել էր 6 մլրդ 998 մլն դոլար: Այս տվյալները ներկայացված են «Alcoa»-ի` երեկ հրապարակված հաշվետվությունում: «Alcoa»-ն համարվում է աշխարհում ալյումինի արտադրության առաջատարը: Ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 122 հազարի, որոնք աշխատում են աշխարհի 44 երկրներում: «Alcoa»-ի արտադրանքն օգտագործվում է առավելապես ավիատիեզերական, ավտոմոբիլաշինության, փաթեթավորման եւ շինարարության ոլորտներում:

Մեքենաները չեն վաճառվում

Այս տարվա մարտ ամսին 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալը կրճատվել է 30.5 տոկոսով: Բրիտանական ավտոարտադրողների եւ վաճառողների ասոցիացիայի` SMMT-ի տվյալներով, հաշվառման ներկայացվող նոր ավտոմեքենաների թիվը 2009 թվականի մարտին կազմել է 314 հազար` անցած տարվա նույն ամսի 451 հազար ավտոմեքենաեների դիմաց: Ավտոմեքենաների վաճառքի ծավալը կրճատվել է 4.9 տոկոսով ավելի, քան կանխատեսել էր SMMT-ը: Անցած 12 ամիսներին Մեծ Բրիտանիայում վաճառվել է մոտ 1 մլն 900 հազար ավտոմեքենա: Նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը կրճատվել է մեքենաների բոլոր տեսակների սեգմենտներում, բացի փոքրածավալ ավտոմոբիլներից: Ավելին` այս հատվածում ավտոմեքենաների վաճառքը ոչ միայն չի նվազել, այլեւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84 տոկոսով: Փորձագետներն այս երեւույթը բացատրում են ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, ինչը մարդկանց ստիպել է ձեռք բերել առավել էժան ավտոմեքենաներ, այլ այն հանգամանքով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս սեկտորում ի հայտ են եկել մեքենաների բազմաթիվ նոր մոդելներ: Իսկ Մեծ Բրիտանիայում ամենատարածված ցածրածախս ավտոմեքենան վերջին հինգ ամիսներին համարվում է «Ford Fiesta»-ն: SMMT-ի ղեկավար Պոլ Էվերետտի կարծիքով, «կառավարությունը պետք է միջամտի ստեղծված իրավիճակում, որպեսզի ավտոմոբիլաշինության ոլորտում վերականգնվի վստահությունը վաղվա օրվա նկատմամբ»: Էվերետտը կոչ է արել բրիտանական իշխանություններին՝ երկրի տարածքում կիրառել այնպիսի համակարգ, որի դեպքում հին ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան հինը վաճառելով նոր մեքենա գնել` պետությունից արտոնյալ պայմաններով միջոցներ ստանալով` գնային տարբերության չափով: «Մեծ Բրիտանիան միակ խոշորագույն եվրոպական շուկան է, որտեղ դեռեւս նման համակարգ չի գործում»,- ասել է SMMT-ի ղեկավարը: Նշենք, որ հին մեքենաները նորով փոխարինելու հնարավորություն տվող նման համակարգի կիրառումը Եվրոպայում բավական դրական ազդեցություն է թողել ավտոմեքենաների վաճառքի ծավալների վրա: Օրինակ` Գերմանիայում, որտեղ կիրառվում է նման համակարգ, հաշվառման ներկայացված նոր ավտոմեքենաների թիվը մարտին ավելացել է 40 տոկոսով: Ֆրանսիայում այդ ցուցանիշը աճել է 10 տոկոսով:

Անմխիթար վիճակ

«Ռուսական տնտեսության մեծ մասն այնքան անարդյունավետ է գործում, որ չի կարող հաղթահարել առաջիկա տասնամյակը»,- նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: Ըստ նրա, Ռուսաստանում անհրաժեշտ է նոր արդյունավետ արտադրանք եւ տեխնոլոգիաներ ստեղծել եւ դադարել վարկավորել անարդյունավետ արտադրությունը: «Այլապես մենք կպարտվենք»,- հայտարարել է Դվորկովիչը: Ըստ նրա, առանց արտադրության արդիականացման՝ Ռուսաստանը «տնտեսական աճի տեմպերը պահպանելու հնարավորություններ չունի»:

Աղքատ օլիգարխների կյանքից

Ռուսական ֆոնդային շուկաներում արժեթղթերի գների կտրուկ նվազման արդյունքում զգալիորեն էժանացել են Ֆրանսիայում գտնվող էլիտար առանձնատները: Ըստ ռուսական «RBK-daily» թերթի, ֆինանսատնտեսական ճգնաժամի սկսվելուց հետո «Լազուրային ափի» բնակելի տարածքների գները նվազել են 10-20 տոկոսով: Իհարկե, ծովի ափին գտնվող տների անվանական արժեքը շարունակում է բարձր մնալ: Օրինակ, «համեստ» առանձնատան 1 ք/մ-ի արժեքը տատանվում է 3-7 հազար եվրոյի սահմաններում, իսկ Կաննում լյուքս կարգի անշարժ գույքի 1 ք/մ-ն արժե 10-25 հազար եվրո: «RBK-daily»-ն գրում է, որ այլ պայմաններում նման անշարժ գույքը կարող էր գրավիչ լինել առաջին հերթին ռուս օլիգարխների համար, որոնք, սակայն, ճգնաժամի պատճառով այսօր իրենց զրկում են այդպիսի հաճույքներից: Որպես օրինակ՝ թերթը նշում է մի չկայացած գործարքի մասին, որը կարող էր համարվել «դարի գործարքը»: Խոսքը Նիցցայից ոչ հեռու` Վիլֆրանշ սյուր Մեր տեղանքում գտնվող հայտնի Լեոպոլդի դղյակի մասին է, որի հավանական գնորդների թվում նշվում էր ռուս օլիգարխ Միխայիլ Պրոխորովի անունը: Սակայն, ինչպես գրում է «RBK-daily»-ն, Պրոխորովի մոտ այսօր «ազատ 500 մլն եվրո չի գտնվել»: «Ռուսներն այլեւս մեզ մոտ վիլլաներ չեն գնում: Իսկ նրանք, ովքեր նախկինում առանձնատներ են գնել, ձգտում են վաճառել, հաճախ նույնիսկ` իրենց գնածից զգալիորեն ցածր գներով»,- ասել է ֆրանսիական էլիտար առանձնատների առուծախով զբաղվող «Barnes» անշարժ գույքի գործակալության տնօրեն Տիբո դե Սենտ-Վինսենտը` նշելով, որ իր՝ «Լազուրի ափին» գտնվող վիլլան ցանկանում է վաճառել նույնիսկ Ռոման Աբրամովիչը: