Հաղթել է գյումրեցի երիտասարդը

09/04/2009

2008թ. մարտին աշխարհի 10 երկրներից ժամանած 56 երիտասարդ ուսանողներ մասնակցել են Սոֆիայում կայացած «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթին, որն իրականացվել է Բրիթիշ Քաունսիլի եւ Եվրոպայի «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից։ Հայաստանից մրցույթին մասնակցում էին Գյումրու պետական տեխնիկական քոլեջի սաներ Նարինե Բալոյանը, Հովհաննես Մկրտչյանը, Անժելա Սարգսյանը, Հայկ Հարությունյանը եւ Աննա Սարգսյանը։ Վերջինս էլ հավաքական միջազգային թիմի կազմում արժանացել է 2-րդ մրցանակի: Հայ երիտասարդներին խրախուսելու նպատակով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան, ազգային մրցույթների ժյուրիի անդամ Չարլզ Լոնսդեյլը կազմակերպել է ընդունելություն: Ծրագրի շրջանակներում ավելին քան 1500 ուսանողներ մասնակցել են Հայաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Վրաստանում, Իսրայելում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Սերբիայում, Թուրքիայում եւ Միացյալ Թագավորությունում կայացած ազգային մրցույթներին։ Յուրաքանչյուր բիզնես-առաջադրանք մրցույթին բիզնես ոլորտի ներկայացուցիչ-կամավորները ուսանողներին առաջադրել են բիզնես առաջադրանքներ։ Սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում ուսանողներից պահանջվել է գտնել լուծումներ եւ ներկայացնել ժյուրիի անդամներին։ Ազգային մրցույթների հաղթողները մեկնել են Սոֆիա՝ մասնակցելու միջազգային եզրափակիչ փուլին։ Սոֆիայում ուսանողները կազմել են նոր թիմեր՝ բաղկացած տարբեր երկրների ներկայացուցիչներից։ Միջազգային մրցույթի բիզնես-գործընկեր «Մայքրոսոֆթ» ընկերությունը՝ որպես «Հմտություններն աշխատանքում» առաջին միջազգային բիզնես-առաջադրանքի մրցույթի թեմա՝ ընտրել էր էլեկտրոնային կառավարման արդի կիրառումը, որը հավասարապես արդյունավետ կլինի բիզնեսի, հանրության եւ կառավարության համար։

Ուսանողները բիզնես առաջադրանքների վրա աշխատում էին մոտավորապես 5 ժամ՝ մշակելով համապատասխան մարտավարություն էլեկտրոնային կառավարման վերաբերյալ։ Ժյուրին գնահատում էր նորարար, արդյունավետ եւ կիրառելի բիզնես լուծումները։ Բիզնես առաջադրանքին լուծումներ առաջադրելիս ուսանողներն արտահայտում էին հասարակության եւ հանրային ծառայությունների մասին իրենց պատկերացումները, որոնք արդյունավետորեն կիրառելիս կառավարությունները կապահովեին իրենց քաղաքացիներին եւ բիզնեսներին էլեկտրոնային նոր միջոցների մատուցած հնարավորություններով։ Նորարարական գաղափարների համար 4 թիմեր պարգեւատրվել են ժյուրիի սահմանած հատուկ մրցանակներով։ Նախաձեռնության գլխավոր հովանավոր «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից սահմանված 2-րդ մրցանակը հանձնվել է 3-րդ թիմին, որի կազմում էին մասնակիցներ Բուլղարիայից, Հայաստանից, Սերբիայից եւ Միացյալ Թագավորությունից։ Նրանք ներկայացրել էին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման համակարգի գաղափար, որը բեռնվելու էր «Մայքրոսոֆթի» ծրագրային փաթեթի միջոցով։ Իսկ Բրիթիշ Քաունսիլի կողմից սահմանված «Հմտություններն աշխատանքում» միջազգային եզրափակիչ փուլի առաջին մրցանակին արժանացած թիմն առաջադրել էր ինտերնետային եւ բջջային հեռախոսների ցանցերի միջոցով կիրառվող քվեարկությունը բարելավող համակարգ, որը կհեշտացներ ոչ միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքները, այլեւ հասարակական ղեկավարման ոլորտի աշխատողների եւ անչափահաս երեխաներ ունեցող ծնողների պահանջները, որոնք չեն կարող ակտիվորեն մասնակցել ընտրություններին։