Առանց միջուկային զենքի

07/04/2009

Եվրոպական այցի շրջանակներում նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Oբաման Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում` շուրջ 30 հազար հավաքվածների առջեւ: Օբամայի ելույթի գլխավոր ուղերձը վերաբերել է միջուկային սպառազինությունների կրճատմանը եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելմանը: Նրա այդ ելույթից մի քանի ժամ առաջ Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության կոչերը, արձակել էր հերթական հրթիռը. Օբամային արթնացրել էին վաղ առավոտյան ժամը 4։30-ին եւ հայտնել այդ տհաճ լուրը: Իր ելույթում նա խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի այդ որոշումը: «Այժմ ժամանակն է ուժեղ միջազգային պատասխան տալ, եւ Հյուսիսային Կորեան պետք է իմանա, որ դեպի անվտանգություն եւ հարգանք տանող ճանապարհը երբեք չի բացվի սպառնալիքների եւ ապօրինի զենքի օգնությամբ»,- հայտարարել է Բարաք Օբաման:

Նա իր ելույթում խոսել է գոյություն ունեցող միջուկային պաշարների վերացման, միջուկային զենքի տարածումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ նախագահին հատկապես անհանգստացնում է միջուկային զենքերի պաշարները վերահսկելու խնդիրը: Ըստ նրա, պետք է բացառել այդ զենքերի` ահաբեկիչների ձեռքը ընկնելու ցանկացած հնարավորություն, եւ ԱՄՆ-ը պատրաստվում է առաջնորդել այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: «Իբրեւ միջուկային զենք գործադրած միակ երկիր` ԱՄՆ-ը բարոյական պատասխանատվություն է կրում գործի անցնելու համար: Մենք չենք կարող հաջողության հասնել այս գործում միայնակ, բայց մենք կարող ենք առաջնորդել, մենք կարող ենք սկսել այն»,- հայտարարել է Բարաք Օբաման` խոստանալով, որ ԱՄՆ-ը կստանձնի աշխարհը միջուկային զենքից ազատելու գործը: «Այսօր ես հստակ եւ վստահաբար հայտարարում եմ առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության եւ անվտանգության հասնելու` Ամերիկայի պարտավորության մասին»,- ասել է նա` արժանանալով բազմահազարանոց ամբոխի ծափահարություններին: Հիշեցնենք, որ Օբաման Պրահա էր ժամանել շաբաթ օրը երեկոյան Ստրասբուրգից, որտեղ նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի 60-ամյակի հոբելյանական գագաթաժողովին: