«Կարծում եմ, որ մենք փակուղու մեջ չենք, կարծում եմ` կա հնարավորություն, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի եւ լուծվի խաղաղ ճանապարհով: Ես վստահ եմ դրանում, հակառակ պարագայում չէի մասնակցի նախագահական ընտրություններին»,- նախօրեին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանացի պրոֆեսոր Թիլման Ալերթին տված հարցազրույցում: «Ես հաճույքով հրաժեշտ կտամ քաղաքականությանը, եթե Ղարաբաղի խնդիրը լուծվի: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի, երբ Ադրբեջանը ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը, ԼՂ-ն հռչակվի կամ անկախ երկիր, կամ միանա Հայաստանին, եւ ես անմիջապես հրաժարական կտամ»,- ասել է Ս. Սարգսյանը: Պատասխանելով Թ. Ալերթի այն հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցը ինչ-որ տեղ չի՞ սահմանափակում, խանգարում ավելի շատ բաց լինել արտաքին աշխարհում, Ս. Սարգսյանն ասել է. «Իհարկե, որեւէ մեկը չի կարող պնդել, որ այս իրավիճակում մենք ավելի ազատ ենք որոշումներ կայացնելու, բայց մյուս կողմից էլ՝ պատմական խնդիր է լուծվում, մյուս կողմից էլ` Ղարաբաղը հայկական հող է, եւ այնտեղ ապրում են մեր քույրերն ու եղբայրները: Ինչպե՞ս վարվել` թողնել նրանց բախտի քմահաճույքին եւ կողքից դիտե՞լ, թե ինչպես են ամբողջովին հայաթափում Ղարաբաղը»: Գերմանացի պրոֆեսորի` ԽՍՀՄ փլուզման եւ նոր իրավիճակի ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը նշել է, որ իր համար ԽՍՀՄ-ը փլուզվել է 1988 թվականին: «Մենք, գոնե ես, խորապես համոզված էի, որ շատ մեծ անարդարություն է տեղի ունենում, եւ բնավ պատահական չէ, որ 1988-ին շարժման առաջին իսկ օրերից ես եւ իմ ընկերները մեզ համարում էինք այս շարժման, ոչ թե փլուզվող կառույցի մաս: Մենք այլընտրանք չունեինք` պետք է ընտրեինք հայրենիքի եւ կուսակցության միջեւ, եւ, բնականաբար, հայրենիքը պետք է ընտրեինք»,- նշել է Ս. Սարգսյանը: Խոսելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, Ս. Սարգսյանն ասել է. «Որեւէ հայի համար կասկած չկա, որ ցեղասպանություն եղել է, եւ հայերի համար թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ, եւ ոչ էլ հայերը ցանկանում են, որ ցեղասպանության լրացուցիչ հաստատում լինի: Ավելի շատ ճանաչումը կանխարգելիչ բնույթ ունի, ավելի շատ արդարության հետ է կապվում: Վերջերս ասել եմ եւ պատրաստ եմ մշտապես կրկնելու, որ մեր հասարակության համար, հայերի համար ամենապահանջված արժեքը արդարությունն է»: Թ. Ալերթի մեկ այլ հարցին` թե ՀՀ նախորդ նախագահները իրենց քաղաքական ինքնությունը միշտ ընկալել են նաեւ Ղարաբաղի լույսի ներքո, եւ եթե քաղաքական ինքնությունն այդքան կապված է քաղաքական պայքարի հետ, չի՞ ծագում այն միտքը, որ իսկական հայերը ղարաբաղցի հայերն են, ՀՀ նախագահը պատասխանել է. «Ես համարում եմ, որ իսկական հայերն այն հայերն են, որոնք ապրում են Լոս Անջելեսում, Քվեբեկում, Գյումրիում, Երեւանում, Ստեփանակերտում: Բոլորն իսկական հայեր են: Ուղղակի այնպես է ստացվել, որ ղարաբաղցիները տեւական ժամանակ գտնվեցին եւ հիմա էլ գտնվում են մեր պայքարի առաջամարտիկի դերում: Եթե այս պայքարը լիներ Նոյեմբերյանում, Գյումրիում կամ այլ վայրում, միգուցե նույն պատկերն ունենայինք, կասեիք, որ իսկական հայերը նոյեմբերյանցիները կամ գյումրեցիներն են»: