Հայաստանի գյուղատնտեսության վիճակը կարելի է ներկայացնել բացառիորեն մի քանի թվերով: 2008 թվականին գյուղատնտեսության համախառն արդյունքը կազմեց մոտավորապես 637 մլրդ դրամ: Եթե այդ թիվը բաժանենք գյուղացիական տնտեսությունների թվին, որը մոտ 430.000 է, ապա կստանանք, որ Հայաստանի յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն տարեկան արտադրում է ընդամենըգ 1,5 մլն դրամի կամ 4000 ԱՄՆ դոլարի մթերք: Այլ կերպ, քան ազգային խայտառակություն, սա չի կարելի անվանել: Ստացվում է, որ գյուղացիների գերակշիռ մասը նույնիսկ իրեն չի կարող կերակրել, ուր մնաց թե՝ քաղաքաբնակին:
Շարունակենք: Ինչպես նշեցինք, սեփականաշնորհման արդյունքում փոքրիկ Հայաստանում ստեղծվեց 430.000 գյուղացիական տնտեսություն` ուղղակի անհեթեթ թիվ: Համեմատության համար` մեզանից բավականին մեծ Ֆինլանդիայում կա միայն 67.000 գյուղացիական տնտեսություն: Ընդ որում, Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում ցանքատարածքները կազմում են 470.000 հա, այսինքն՝ մեկ տնտեսությանը միջին հաշվով ընկնում է ընդամենը 1,1 հա հողատարածք: Հենց դա էլ սպանեց գյուղատնտեսությունը, քանի որ նման փոքր հողաբաժիններով ուղղակի հնարավոր չէ հողից եկամուտ ստանալ: Կրկին համեմատենք` Եվրոպայում միջին հաշվով մեկ տնտեսությանն ընկնում է 10-30 հա, բայց նույնիսկ նման տնտեսությունները փոքր եւ ի սկզբանե ոչ եկամտաբեր են համարվում: Դրանք սուբսիդավորվում են պետության կողմից, առանց ինչի նրանք չէին կարող գոյատեւել: Ռուսաստանում հողամասերի չափերը տատանվում են 20-ից մինչեւ 60 հա, ԱՄՆ-ում միջին չափը կազմում է 180 հա: Գերմանացի տնտեսագետների հաշվարկներով՝ գյուղացիական տնտեսության օպտիմալ չափը պետք է կազմի մոտ 100 հա: Դա թույլ է տալիս ապահովել գյուղատնտեսական կուլտուրաների մշտական հերթափոխումը, լուծել ոռոգման, պարարտանյութերի, թունաքիմիկատների խնդիրները, արդյունավետ օգտագործել տեխնիկան եւ այլն: Վերջապես, եւս մեկ տխուր թիվ, որն ամբողջացնում է պատկերը. Հայաստանի գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը կազմում է 46%` զարգացած երկրների 2-6%-ի դիմաց: Ուստի, աշխատանքի արտադրողականությունն այնպիսին է, ինչպես միջնադարում, արտադրանքի ինքնարժեքը` նույնպես: Համեմատության համար` ԱՄՆ-ում գյուղացիական տնտեսության մեկ աշխատողը սննդամթերքով ապահովում է 140 մարդու: Իսկ մերը` փաստորեն, քաղցած է ապրում: Եվ այդ բոլոր «արդյունքները» ձեռք են բերվել գրեթե 20-ամյա շուկայական «բարեփոխումներից» ու շուկայական «զարգացումից» հետո: Միայն նշված թվերը անհերքելիորեն ապացուցում են, որ սկզբից մինչեւ վերջ գյուղատնտեսության բնագավառում բոլոր բարեփոխումները եւ առաջին հերթին` սեփականաշնորհումը, անցկացվեցին ծայրահեղ անգրագետ ու անշնորհք, չնայած բարեփոխումների հեղինակների բոլոր առարկություններին: Ընդ որում` այնքան անշնորհք, որ եթե այդ բարեփոխումներն ընդհանրապես չլինեին ու պահպանվեին խորհրդային տիպի կոլտնտեսությունները, ապա արդյունքն ակնհայտորեն ավելի բարձր կլիներ (Բելառուսը դրա ապացույցն է): Այլապես ստիպված պիտի լինեինք խոստովանելու, որ հայ ֆերմերը պաթոլոգիական ձրիակեր է: Իսկ քանի որ դա այդպես չէ, նշանակում է, որ հայ գյուղացու ոտքն ու ձեռքը կապող համակարգային շատ լուրջ խնդիրներ կան, որոնք արդեն շուրջ 20 տարի նրան չեն թողնում ոտքի կանգնել: Չափազանցություն չի լինի, եթե բնագավառում իրավիճակն աղետային անվանենք: Այսպիսով, Հայաստանի գյուղատնտեսությունը գտնվում է արհեստականորեն ստեղծված փակուղում: Մենք ինքներս նրան քաշեցինք այնտեղ, ամբողջապես վանելով գյուղատնտեսությամբ զբաղվելու գյուղացու հետաքրքրությունը: Հողագործությունն իմաստազրկվել է, քանի որ ծախսերը գերազանցում են եկամուտները: Շուրջ 20 տարի է, ինչ տասնյակ-հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողեր չեն մշակվում: Մարդիկ հեռանում են, տարածքներն` ամայանում: Ոչ մի զարգացում այս ոլորտում չի կատարվում, ու ոչ մի պատրանք, թե ամեն ինչ ժամանակի հետ ինքնաբերաբար կկարգավորվի, չի կարող լինել: Որովհետեւ մենք զբաղված ենք վագոնը փայտակոճերի վրա տեղաշարժելով` ռելսերի վրա դնելու փոխարեն: Ընդօրինակության արժանի համառությամբ մենք չենք ցանկանում ուղղել պետության կողմից թույլ տրված կոպիտ սխալները:
Սակայն, հնարավոր է, որ այս հարցում կօգնի ներկայիս տնտեսական ճգնաժամը: Բանն այն է, որ ճգնաժամն աշխարհում կտրուկ սրեց իրավիճակը սննդամթերքի առումով: Վերջինս զգալիորեն թանկացավ, ինչի հետեւանքով սովյալների թիվը մոտեցավ միլիարդի: Սա նշանակում է, որ սննդամթերքի արտադրությունն ազգային անվտանգության ավելի նշանակալի գործոն է դառնում ու, միաժամանակ, արտահանման տանուլ չտվող հոդված: Սա թույլ է տալիս հուսալու, որ իշխանությունը վերջապես ուշադրություն կդարձնի բնագավառի ողբալի վիճակին եւ արմատական միջոցներ կձեռնարկի գյուղատնտեսության բնագավառում մասնավոր ձեռներեցության էներգիան ազատ թողնելու ուղղությամբ: Ինչի՞ց պետք է սկսել: Ամենակարեւորը` այս դիագնոզն ընդունելն է եւ հետո միայն բուժում սկսելը: Պարզ է, որ առանց հողատարածքների լուրջ խոշորացումների հնարավոր չէ: Պարզ է նաեւ, որ դա դժվարին խնդիր է, քանի որ հողի հարցը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հարց է: Ուստի, այն տեղից շարժելու համար երկրի բարձրագույն իշխանության քաղաքական կամքն է անհրաժեշտ: Այստեղ հեշտ որոշումներ պետք չէ սպասել, բայց եւ հնարավոր չէ շարունակել լուծումից խուսափելը: Մյուս կողմից, խնդիրը հեշտանում է նրանով, որ իրենք` գյուղացիներն, անցած ժամանակահատվածում լիովին գիտակցեցին, որ ստացած հողերի կտորտանքից ոչ մի օգուտ չկա: Սա լավատեսություն է ներշնչում, որ խոշորացման հարցում կհաջողվի փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնել: Մեխանիզմները կարող են տարբեր լինել` կոոպերատիվների մեջ կամավոր միացումից կամ փայատիրական սեփականությամբ բաժնետիրական ընկերություններից մինչեւ ազգայնացում եւ կրկնակի մասնավորեցում: Իսկ որպես սկիզբ՝ չէր խանգարի պետական աջակցությամբ կամ մասնակցությամբ մի քանի օրինակելի տնտեսություններ ստեղծել` խոշորացման առավելությունները ցուցադրելու համար: Ընդհանուր առմամբ, ըստ էության, խոսքը գնում է գյուղատնտեսության նոր մոդել ստեղծելու մասին, քանի որ առկա մոդելն ամեն դեպքում պիտանի չէ: Նման մոդելի մշակումը կարող է կառավարության հակաճգնաժամային ամենալուրջ ծրագրերից մեկը դառնալ:
«Դելովոյ էքսպրես»