«Եվրատեսիլ» նայողը Վագներ չի լսի»

07/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը համոզված է, որ մշակութային անկումը սկսվել է ընտանիքներից, քանի որ երեխաները միշտ լսում են այն երաժշտությունը, որը լսում են նրանց ծնողները։ Այն ծնողներից, որոնք դեռ խորհրդային տարիներին տանը, որպես կահույք, պարտադիր դաշնամուր էին ունենում։ «Իսկ հիմա էլ շատ տներում կարելի է ռոյալներ տեսնել, բայց նրանց վրա ոչ ոք չի նվագում, ու ռոյալը նույնպես կահույք է համարվում»,- ասում է նա։

Է. Թոփչյանը համոզված է, որ 21-րդ դարի նվաճումներից մեկն ինֆորմացիայի «բաց» ու հասանելի լինելն է։ «Երբ ես փոքր էի, գիտեի, որոնք են լավ կատարողները, բայց չէի կարող նրանց ձայնագրությունները ձեռք բերել ու լսել։ Իսկ հիմա ցանկացած բան կարող եմ լսել թեկուզ «youtube» կայքի միջոցով։ Հիմա կատարումների անասելի բազմազանություն կա, հիմա «Մեցցո» ալիքի պես հեռուստաալիք կա։ Ժամանակին մենք այդ մասին երազել անգամ չէինք կարող։ Ես մեծագույն կոլեգաների օգնությանն եմ դիմում, երբ պետք է լինում նրանց երաժշտական մեկնաբանությունները լսել։ Ինտերնետի միջոցով կարող եմ Վերդիի «Ռեքվիեմի» հազարավոր կատարումներ լսել։ Քո կատարած ստեղծագործության էվոլյուցիան չիմանալն ամոթ է»,- նկատում է նա։

Իհարկե, Ֆիլհարմոնիկ նվագախումբն այժմ չի կարող հպարտանալ լեփ-լեցուն դահլիճներով, քանի որ դասական երաժշտությունը մասսայականություն չի վայելում։ Բայց Է. Թոփչյանը ցավում է, որ նույնիսկ լավագույն մենակատարների համերգների ժամանակ դահլիճները դատարկ են լինում։ Ժամանակակից երաժշտական մասսայական ճաշակին հարիր փոփ-ը նա որպես երաժշտական ժանր չի որակավորում։ «Վստահ եմ, որ «Եվրատեսիլ» նայող մարդիկ երբեք Վագներ չեն լսի։ Եվ ինձ չեք համոզի հակառակը»,- ասում է նա։ Ի դեպ՝ Է. Թոփչյանը պատմեց, որ «Եվրատեսիլի» ժյուրիի անդամ է եղել ու «սարսափելի եւ հեգնանքով լի բաներ է ասել»։ «Բոլոր մասնակիցներին տասը բալանոց համակարգի համաձայն՝ 1 բալ եմ նշանակել, իսկ Արշակյան քույրերին 2 բալ եմ տվել։ Ընդհանրապես էստրադան մի բան է, որին միջամտելն անիմաստ է, այն, միեւնույն է, լսելու են բոլորը։ Անձամբ ես ջազի սիրահար չեմ, բայց գիտեմ, որ դա լուրջ, հանճարեղ արվեստ է։ Իսկ այն, ինչ հիմա ունենք` նույնիսկ ժանր չէ, ու դրա մասին խոսելն ավելորդ եմ համարում։ Առավելեւս՝ դրա դեմ պայքարելը, միեւնույն է, շատերը հորթի հրճվանքով գնալու են լսելու Վանեցի Հայկոյի ու Գարուշոյի երգերը կամ հիանալու են Վարդգեսիկի կերպարով»։ Որպես ուշագրավ կարծիքի նմուշ՝ Է. Թոփչյանը պատմեց մի բարձրաստիճան պաշտոնյայի դիրքորոշման մասին. «Վերջերս անուն ունեցող մի մարդ ինձ ասաց՝ մեզ օրկեստր-մօրկեստր պետք չէ, իզուր ես փորձում քո նվագախումբը պահել, հիմա մեզ բազմանալ է պետք, ուժեղ բանակ է պետք, դու ամուսնացիր, շատ երեխաներ ունեցիր, իսկ մնացածը հիմար բաներ են։ Այսինքն՝ այդպիսի տեսակետ էլ կա, երբ մարդը համոզված է, որ մինչեւ հայ ժողովուրդը 10 մլն չդառնա, նրան արվեստ պետք չէ»։

Է. Թոփչյանը հստակ գիտի, որ դասական երաժշտություն սիրողը միայն կգնա համերգի, իսկ չսիրողը՝ չի գնա, նույնիսկ, եթե նրան համոզեն կամ պարտադրեն։ Իսկ միգուցե հանդիսատեսին կարելի՞ է գայթակղել… Այդ հարցի շուրջ էլ ստացվեց մեր զրույցը։

– Վլադիմիր Սպիվակովը նկատել էր, որ դասական երաժշտության համերգները հաճախ ձանձրալի են թվում հանդիսատեսին, եւ որպես նվագախմբի ղեկավար՝ նա ստիպված է լինում որոշ թատերային տարրեր մտցնել համերգի ընթացքին, դադարներ, երաժշտական կատակներ անել։ Նման ճանապարհը կարո՞ղ է օգնել համերգը գրավիչ դարձնել հայ հանդիսատեսի համար, որը դասական երաժշտությունն իր նախասիրությունների սանդղակի ամենավերջին տեղում է տեղադրել։

– Ինձ համար շոուն դասական երաժշտության մեջ տեղ չունի։ Սպիվակովը դա հիանալի է անում, բայց դա իմ ոճը չի, ես այդպես չեմ կարող։ Նման համերգին կգան այն մարդիկ, որոնք հետո, միեւնույն է, ոչ մի լուրջ համերգ լսել չեն ցանկանա։ Լորիս Ճգնավորյանի ժամանակ մարդիկ ֆիլհարմոնիկ էին գալիս, որովհետեւ նա լավ էր շփվում, խոսում էր հանդիսատեսի հետ։ Իսկ հիմա, երբ նույնիսկ մեծագույն դիրիժորներ են գալիս Երեւան, դահլիճում շատ քիչ մարդ է լինում, որովհետեւ մեծ իմաստով մաքուր երաժշտությունը ոչ մեկին չի հետաքրքրում։ Ինձ համար, օրինակ, կարեւորը ոչ թե մարդկանց քանակն է, այլ՝ որակը, քանի որ ես պիտի իմանամ՝ ում համար ենք նվագում։

– Կոնսերվատորիան ինչպիսի՞ խնդիրներ ունի։

– Կոնսերվատորիայի վիճակը շատ դժվար է, բայց մեղավորը միայն Կոնսերվատորիան չի։ Կոնսերվատորիան երաժշտական կրթության վերջին էշելոնը պիտի լինի, որտեղ երաժիշտները պետք է հղկվեն, իսկ կրթությունը պետք է տան երաժշտական դպրոցները։ Դե, իսկ երաժշտական դպրոցները լիքը չեն, քանի որ ընտանիքներում չկա այդ երաժշտության պահանջը։

– Արդյո՞ք ամեն ինչն է ընտանիքից սկսվում։

– Իհարկե, եթե ընտանիքում դեպի արվեստը սեր կա, երեխան էլ արվեստի հանդեպ սեր կունենա։ Եթե մարդը սիրում է արվեստի որեւէ ճյուղը, հաստատ կսիրի նաեւ մյուսները։ Եթե մեկը կարդացել է «Եվգենի Օնեգինը», նա չի կարող չուզենալ լսել, թե ինչպես է այդ պոեմը երաժշտության վերածել Չայկովսկին։ Եթե սիրում է Շեքսպիր, չի կարող չլսել նաեւ Վերդիի «Օթելլո» կամ «Մակբեթ» օպերաները։ Եթե սիրում է իմպրեսիոնիստ նկարիչների գործերը, չի կարող չուզենալ իմանալ, թե ինչպես է իմպրեսիոնիզմը արտահայտվել Դեբյուսիի կամ Ռավելի երաժշտության մեջ։ Այդ ամենը փոխկապակցված է։

– Ռուսաստանի շատ պաշտոնյաներ (օրինակ՝ Միխայիլ Շվիդկոյը), ասում են, որ ցանկանում են արվեստը մոդայիկ դարձնել։ Մեր պաշտոնյաները կարո՞ղ են մոդայիկ ժամանց դարձնել համերգասրահ կամ թատրոն գնալը։

– Այդ մոտեցումը լայնորեն կիրառվում է Եվրոպայում, որտեղ մարդիկ հասել են այն գիտակցությանը, որ դասական համերգ լսելը կամ ցուցահանդես նայելը լավ է։ Ենթադրենք, մարդն իրեն էլիտար է համարում, գեղեցիկ զգեստ է հագնում ու թատրոն է գնում։ Եվ երբ այդ մարդը 30 անգամ դասական երաժշտություն է լսում, 31-րդ անգամ արդեն սկսում է սիրել այդ երաժշտությունը։ Իսկ մեզ մոտ խախտված է «էլիտա» հասկացությունը, մենք չգիտենք՝ ովքե՞ր են կազմում մեր էլիտան։ Եթե ընդունում ենք, որ այն, ինչ ունենք, էլիտա է, ապա բնական է, որ այդ «էլիտար» մարդկանց 99%-ը արվեստ չի սիրում ու չի ընդունում այն։ Միգուցե նրանք ուրիշ տեղերում արտակարգ գործեր են անում, բայց նրանք երբեք արվեստում մոդա թելադրող չեն դառնա։ Իսկ արտասահմանում հակառակն է։ Կարծում եք՝ Ռոքֆելերը մեծ էրուդիտ ու ինտելեկտուա՞լ է եղել։ Ոչ, նա պարզապես զարգացել է ու իր անունը բարձրացնելու համար օգնել է «Մետրոպոլիտեն» օպերային ու Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Նա կամաց-կամաց հասկացել է, որ արվեստը լավ բան է, ու իր երեխաներին սովորեցրել է դասական երաժշտություն լսել։

– Չկա՞ն մարդիկ, որոնք արվեստին աջակցելով՝ իրենք իրենց «PR» անելու ցանկություն կունենան։

– Մեզ մոտ առայժմ այդպիսի մարդիկ չկան։ Շատ մեծահարուստներ, օլիգարխներ օգնում են սպորտին, ինչի շնորհիվ էլ մենք փայլուն ձեռքբերումներ ունենք։ Իհարկե, մենք դժգոհելու պատճառ չունենք, քանի որ մեզ պետությունը ու անձամբ Հայաստանի նախագահը շատ է օգնում։ Եթե պետությունը չլիներ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը չէր լինի ու այսպիսի լայն գործունեություն չէր ծավալի։

– Իսկ երբեւիցե եղե՞լ է, որ ենթադրյալ փոփ-աստղ Վարդգեսիկը (դա Ձեր ստեղծած անունն է) գա դասական համերգ լսելու, իսկ բոլոր լրատվամիջոցները լուսաբանեն նրա այդ քայլը։

– Վարդգեսիկներին դասական երաժշտությունը չի հետաքրքրում, նա երաժշտության հետ կապ չունեցող տարր է։ Եվ ես նրան օգտագործել չեմ պատրաստվում։

– Իսկ Դուք թատրոն գնո՞ւմ եք։ Գիտե՞ք, ի՞նչ են բեմադրում։

– Թատրոն գնում եմ, բայց քիչ ու առանց աղմկելու։ Ընդհանրապես այնքան ժամանակ, մինչ նախանձն ու իրար նկատմամբ ցուցաբերած լարումը չվերջանա, մենք արդյունքներ չենք ունենա։ Հիմա բոլորն իրար դեմ են, իրար վրա «կեղտ» են լցնում։ Մենք չունենք նաեւ լուրջ քննադատություն, թերթերը ինչ ուզում՝ գրում են, ցանկացած մաղձ թափում են թերթի էջերից։ Եվ մինչեւ թերթերում արվեստի մասին գրագետ կարծիք հայտնող մարդիկ չհայտնվեն, մենք մեր արածը վերլուծել չենք կարողանա։

– Չե՞ք նկատել, որ տարբեր ռեժիսորներ կամ կոմպոզիտորներ իրար շնորհավորում են պրեմիերայի առիթով, իսկ հետո շրջվում են ու ասում՝ շատ վատ էր, բայց դե հո չէի՞ կարող դա ասել ուղիղ նրա երեսին։

– Նման դեպքեր շատ կան, ու դա շատ ցավալի է։ Դա ամենավատ բանն է, ընդհանրապես մեզ մոտ քննադատություն չկա։ Եթե մեկին քննադատում ես ու ասում, որ կարելի էր ավելի լավ անել, այդ մարդը քեզնից վիրավորվում է։ Կամ էլ սկսում է քեզ հետ պատերազմել։ Ես ղեկավարում եմ 150 մարդուց բաղկացած մի կոլեկտիվ ու գիտեմ, որքան դժվար գործ է դա։ Եվ հենց որեւէ մեկին նկատողություն ես անում կամ մրցույթ ես հայտարարում, որտեղ մի քանի մարդ է մասնակցում, բայց հաղթում է մեկը, միանգամից պրոբլեմներ ես ունենում։

– Ասացիք, որ նաեւ հայ կոմպոզիտորների գործերի կատարման ժամանակ են խնդիրներ լինում։

– Եթե մենք հիմա 20 հայ կոմպոզիտորներ ունենք, ու նրանցից որեւէ մեկի գործն ենք կատարում, ապա դահլիճում երբեք չես տեսնի մնացած 19 կոմպոզիտորներին։ Ամեն մեկը կարծում է, որ միայն իր գործն է արժանի կատարման։ Մինչդեռ, եթե ժամանակակից կոմպոզիտորները գան իրար գործերը լսելու, ես գոնե կիմանամ, որ լուրջ ունկնդիր ունեմ, եւ հետո այդ ունկնդիրը կկարողանա վերլուծել համերգը։ Ես կուզեի, որ մեր կոմպոզիտորները միմյանց համար թիկունք լինեին ու մտածեին՝ այսօր ես եմ, իսկ վաղը՝ դու ես։ Ոչ, յուրաքանչյուրը համոզված է, որ միայն ինքն է լավը, ու բացառում է մյուսներին։ Մենք սովոր ենք ամեն ինչում պետությանը մեղադրել, մինչդեռ եղած իրավիճակի մեղավորը հենց մենք ենք։ Ես, օրինակ, միշտ հիանում էի եվրոպական ավտոբուսային կանգառներով, որոնք շատ գեղեցիկ ու հարմար են։ Վերջերս նկատեցի, որ մեր քաղաքում էլ են նման գեղեցիկ կանգառներ կառուցվել, եւ ի՞նչ… Մի քանի օր հետո կանգառի նստարաններն ու ապակիները կոտրեցին ու ծռեցին։ Եվ պետք չէ մեղավորներ փնտրել, մեղավորները հենց մենք ենք, ու մեզնից պետք է սկսել «մաքրումը»։ Պետք է հասկանալ, որ մեքենայի պատուհանից շշեր թափել չի կարելի։ Չի կարելի ու վերջ։ Շիշ շպրտողը կարծում է, որ մեծ հերոսություն է անում, նրան փոքր ժամանակ չեն սովորեցրել, որ դա չի կարելի անել։ Եվ էլի խնդիրը հանգում է ընտանիքին։ Ես ինքս շատ աշխույժ երեխա ունեմ, բայց նրան սովորեցնում եմ, որ այդպես չի կարելի, ու նա դա հասկանում է։ Ընդհանրապես սեփական անհաջողությունների մեջ ուրիշին մեղադրել չի կարելի։

– Կարո՞ղ եք օրինակ բերել մի մեծահարուստի, ով կանոններով է մեքենա վարում, շշեր չի շպրտում ու դասական երաժշտություն է սիրում։ Որպեսզի երեխան իմանա, որ կրթված մարդիկ են փող ունենում ու այդ փողը իրենց համար ամենաթողության նշան չէ։ Չէ՞ որ դա էլ կարող է մոդա համարվել։

– Իմիջիայլոց, հիմա կան կրթված հարուստներ, որոնց հետ խոսում ես ու հիանում ես նրանց ինտելեկտով։ Անձամբ ես ուզում եմ նրանց հաճախ հանդիպել։ Եվ ոչ միայն նրանցից ինչ-որ բան ուզելու, այլ՝ պարզապես զրուցելու համար։