Կոմպոզիտոր Արամ Սաթյանը դժգոհ է Կոմպոզիտորների միության աշխատանքից։ «Միությունը քննարկումներ, հավաքներ ու ժողովներ չի անում, երաժշտության հետ կապված ոչ մի միջոցառման չի արձագանքում։ Երբեմն արձագանքում են անհատները, բայց նրանց կարծիքը սուբյեկտիվ է համարվում։ Մինչդեռ երգի ոլորտում գոնե միությունը կարող էր իր կարծիքը հայտնել, քանի որ միության նախագահը երգահան է։ 20 տարի է, միությունը ղեկավարում է Ռոբերտ Ամիրխանյանը, բայց ոչ մի բան չի փոխվում»,- ասում է նա։ Ա. Սաթյանը դժվարանում է ասել, թե միության 126 անդամներից քանի՞սն են կոմպոզիտորներ, սակայն վստահ է, որ միությունը պետք է իր պրոֆեսիոնալ կարծիքը հայտնի երգարվեստի ու ժամանակակից երաժշտության մասին։ «Հիմա ով պատահի՝ երգ է գրում, ու երգերը ոչ պրոֆեսիոնալների են պատվիրում»,- ասում է նա։ Եվ մատնանշում է «Եվրատեսիլ» մրցույթի համար գրված երգը. «Դա էկլեկտիկ մի երգ է, որը բորշչի է նման, որտեղ ամեն ինչ լցրել են»։