Հայերն ու կենդանաբանական այգիները

07/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Վերջերս ռուսական մամուլը մեծ աղմուկ է բարձրացրել Սոսնովոբորսկ քաղաքում գտնվող շարժական կենդանաբանական այգու շուրջ, որտեղ հիմնականում աշխատում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` խնամելով ձմեռանոցներում գտնվող կենդանիներին:

Այդ կենդանիների թվում կան նաեւ հազվագյուտ` «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների տեսակներ: Կենդանիների պահպանման համար պայմաններ չլինելու պատճառով իրար հետեւից սատկել են ձիերը, ուսուրական վագրն ու ուղտը: Այդ փաստը գրավել է Դատախազության ուշադրությունը, ու այգու սպասարկումն իրականացնող մի քանի ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Կենդանիների նկատմամբ դաժանություն գործելու մեղադրանք չկարողանալով ներկայացնել (քանի որ օրենքի նման կետ ՌԴ օրենսգրքում չկա, կենդանիների հետ դաժան վարվելը ընդամենը խուլիգանություն է համարվում), ռուս իրավապահները որոշում են կայացրել դեպորտացիայի ենթարկել կենդանիների շնորհիվ բիզնեսմեն դարձած հայաստանցիներին, որոնք 3 տարի շարունակ շրջել են Ղազախստանի, Ուկրաինայի տարածքով ու վերջերս տեղակայվել են Ռուսաստանում: Սիբիր հասնելուն պես Կենդանաբանական այգու տերերը լուրջ խնդրի են հանդիպել ու չեն կարողացել պատշաճ պայմաններ ապահովել կենդանիների համար: Այգին` որպես բիզնես-նախագիծ, պատկանում է գործարար Ռուդոլֆ Հարությունյանին, ով հայտնել է, որ բոլոր կենդանիներին ձեռք է բերել Երեւանի կենդանաբանական այգուց: Այգու տնօրեն Իրինա Կորոտկիխը դատարանին ասել է, որ այդ մասին վկայող փաստաթղթեր ունի, իսկ շարժական այգում մոտ 30 կենդանի է պահվել: Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը սակայն հերքել է այդ տեղեկությունն` ասելով, որ նույնիսկ ծանոթ չէ Ռ.Հարությունյանի հետ: Իսկ Ի.Կորոտկիխը հայտնել է, որ Ռ.Հարությունյանը անձամբ ինքն է զբաղվել մարդկանց աշխատանքի ընդունելով, եւ այդ պատճառով էլ այգու բոլոր աշխատակիցները հայեր են, ու կենդանիների պահպանման համար գումարը պարբերաբար հենց Հայաստանից է ստացվել: Աշխատակիցներից ոչ մեկը մասնագիտական որակավորում չի ունեցել ու, ըստ կենդանաբանների` չի տիրապետել նաեւ կենդանիների հետ վարվելու հմտություններին: Այգում նույնիսկ անասնաբույժի հաստիք չի եղել, ու կենդանիները պահվել են հակասանիտարական պայմաններում: Դատախազության բարձրացրած աղմուկի շնորհիվ այժմ կենդանիներին օգնություն է ցուցաբերվում, շատ կենդանիներ հյուծված են եղել, ունեցել են վնասվածքներ ու բորբոքված վերքեր: Այժմ ռուսական կողմը փորձում է պարզել, թե Հայաստանի որ հասցեից է գումար ստացվել ու որքան է այն եղել: «Այն, ինչը կատարվում է այդ այգում, ուղղակի սարսափելի է»,- ասել է դատախազ Յուրի Բուրցեւը: Ու թեեւ այդ այգին մասնավոր սեփականություն է, Ռուսաստանի իշխանություններն անհապաղ միջամտության կարիք են զգացել ու կոչ են արել քաղաքի բնակիչներին` փրկել կենդանիներին` նրանց վանդակների մեջ ջեռուցիչներ տեղադրելով ու կեր հասցնելով: Այդ մասին է հայտնել «Ռոսիյսկայա գազետա» թերթը, այգին համեմատելով համակենտրոնացված ճամբարի հետ:

Շատ նվաստացուցիչ է, երբ հայերն արտասահմանում՝ որպես իրենց գործից անտեղյակ ու դաժան բիզնեսմեններ են ընկալվում, ու հենց դաժանության համար են արտաքսվում այլ երկրներից: Սակայն, ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Վաղուց արդեն հասունացել է Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների որակավորումն ու կենդանիների պահպանման պայմանները ստուգելու ժամանակը: Կենդանիները բիզնեսի առարկա են դառնում, ու ոչ ոք այդ մասին չի ահազանգում: Իսկ մահացած կենդանիների մասին լուրերն այնքան արագ են թաքցնում, որ բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Երեւանի կենդանաբանական այգում ամեն ինչ լավ է (այդպես պատահեց նաեւ «Կարմիր գրքում» գրանցված մուֆլոնի դեպքում): Մինչդեռ վերջերս Երեւանի կենդանաբանական այգի ոչ պաշտոնապես այցելած արտասահմանցի կենդանաբաններն ուղղակի տարակուսել էին` տեսնելով մեր այգում տիրող իրավիճակը: Ռուս մասնագետի վկայությամբ`գետաձիուն, օրինակ, ապրել մնացել է առնվազն մեկ ամիս, այդ ամիսը կվերջանա, ու գետաձին կսատկի, քանի որ առանց ջուր է մնացել: Եթե մեր իրավապահ մարմինները Երեւանի կենդանաբանական այգու ներքին գործերին խառնվել չեն ցանկանում, միգուցե հիմա իսկական ժամանակն է` հանուն կենդանիների կյանքի փրկության երթ անել ու փորձել տեղից շարժել փակ գաղութային տարածք հիշեցնող այդ պետական կառույցը: