Երեկ` ԱԺ հերթական քառօրյայի օրակարգն ընդունելու ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից փորձեցին պարզել, թե ինչո՞ւ չի քննարկվում բանտարկված եւ հետախուզության մեջ գտնվող չորս պատգամավորներին` Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին ու Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: «Ես կուզենայի իմանալ, թե ի՞նչ պատճառաբանությամբ այդ հարցը չի ընդգրկվել օրակարգ: Այն հոդվածները, որոնցով նրանք մեղադրվում են, այլեւս գոյություն չունեն, թեեւ մեղադրանքն առաջադրվել էր ապօրինի: Պատգամավորներին նոր մեղադրանք է առաջադրվել, բայց մենք դրա համար չունենք անձեռնմխելիությունից զրկելու որոշում: Եվ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է օրակարգ մտներ: Ինչո՞ւ չի մտել,- հարցրեց Զարուհի Փոստանջյանն ու ավելացրեց,- ԱԺ-ն իրավասու է ընդունել որոշում, որով կարող է ուժը կորցրած ճանաչել իր նախկին որոշումը: Մեր պարտականությունն է, ուղղել այն խախտումը, որը թույլ տվեցինք 1 տարի առաջ: Եվ այսօր որոշումը թողնել անփոփոխ` համարում եմ անթույլատրելի»: Ի պատասխան տրված հարցին, Հ. Աբրահամյանն ասաց. «Ես ստացել եմ պատգամավորների նամակը, խորհրդակցել եմ ֆրակցիաների ղեկավարների հետ: Որոշել ենք, որ դա իրավական խնդիր է, մենք չենք ցանկացել իրավական դաշտում մեր մասնակցությունն ունենալ»: Արմեն Մարտիրոսյանին էլ հետաքրքրում էր, թե ԱԺ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում փոփոխված 225-րդ եւ 300-րդ հոդվածներով արդեն դատապարտված մարդկանց նկատմամբ համաներում կիրառելու համար: Չէ՞ որ այդ հոդվածները նախկին տեսքով արդեն գոյություն չունեն: «Ես գիտեմ, որ համաներում հայտարարելու նախաձեռնությունը նախագահինն է, բայց արդյոք ԱԺ-ն չի՞ կարող դիմումով հանդես գալ, որ նախագահն այդ քայլն անի»,- հարցրեց պատգամավորը: «Ես ուրախ եմ, որ հարցը բարձրացնող իմ գործընկերները գիտեն, որ համաներումը նախագահի նախաձեռնությունը պետք է լինի: Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ԱԺ-ով կատարել ենք քայլ, առաջարկություն ենք արել եւ օրենք ենք ընդունել, որով 300-րդ եւ 225-րդ հոդվածները հստակեցրել ենք: Իմ կարծիքով` մենք այլեւս միջամտելու ցանկություն եւ օրենքի թույլտվություն չունենք: Դա դատական մարմինների գործն է, եւ ես հորդորում եմ իմ գործընկերներին, որ մենք ձեռնպահ մնանք միջամտելուց: Դատական պրոցեսի ավարտից հետո միգուցե մենք փորձենք նախագահին առաջարկել համաներման խնդիրը»,- պատասխանեց ԱԺ նախագահը: Իսկ «Ժառանգության» մեկ այլ պատգամավորի՝ Լարիսա Ալավերդյանի ելույթն արդեն բարկացրեց Հ. Աբրահամյանին: «Մենք ունենք հնարավորություն ուղղել` ես կասեի՝ հանցագործ քայլը, որը կատարել է ԱԺ-ն անհիմն մեղադրանքով: Հիմա ճիշտ պահն է ճանաչել սեփական սխալը, եւ քանի որ իրավական հիմքը կա, մենք չսպասենք, որ եւս մեկ անգամ մոնիտորինգային խումբը մեզ բան ասի: Ես առաջարկում եմ, պարոն Աբրահամյան, եւս մեկ անգամ փորձագետներով, իրավաբաններով եւ խմբակցության ղեկավարներով հավաքվել եւ պարզել, թե ի՞նչն է մեզ խանգարում մեր բախտորոշ սխալը ուղղելու համար: Սխալ, որը մեր գործընկերների վրա այդքան թանկ է նստել՝ դեռ քիչ է, անհասկանալի պատճառներով ԱԺ-ն, որ այդքան արագ ու խիզախորեն ընդունեց ազատազրկմանը տանող մի որոշում, այսօր չի ուզում եւս մեկ անգամ քննարկի եւ ընդունի հակառակ որոշում»,- նշեց Լ. Ալավերդյանը: «Տիկին Ալավերդյան, կներեք, բայց ես ձեզ ուզում եմ դիտողություն անել, որ չի կարելի ԱԺ-ին հանցագործ անվանել, եւ խնդրում եմ մի քիչ կոռեկտ խոսել»,- քաղաքական հայացքների համար հետապնդվող պատգամավորներին վերաբերող հարցը երեկ այսպիսի կտրուկ տոնով փակեց ԱԺ նախագահը: