Ազգային ժողովը երեկ քննարկում էր Կառավարության ներկայացրած «ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» օրինագիծը: Այդ օրինագծով կառավարությունն առաջարկում է ՀՀ 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չկազմել: Նախագծի համաձայն, նախապես չպետք է պլանավորվի, թե առաջիկա 3 տարիներին որքան գումար պետք է հավաքվի եւ որ ոլորտին որքան գումար տրամադրվի: Իր այս առաջարկությունը կառավարությունը պայմանավորում է ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հետագա ազդեցությամբ:
«Հիմա աշխարհի երկրներն իրենց կես տարվա բյուջեն են ճշգրտում ու փոխում, որովհետեւ այս տարի չգիտեն, թե ինչ արդյունք կունենան, ուր մնաց, թե 2012թ. համար պլանավորեն: Նախկինում առաջիկա 3 տարիներինը գնահատում էինք: Հիմա անիմաստ է, որովհետեւ կարող ես ինչ-որ թվեր գրել, հետո ասես` չեղավ»,- հայտարարեց նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Մեր երկրի բյուջետային քաղաքականության մեջ սա երկրորդ խոշոր փոփոխությունն էր, որ այս տարի ձեռնարկում է ՀՀ կառավարությունը: Առաջինը կառավարության կողմից բյուջետային ծախսերից 131 մլրդ-ը չորրորդ եռամսյակ տեղափոխելու մասին հայտարարությունն էր: Արդեն հայտնի է, որ այս տարվա առաջին եռամսյակում եկամուտների հավաքագրումը չի կատարվել մոտ 30 տոկոսով: Ու այս պայմաններում թվում է, թե կառավարությունը ծախսերը ոչ թե վերաբաշխելու, այլ կրճատելու քայլեր` սեկվեստր, պետք է իրականացնի: Արդյո՞ք կառավարությունը հենց այդպես էլ անում է, պարզապես խուսափում է այդ բառն արտասանելուց: «Ուզում եմ հասկանալ, թե էդ «սեկվեստր» բառը որ օգտագործում են, հաճո՞ւյք են ստանում: Սեկվեստրը անում են, երբ եկամուտների մասով խնդիր ունեն, որպեսզի պարտքեր չկուտակեն: Ամենահեշտ բանը սեկվեստրն է, ասում ես՝ այսքան եկամուտ չի եղել, այդքանի ծախսերը կրճատում ենք: Բայց ֆինանսական կառավարման տեսակետից պետք է ռեալությանը նայել, ֆինանսական կառավարման ընթացքը ճի՞շտ է դնում: Որպեսզի դուք հաճույք ստանաք այդ «սեկվեստր» բառից, ասեմ, որ դա հնարավոր է բոլոր դեպքերում: Ես 12 տարի աշխատել եմ Ֆիննախում, ցանկացած բյուջեի մեջ էլ սեկվեստրի հնարավորություն եղել է»,- չի համաձայնում Պ.Սաֆարյանը: Այդուհանդերձ, եթե կառավարությունը այդ 131 մլրդ դրամի ծախսերը տեղափոխում է, վստա՞հ է, որ գոնե տարեվերջին դրանք կատարելու հնարավորությունը կունենա:
«Եթե մենք վստահ լինեինք, որ այդ ծախսերը կանենք, չէինք հետաձգի: Հետաձգել ենք, որովհետեւ կառավարությունը երկու ուղղությամբ է մտածում: Առաջինը` այն եկամուտները, որոնք չեն ստացվել, կարելի է փոխհատուցել այլ ներգրավված միջոցներով, վարկերով: Դուք երեւի գիտեք ռուսական վարկը եւ այլ վարկերի մասին: Եթե Հարկայինը չի հավաքում եկամուտները, սեկվեստրի հնարավորություն կա: Հիմա եթե բոլոր պայմանները բերեին նրան, որ սեկվեստր արվեր, դրա համար ֆինանսական կառավարման տեսակետից կառավարությունից ավելի շահագրգիռ օրգան չկա: Սեկվեստրը մկրատային լուծում է, մենք առայժմ ավելի ճկուն քայլեր ենք անում»,- ասում է Պ.Սաֆարյանը: